Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որպես Արարատի մյուս կողմում ծնված մարդ` այդ լեռանը նայելիս չգիտեի, որ դրա հետևում կա այսքան վիշտ, կարոտ և ողբերգություն:
1915 թվականը ստերով կոծկած այս երկրի ազնիվ քաղաքացիներից համարվող` ընտանիքիս անդամները ո’չ մեր մանկության, ո’չ էլ երիտասարդության ժամանակ չէին պատմել, թե այս հողերում , որի վրա մենք ոտք ենք դնում, ինչեր են կատարվել: Իհարկե` ոչ միայն նրանք:
Իրականությունը գորգի տակ պահող, հայերի անունը չարտասանողները, ովքեր Ցեղասպանության ընթացքում նրանց ունեցվածքն ու ոսկեղենն էին փնտրում, իրենց զավակներին նույնպես լռության մատնեցին: Մեզ մոտ ընդունված էր` ծնողի պարտականություն ասելիս հասկանում էինք երեխաներին նույնպես այդ լռությունը ժառանգելը:
Ո՞ւմ ոսկեղենը
Մանկությանս մառախլապատ հիշողություններից մեկը…Ամառները Տատվանում «ծով» մտնելու համար Վանա լիճ էին գնում: Սակայն լճափում ընթացող աշխատանքների պատճառով ջուրն այնքան էլ մաքուր չէր: Այդ պատճառով քեռիս ինձ ու զարմիկիս տանում էր դեպի Ախլաթ: Մի օր, դարձյալ Ախլաթի ճանապարհին, հողը փորող տղամարդկանց մի խումբ տեսա: «Քեռի, այս մարդիկ ի՞նչ են անում»,-հարցրեցի:
Սկզբում քեռիս նրանց նայեց, ապա, շրջվելով ինձ, ասաց. «Ոսկի են փնտրում»: Երեխայական հետաքրքրությամբ «ո՞ւմ ոսկիները» ասացի:
Մի քանի րոպե լռությունից հետո մի անգամ ևս դեմքիս նայեց ու քար լռությամբ շարունակեց վարել մեքենան:
Ահա այդ լռության իմաստը՝ 20 տարեկանից հետո հազիվ հասկացա, որ 1915 թվականին իմ ծնված հողերում հայերի դեմ իրագործվել են սպանություններ, տեղահանություններ, բռնաբարություններ և կոտորածներ: Այդ լռությամբ մեծացողները մեզ ևս նույն լռության մատնեցին: Իրենց ուսերին դրված այս ծանր «աղրըն» (բեռը, ցավը, վիշտը) առանց ամաչելու և երկմտելու մեր ուսերին բարձեցին, և մենք նույնպես լռության մատնվեցինք: Այնուհետև այդ «աղրըն» մեծացավ, մեծացավ ու այնքան, որ մեզ գետինը մտնելու հասցնող ամոթի վերածվեց:
Այս տողերը Երևանից եմ գրում: Իսկ պատճառն ամեն անգամ պատշգամբ դուրս գալիս, փողոցում քայլելիս, խանութում, նպարավաճառի մոտ, ակումբում կամ սրճարանում Արարատը տեսնելն է….Հենց անցանք Իրանի սահմանն ու շարժվեցինք դեպի Երևան տանող ճանապարհով, վարորդը սեղմեց նվագարկչի կոճակն ու միացավ Արտո Թունջբոյաջյանի «Արարատը»…
Վեց ժամվա ընթացում չեմ հիշում՝ քանի անգամ լսեցինք, բայց ամենատարօրինակը Արարատի կողքով անցնելիս լսելն էր: Մեկ բառ անգամ թուրքերեն չիմացող վարորդի հետ ամբողջ ճանապարհին չխոսեցինք, սակայն երգի բառերը երկուսով էինք արտասանում: Չէր իմանում, որ թուրքահպատակ եմ, ես էլ չասացի: Բայց երբեմն նայում էր աչքերիս և, թվում է, վստահ էր՝ ստում եմ (կամ ես ամոթից այդպես էի զգում): Չնայած այդ ամենին` շարունակեցինք մեր ճանապարհը՝ առանց որևէ տհաճությունների՝ երգը միասին երգելով…
Ամենուրեք Արարատ
Երբ հասնում եք Երևան, ավելի լավ եք հասկանում, որ Արարատն ամենուրեք է՝ խմած ջրում, կոնյակում, պանրի տուփի մեջ, ձեր այցելած ակումբում, շուկայում, հուշանվերների վրա…Իսկ ամենաշատը՝ մարդկանց դեմքերին…Արարատն ամենուրեք է և Հայաստանի հայերի համար՝ լեռից ավելի…Արարատը բոլորի համար արդեն վաղուց հատել է սահմանը: Այս լեռանը նայող հայերի միակ տեսածը այնտեղ մնացած հողերն ու իրենց հետևում դրանք ստիպողաբար թողածներն են:
Պատմության ընթացքում թուրքերի արած 3-4 լավությունից մեկը Արարատին «Աղրը», այսինքն՝ վշտի լեռ ասելն է: Քանի որ այստեղ և այնտեղ մի լեռ կա` վիշտ կա… Դրա մասին բարձրաձայնելը, դրա հետ հաշտվելն ու դրա մասին խոսելը շատ դժվար է…
Բաուեր Չաքըր
Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի