|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի պրեմիերան:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ավետիսյանը նշեց, որ ֆիլմը երեք մասից է բաղկացած, այն ներկայացնում է երեք պատանիների՝ Արամի, Աստղիկի և Թևանիկի ճակատագրերի դրամատիկ պատմությունը:
«Պատերազմի տարիներին ես 10 տարեկան էի: Բնականաբար, ես պատերազմը չեմ տեսել, բայց դրա հետևանքներն եմ կրել: Պատերազմն ինձնից իմ մանկությունն է խլել` այդ տարիներն անցկացրել եմ նկուղում, մոմի լույսի տակ: Մայրս ինձ համար գիրք էր կարդում, իսկ ես սպասում էի, թե երբ են հայրս ու եղբայրս վերադառնալու կռվից: Այսինքն` ֆիլմում պայմանական վայր ու ժամանակ է ընտրված, սակայն այն, այո, իրական հիմքեր ունի»,- ասաց ռեժիսորը:
Ըստ նրա` իր նպատակ էր ստեղծել ֆիլմ, որը խաղաղության մասին է և դատապարտում է պատերազմը:
Ի դեպ, ֆիլմը ստեղծվել է Առնոլդ Աղաբաբովի «Թևանիկ» կինոսցենարի հիման վրա, որը շարունակել է Կարինե Խոդիկյանը: Խոդիկյանը հավաստիացնում է` Աղաբաբովի սցենարն անխաթար է թողել, և այն դարձել է մեկ նովել, միայն հերոսուհիներից մեկը դարձել է երկրորդ նովելի գլխավոր դերակատարը:
«Հերոսներից յուրաքանչյուրն ընդհանրական կերպար է, նրանք մի ամբողջ սերնդի պատմություն են ներկայացնում: Աշխարհի հետ խոսելու համար անհրաժեշտ է կարողանալ մեկ մարդու պատմությունը ցույց տալ»,- ասաց Խոդիկյանը:
Ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվելու է` մայիսի 6-ից սկսած: