կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-27 18:20
Առանց Կատեգորիա

Երբ սելի փոխարեն սելվորն է ճռռում

Երբ սելի փոխարեն սելվորն է ճռռում

Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը խորհրդարանում դարձել է դարի հարցը: Օմբուդսմենի գործունեությունն անխնա քննադատում են ինչպես, այսպես կոչված, արմատական ընդդիմության ներկայացուցիչները, այնպես էլ իշխանությունը: Ընդ որում` վերջինս զեկույցը քարուքանդ է անում գրեթե ողջ կազմով` շատ պարզ ցույց տալով, որ նպատակը ոչ թե ներկայացված զեկույցի բովանդակությունը համակողմանի քննարկելն է, այլ օմբուդսմենին ուղղակի պախարակելու, բարոյապես ոչնչացնելու քաղաքական կոնկրետ խնդիրը լուծելը:

Թե ինչո՞վ է բացատրվում այս երևույթը, ո՞վ և ինչ՞ւ է այդ քաղաքական խնդիրը դրել խորհրդարանական մեծամասնության առջև, էական չէ: Էականն այն է, որ եթե զեկույցը և անձամբ օմբուդսմենին որոշել են քննադատել թե’ իշխանությունը և թե’ ընդդիմությունը, նրանից հավասարապես դժգոհ են թե’ իշխանությունը և թե’ ընդդիմությունը, նշանակում է՝ Կարեն Անդրեասյանը մեծ հաշվով աշխատել է նորմալ, ներկայացրել է հավասարակշռված զեկույց և, ամենակարևորը, զերծ է մնացել համակողմանի քաղաքական ազդեցությունների գերին դառնալուց:

Այս հանգամանքը էական է, առաջին հերթին, սահմանադրական փոփոխությունների ներկաիս գործընթացի և խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու տեսանկյունից: Խնդիրն այն է, որ օմբուդսմենին իր անկախ կարգավիճակը պահպանել հաջողվել է հատկապես այն պատճառով, որ, նշանակվելով խորհրդարանի կողմից, կաշկանդված չէ նույն խորհրդարանի կողմից ետ կանչվելու ռիսկով և գործում է օրենքով սահմանված ժամկետներով: Այս տրամաբանությունն է ընկած նաև դատական համակարգի մի քանի առանցքային պաշտոնների նշանակման` սահմանադրական փոփոխություններով առաջարկվող սխեմայի հիմքում: Եվ այդ տրամաբանությունը հստակ ցույց է տալիս, թե ինչպես կարելի է, եթե ոչ ամբողջությամբ վերացնել դատական իշխանության կախվածությունը քաղաքական կոնյունկտուրայից, ապա գոնե զգալիորեն նվազեցնել:

Խորհրդարանական մեծամասնությունը և ընդդիմությունը, սակայն, սրա վրա ուշադրություն չեն դարձնում: Ընդհակառակը՝ օմբուդսմենին քննադատում են իրավական անգրագիտության և մակերեսայնության այնպիսի պաթոսով, որ թվում է` գործ ունենք ոչ թե օրենսդիր մարմնի ներկայացուցիչների, այլ պատերի տակ նարդի գլորողների հետ: Բանն այն է, որ ընդդիմությունը քննադատությունների մեխ է դարձնում օմբուդսմենի` զուտ զեկույցներ գրելով, այս կամ այն իրավիճակում հայտարարություններով հանդես գալով բավարարվելու իրողությունը: Կարծես, ՄԻՊ-ն օրենքով ունի դրանից ավելին անելու լիազորություններ և պարզապես զլանում է դրանք գործադրել: Նման լիազորություններ օմբուդսմենը չունի և չունի ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի գրեթե բոլոր այն երկրներում, որտեղ այդ ինստիտուտը կա: Չունի այն պարզ պատճառով, որ օմբուդսմենը ո’չ ոստիկան է, ո’չ դատախազ, ո’ փաստաբան և ո’չ էլ, առավել ևս, դատավոր: Հիմա դատաիրավական համակարգի այս բոլոր օղակները թողած` հայրենի արմատականները թիրախավորել են խեղճուկրակ լիազորություններով օժտված ՄԻՊ-ին` փոխանակ նրան ցանակցած գնով պաշտպանության տակ առնելու: Ընդդիմությունը պարզապես փորձում է օմբուդսմենին քննադատելու միջոցով պարտակել իրավիճակի վրա ազդելու սեփական անկարողությունը: Այլ կերպ ասած` նրան դարձրել է սեփական կոմպլեքսները և թուլությունը թաքցնելու քավության նոխազ:

Իշխանությունն, իր հերթին, Կարեն Անդրեասյանին քավության նոխազ է դարձրել կոնյունկտուրայից դուրս գործելու, իրենց համար բավականաչափ վերահսկելի չլինելու և, իրենց պատկերացումներով, «չարաճճիություններ» անելու համար: Իշխանության մոտիվացիան պետական համակարգում մարդու իրավունքների պաշտպանության առումով առկա բոլոր խնդիրների մեղավորությունը օմբուդսմենի վրա բարդելն է: Նրանք առաջնորդվում են շատ պարզունակ մի տրամաբանությամբ՝ մեղավորը ոչ թե մարդու իրավունքները խախտող չինովնիկներն են, իրենց գործը փաստացի չկատարողները, այլ օմբուդսմենը, ով զբաղված է՝ նրանց վրա ցեխ շպրտելով, հանիրավի անլուրջ մեղադրանքներ շռայլելով: Կարճ ասած` սելի փոխարեն սելվորներն են ճռռում:

Գևորգ Աղաբաբյան