Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 25-26-ը Արցախի Մարտունու և Հադրութի շրջանների զորամասեր և սահմանամերձ որոշ մանկապարտեզներ են այցելել Իրանում գործող «Թևանիկ» խմբի, Հայ Օգնության Միության Արցախի միավորի, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության մի խումբ անդամներ: Նպատակը առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների համար նախատեսված վերարկուները, կոստյումները և մանկապարտեզների սաների համար պատրաստված նվերները հանձնելն էր:
Արցախի սահմանը անառիկ պահող զինծառայողների համար ուղարկված հագուստը Իրանում ապրող հայ արհեստավորների ձեռքի աշխատանքն է: «Այն «Հակոբյան» գործարանի կողմից տրամադրվել է «Թևանիկ» խմբին, որը ՀՕՄ-ի Արցախի կառույցի միջոցով մենք երկու օրվա ընթացքում հանձնեցինք Արցախի զինծառայողներին»,- «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է «Թևանիկ» խմբի անդամ Րաֆֆի Զարիֆյանը:
«Մենք գլուխ ենք խոնարհում բոլոր զինծառայողների առաջ: Մենք կամ աշխարհի որևէ ծայրում ապրող հայերը ինչ էլ անենք, մեր արածը ոչինչ է այն ամենի հանդեպ, ինչ անում են զինվորները, որովհետև մեր երեխաները, թոռները նրանց շնորհիվ են կարողանում ազատորեն խաղալ»,- զինծառայողների հետ հանդիպմանն ասել է ՀՅԴ ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության, ՀՕՄ-ի Արցախի միավորի անդամ Ռիտա Մնացականյանը:
Հադրութ քաղաքի և Առաքել գյուղի մանկապարտեզներին են հանձնվել խաղալիքներ և այլ նվերներ:
Առաքել գյուղի մանկապարտեզի տնօրեն Նուշիկ Ղահրամանյանը շնորհակալություն է հայտնել նվերների համար՝ նշելով, որ գյուղը հիմնադրման օրվանից ի վեր միշտ զգացել է Սփյուռքում ապրող հայերի աջակցությունը:
Բացի վերանշյալից, Բանակի օրվա առիթով ՀՕՄ-ի Արցախի կառույցը մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների երեխաներին է հանձնել «Թևանիկ» խմբի կողմից ուղարկված կապոցները և Ավստրալիայում ապրող բարերարի տրամադրած դրամական պարգևները: