Էլեկտրաէներգիայի դիմաց ձևավորված և դեռևս չվճարված պարտքերը կնվազեցվեն հարկման բազայից
2016 թվականի հուլիսի 21-ին ՀՀ կառավարության նիստում ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N2052-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ` բնակչությանը էլեկտրաէներգիա մատակարարող կազմակերպությանը հնարավորություն է տրվել նախորդ տարիներին ֆիզիկական անձ բաժանորդներին մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց ձևավորված և դեռևս չվճարված պարտքերը համարել անհուսալի պարտքեր և նվազեցնել հարկման բազայից: Այսինքն, որոշմամբ ՀՀ կառավարությունը չվճարված հարկերի չափով իր վրա է վերցնում նախորդ տարիներին ֆիզիկական անձ բաժանորդներին մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց ձևավորված պարտքերից ընկերության մոտ առաջացող կորուստները: Ընդունված որոշումը, մասնավորապես, տարածվում է այն ֆիզիկական անձ բաժանորդների վրա, որոնք ստացված էլեկտրաէներգիայի դիմաց ժամկետանց պարտք ունենալուց հետո մեկ տարվա ընթացքում վճարում չեն կատարել և նոր էլեկտրաէներգիա չեն սպառել, կամ անվճարունակ են ճանաչվել կամ մահացել են: Միաժամանակ, որոշման ընդունումը նշանակում է, որ բնակչությանը էլեկտրաէներգիա մատակարարող կազմակերպությունը նախորդ տարիներին ֆիզիկական անձ բաժանորդներին մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց ձևավորված և դեռևս չվճարված պարտքերը հարկման բազայից նվազեցնելու համար այլևս ստիպված չի լինի ֆիզիկական անձանցից պարտքերը բռնագանձելու համար հայցադիմումներ ներկայացնել դատարան:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին