կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-03 20:00
Արցախ

«Թևանիկ»-ն ընդլայնում է բարեգործական ծրագրերի իրականացումն Արցախում

«Թևանիկ»-ն ընդլայնում է բարեգործական ծրագրերի իրականացումն Արցախում

Թեհրանի «Թևանիկ» բարեգործական կազմակերպությունը գործում է 2014 թվականից և Արցախում իրականացնում է մի շարք ծրագրեր:

Թեհրանի  «Թևանիկ»  բարեգործական  կազմակերպությունը     մի  շարք  ծրագրեր  է  իրականացնում   Արցախում (լուսանկարներ)

Այս  մասին «Արցախպրես»-ի թղթակցի  հետ  զրույցում  ասել է  կազմակերպության  ղեկավար   Իվետ Դանիելյանը, ով  իր  խմբով  այս  օրերին ճանաչողական  այցով գտնվում  է  Արցախում:

Նրա  խոսքով՝   կազմակերպությունն  իր  գործունեությունն  սկսել  է մանկապարտեզներին  և  սահմանամերձ  շրջանների  բնակիչներին     հագուստներ  և  խաղալիքներ  տրամադրելով:
«Տարիների  ընթացքում  մենք  ընդլայնել ենք  մեր   գործունեության  շրջանակները: Աշխատանքներ ենք  իրականացնում  տարբեր  ոլորտներում, որոնցից  հատկապես կարևորում  ենք  Արցախի  կանանց  զբաղվածության   խնդրի  լուծման  հարցը:  Կարծում եմ՝ այստեղ ապրող  կանայք  պետք է  ծանոթ  լինեն    շուկայական   հնարավորություններին, առավել  ևս  շուկայի  պահանջարկին: 2016-17 թվականներին  Ստեփանակերտում  և  Շուշիում մենք ձեռքի  աշխատանքների  դաասընթացներ  ենք  կազմակերպել, որի ընթացքում  մի  խումբ  կանայք  սովորել և  պատրաստել են  գեղեցիկ  արդուզարդեր:  Պատրաստի ապրանքները  մենք   վաճառել  և  գումարները  տրամադրել  ենք   իրենց: Զբաղվում ենք  նաև   գյուղատնտեսության զարգացման  հարցերով, որի  շրջանակներում  հիմնական  շեշտը  դնում  ենք մեղրի արտադրությանն  ու   վաճառքին: Ասեմ  նաև, որ  2017  թվականին  Ասկերանի   շրջանի  Ուղտասար  համայնքին   ենք  տրամադրել    պտուղ   չորացնելու  սարք, որի  միջոցով   օրական չորացվում  է  1  տոննա  միրգ: Ի  ուրախություն  բոլորիս,  համայնքի բնակիչներն արդեն   շուկա  են  հանել  չորացրած  մրգեր»,-մասնավորապես  ասել  է  Ի. Դանիելյանը:
Խոսելով  այլ  ծրագրերի  մասին՝   մեր զրուցակիցն  ավելացրել  է, որ  իրենք    նյութապես    օժանդակել  են պատերազմի   ժամանակ զոհված  և վիրավորված  զինծառայողների, ինչպես  նաև  բազմազավակ ընտանիքներին. այդ   ծրագիրը  կրելու է  շարունական  բնույթ:

Բացի   դրանից   կազմակերպությունն  աջակցել  է  նաև Արցախի  կրթական  ոլորտին, մասնավորապես,  2018  թվականին  Ստեփանակերտի  Քրիստափոր  Իվանյանի  անվան   ռազմամարզական  վարժարանին    և  Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջին  նվիրել են համակարգիչներ: Նախատեսում  են, որ     տարվա ընթացքում  շուրջ  100  համակարգիչ   էլ   կնվիրեն  ԱՀ  գյուղական  դպրոցներին:


«Մենք սկսել ենք իրականացնել նոր ծրագիր՝ ներգրավելով  առողջապահության  բնագավառի մի  շարք  մասնագետների, ովքեր  կարող  են  իրենց  ունեցած  փորձը  փոխանցել արցախցի    գործընկերներին: Մեր այս այցի  ընթացքում  Արցախ են  եկել  մի խումբ   ատամնաբույժներ, ովքեր «Ձեռք   ձեռքի»  հասարակական  կազմակերպության  ներկայացուցիչների  հետ  միասին   աշխատել  են  Ստեփանակերտի  «Դենտաքս Դենտալ  գրուպ»  բժշկական  կենտրոնում:  Այցելել   ենք  նաև Ստեփանակերտի  հանրապետական   բժշկական  կենտրոն,  ինչպես  նաև  Շուշիի  և  Ասկերանի    բուժկենտրոններ, և  տեղում  ծանոթացել    առկա   պայմաններին  ու  հնարավորություններին: Խմբի   բժիշկ-մասնագետներից  մեկը   հանրապետական   բժշկական  կենտրոնում  հանդես  է  եկել   բժիշկ-այցելու  հարաբերությունների  մասին դասախոսությամբ»,-ավելացրել  է կազմակերպության  ղեկավարը:



Հարցին, թե  ինչպես  է  ընտրվել  իրենց  կազմակերպության  անվանումը, մեր զրուցակիցը  պատասխանել  է, որ  իրենց      գործունեության  սկիզբը   համընկել է    արցախցի կինոռեժիսոր  Ջիվան  Ավետիսյանի   «Թևանիկ»  ֆիլմի   նկարահանումներին, որն  էլ  պատճառ  է  հանդիսացել, որ   իրենց  հիմնադրած  կառույցը  ևս  կրի  «Թևանիկ»   անունը: