կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-07 15:15
Քաղաքական

Եկեք` անձը տանձից տարբերենք. Վարդան Այվազյան

Եկեք` անձը տանձից տարբերենք. Վարդան Այվազյան

Պետք չէ նոր կառավարության անդամներին, դեռ չեկած, միանգամից վարկաբեկել, նրանց վրա ցեխ շպրտել ու ասել, թե ոչ մի լավ բան չեն անելու. այսօր լրագրողներին ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը' հավելելով, թե ինքն արդեն 20 տարուց ավելի է, ինչ քաղաքական դաշտում է, ու ամենաանպաշտպան, ամենավարկաբեկված մարդիկ դարձել են քաղաքական գործիչները:

 

Նոր կառավարության դրական քայլերին ականատես լինելու համար, հորդորեց նա, դեռ գոնե հարյուր օր արժե համբերել: «Հլա չմտած' վարկաբեկում ենք, չի կարելի, որ մարդն ի սկզբանե բացասման միջոցով գնա»,- նշեց Այվազյանը և վստահություն հայտնեց, որ այս նոր կառավարությունը շատ ավելին է անելու, քան որեւէ այլ կառավարություն:

 

Այնուհետև նա անցավ նոր կառավարության որոշակի քայլերին` ըստ նրա` դրական «սիգնալներին»` նշելով, որ որակ է փոխվել կառավարության դիրքորոշման մեջ, առանցք, քանի որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր առաջին ելույթով հայտարարեց, որ նոր կառավարության գերնպատակը լինելու է քաղաքացու բարեկեցությունը: «Ոչ թե տնտեսական աճը, բյուջեի ապահովումը եւ այլն, սրանք բոլորը ածանցյալներ են, այլ հենց ազգաբնակչության բարեկեցությունը, ու բոլոր ածանցյալները ծառայելու են այս նպատակին: Սա լա՞վ բան է, թե՞ վատ»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:

 

Այնուհետեւ նա սկսեց թվարկել նոր կառավարության երեք կարեւորագույն դրական քայլերը: Դրանցից մեկը շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխության նախաձեռնությունն է, ըստ որի` մինչեւ 10 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողները պետք է ազատվեն հարկից, իսկ մինչեւ 53 միլիոն ունեցողների համար հարկային դրույքաչափը կիջեցվի մինչեւ 1 տոկոս, թեեւ դեռ քննարկվում է մինչեւ 30 միլիոն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար զրոյացնել այս հարկատեսակի դրույքաչափը:

 

«140 հազար գրանցված տնտեսվարողներից 80 հազարն են ակտիվ, իսկ դրանցից 58 հազար 600-ը հենց կազմում են մինչեւ 53 միլիոն շրջանառություն ունեցողները: Ընդ որում' մնացած 22 հազար բիզնեսներն ապահովում են հարկային մուտքերի 99 տոկոսը, եւ միայն 1 տոկոս հարկերն են հավաքագրվում այս 58 հազար տնտեսվարողներից, սրանք, այսպես ասած, օրվա հաց աշխատողներն են: Հիմա ուզում ենք նրանց այս հարկից ազատել, վա՞տ բան ենք անում»,- հարցրեց Վարդան Այվազյանը:

 

Նրա ընդդիմախոս Անահիտ Բախշյանը նշեց, թե այդ դեպքում խնդիրներ կառաջանան` աշխատավարձերի, թոշակների վճարման հետ կապված, ինչին էլ Վարդան Այվազյանը հակադարձեց. «Եկե'ք` անձը տանձից զատենք»: Ըստ նրա` եթե այդպես լինի, կասեն' վատ է, բայց մինչ այդ պետք է ասել, որ լավ բան է արվում:

 

Վարդան Այվազյանը երրորդ դրական «սիգնալն էլ» պարտադիր աուդիտի պահանջի վերացումն է համարում, քանի որ այդ դեպքում տնտեսվարողն անիմաստ գումար է վճարում աուդիտորին:

 

«Ենթադրենք ես կոշիկ եմ արտադրում ու մի հատ 500 միլիոնանոց հաստոց ունեմ: Եթե պետական գնումներին չեմ մասնակցում, ինչո՞ւ պետք է ամեն տարի պարտադիր աուդիտ անցկացնեմ, որ աուդիտորը գա ու հաստատի, որ իմ ստանոկը 500 միլիոն արժե...»,- այս առումով էլ նշեց Այվազյանը:

 

Անահիտ Բախշյանի արձագանքին'  իսկ եթե վատ լինի, Այվազյանը պատասխանեց, որ եթե իր նշած ծրագրերը չիրականացվեն, ինքը դիմում կգրի ու իր պաշտոնից կհրաժարվի' նկատի ունենալով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: