կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-06 13:50
Մշակույթ

«Թևանիկ». երբ մտածում ես ոչ թե մեռնելու, այլ ապրելու մասին

«Թևանիկ». երբ մտածում ես ոչ թե մեռնելու, այլ ապրելու մասին

-Հրամանատար, իսկ դու չե՞ս վախենում:

-Չէ՛:

-Իսկ մտածե՞լ ես մահվան մասին:

-Չէ՛, ես ապրելու մասին եմ մտածում:

 

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ստեղծվել է Առնոլդ Աղաբաբովի «Թևանիկ» կինոսցենարի հիման վրա, որը շարունակել է Կարինե Խոդիկյանը:

 

Կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ, ի տարբերություն մինչեւ հիմա նկարահանված ֆիլմերի, որոնք պատերազմի թեմայով են, առնչությամբ կամ ինչ-որ տարեթվի կապակցությամբ, Ջիվան Ավետիսյանի ֆիլմը Արցախյան պատերազմի մասին է:

 

«Ես հիացած եմ Ջիվանով` որպես անձի ու արվեստագետի, իր խորությամբ, համեստությամբ ու տեսակով: Հանդիսատեսը կտեսնի վերջապես իսկական ֆիլմ, հետաքրքիր ու պրոֆեսիոնալ, իսկ պրոֆեսիոնալ ֆիլմ ասվածը, կարծես թե, մոռացել ենք, ինչ է, քանի որ ազգովի տարված ենք սիրողականության մեջ: Պրոֆեսիոնալ ասելով` նկատի ունեմ ֆիլմ, որտեղ կա դերասանի` վարպետությամբ խաղ, հետաքրքիր դրամատուրգիա, օպերատորական աշխատանք, ով փորձում է ոչ միայն արձանագրել, այլ ստեղծել ճշմարիտ մթնոլորտ, ռեժիսուրա: Ջիվանը հավատարիմ է մնացել իր արյան կանչին, իր նախնյաց հիշատակին և այն հողին, որտեղ ծնվել է: Այս ամենն ինձ համար կոչվում է հայրենասիրություն, որը ոչ թե բառերով, այլ գործով են ապացուցում»,- ասաց Չալդրանյանը:

 

Ըստ նրա` «Թևանիկը» հայրենասիրական ու ազնիվ ֆիլմ է` պատերազմի թեմատիկայով, բայց` սիրո մասին:

 

Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանն էլ իր հերթին նշեց, որ ֆիլմը հուզիչ էր, և ողջունելի է, որ Ավետիսյանն այսքան կարճ ժամանակահատվածում կարողացավ ավարտել ֆիլմի նկարահանման աշխատանքները, քանի որ նման թեմատիկայով ֆիլմը տարիների աշխատանք է պահանջում:

 

«Այսքան կարճ ժամանակահատվածում ավարտել այն և ստանալ այսպիսի մեծ աշխատանք` հերոսություն եմ համարում: Ջիվանը մի քանի տարի է` կինոյի ոլորտում հրաշալի է աշխատում, և բոլոր կինոսերները օգնում են նրան, քանի որ գիտեն, որ կա մի բորբոքված հոգի, ով ցանկանում է ֆիլմ նկարել: Սա արդեն գործի կեսն է, քանի որ կինո հիմնականում չեն սիրում նկարել, բայց սիրում են քաղել նրա պտուղները»,- ասաց Խաչատրյանը:

 

Ի դեպ, ֆիլմն այսօրվանից ցուցադրվում է «Մոսկվա» կինոթատրոնում: