կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-07 10:16
Հասարակություն

«Թեւանիկ»-ի ներկայացուցիչներն` Արցախում

«Թեւանիկ»-ի ներկայացուցիչներն` Արցախում

Հունիսի 3-6-ը Արցախում էին «Թեւանիկ» բարեսիրական խմբի ներկայացուցիչները: Նրանց ուղեկցում էր Արցախի Հանրապետության «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ռիտա Մնացականյանը: Հերթական այցի ընթացքում «Թեւանիկ» խմբի կողմից Արցախի Ասկերանի շրջանի Լուսաձոր, Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր, Կիչան և Հայկաջուր համայնքների դպրոցներին են հանձնվել համակարգիչներ, տպիչ և այլ սարքավորումներ, սպորտային պարագաներ:

Դպրոցներն ընտրվել են ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ համատեղ, ծրագիրը շարունակական բնույթ է կրելու:

Համակարգիչներ և համապատասխան սարքավորումներ են տրամադրվել նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանին:

«Թեւանիկ» խմբի պատասխանատու Իվետ Դանիելյանը նշել է, որ արդեն 4 տարի Արցախում աշխատանք են տանում, որին այս տարի միացել է նաև «Արմենֆոնդ»-ը: «Մենք աշխատում ենք տարբեր բնագավառներում օգտակար լինել Արցախի ժողովրդին: Այս միջոցառումն արել ենք, որովհետև մեր համար կարևոր է, որպեսզի Արցախում լավ մասնագետներ դաստիարակվեն և խրախուսվեն այն մասնագիտությունները, որոնք Արցախի համար կարևոր են»,- ասել է Իվետ Դանիելյանը: Նա նաև ավելացրել է, որ Սփյուռքը կիսում է արցախցու հոգսերը. «Ուրիշ տեղ ապրելը, ուրիշ երկնքի տակ ծնվելն արգելք չի հանդիսանում մեր առօրյայում մտահոգվել և կիսվել հայրենիքի հոգսերով: Ու ձգտում ենք համահայկական մտածողությամբ օժանդակել երկրի խնդիրների վերացմանը, ունենալ զարգացած և ուժեղ հայրենիք»:

Այցի ընթացքում իրագործվել է «Թևանիկ»-ի ծրագրերից ևս մեկը. որոշ բազմազավակ սոցիալապես անապահով ընտանիքների ցուցաբերվել է նյութական աջակցություն:

aparaj.am