կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-14 17:16
Մշակույթ

«Թևանիկ» ֆիլմի պրեմիերան` մայիսի 5-ին

«Թևանիկ» ֆիլմի պրեմիերան` մայիսի 5-ին

Մայիսի 5-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվելու է` մայիսի 6-ից սկսած:

 

Ըստ ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի` ֆիլմը երեք մասից է բաղկացած, այն ներկայացնում է երեք պատանիների՝ Արամի, Աստղիկի և Թևանիկի ճակատագրերի դրամատիկ պատմությունը, որոնց միջոցով ռեժիսորը փորձել է պատմել պատերազմական իրավիճակում հայտնված հայկական փոքրիկ գյուղի մարդկանց, նրանց սիրո և անձնազոհության մասին:

 

«Ես այդ մարդկանց տեսել եմ, նրանց հետ ապրել եմ: Նրանք ինձ հարազատ են, և հույս ունեմ, որ այդպիսին դառնալու են նաև հանդիսատեսի համար: Եթե մի բառով ասեմ` ֆիլմն ափսոսանքի մասին է, չհասկանալու, ուշանալու, չգնահատելու և կորցնելու ափսոսանքի մասին»,- ասում է նա:

 

Ֆիլմի նյութը պատերազմական գոտում հայտնված հայկական գյուղի մեկ օրվա կյանքն է: Թեև առօրյա խաղաղ կյանքը փոխվել է, բայց մարդիկ դեռևս դժվարանում են ըմբռնել պատերազմական իրավիճակի ողբերգականությունը: Նրանք չեն էլ հասցնում դա անել, քանզի դեպքերը զարգանում են թավագլոր արագությամբ: Եվ մինչ ֆիլմի հերոսները կտրուկ փոփոխվող իրադրության մեջ փորձում են վերաարժեւորել իրենց հարաբերություններն ու իրենց վարքագիծը` դեպքերի դրամատիկ զարգացումով հայտնվում են այնպիսի խնդիրների առաջ, որոնք խաղաղ առօրյայում երբեք չէին առաջանա:

 

Ֆիլմն արտադրել է «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը` Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արթբոքս» կինոընկերության հետ համատեղ: Այն ստեղծվել է Առնոլդ Աղաբաբովի «Թևանիկ» կինոսցենարի հիման վրա, որը շարունակել է Կարինե Խոդիկյանը: Երաժշտությունը գրել է Յոնաս Յուրկունասը, բեմադրող օպերատորն է Նարեկ Մարտիրոսյանը, բեմադրող նկարիչը` Անտոն Քեշիշյանը: Ֆիլմի պրոդյուսերներն են Մասիս Բաղդասարյանը, Գևորգ Գևորգյանը և Կեստուտիս Դրազդաուսկասը: Նկարահանումները տեղի են ունեցել Արցախի Պատարա և Խաչեն գյուղերում:

 

Ջիվան Ավետիսյանը պատրաստվում է ֆիլմը ներկայացնել Կաննի 67-րդ փառատոնի կինոշուկայում: