Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Հովիկ Աբրահամյանի վարչապետությունից անցել է մի քանի օր, ավելի կոնկրետ` հինգ օր: Այս ընթացքում Աբրահամյանը որոշ հարցազրույցներ է տվել, որոշ ոլորտների ներկայացուցիչների է ընդունել, կառավարության նիստ է վարել, լսել է, որ ոչ մի քաղաքական ուժ, բացի ՀՀԿ-ից, չի ցանկանում լինել իր կառավարությունում, ՕԵԿ-ից «կիրթ կառավարության տեսլականի» մասին հայտարարություն է կարդացել /կամ կարդացել-պատմել են/:
Բայց այս ամենի մասին չենք խոսելու, այլ` Հովիկ Աբրահամյանի ստացած շնորհավորանքների: Դրանք, համենայն դեպս, պաշտոնապես հրապարակվածները, երկու տեղից են` Հայաստանի հետ «ավանդական ջերմագույն» հարաբերություններ ունեցող Ղազախստանի վարչապետից և Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևից: Հաշվի առնելով, թե զարգացման ինչ ուղղություն վերցրեց մեր երկիրը /գուցե ճիշտ ուղղություն/, զարմանալ պետք չէ, որ հենց մաքսային Աստանան ու Մոսկվան են շնորհավորել իրենց «ռազմավարական դաշնակից» Հայաստանի վարչապետին, այլ ոչ թե, օրինակ, Դևիդ Քեմերոնը կամ կանցլեր Անգելա Մերկելը: Ի դեպ, դարավոր հարևան վրացիները ևս չեն շնորհավորել Հովիկ Աբրահամյանին, սա` իմիջիայլոց:
Մի բան է մտահոգում` ինչո՞ւ Աբրահամյանը շնորհավորանք չի ստացել նաև Միխայիլ Մյասնիկովիչից` մեկ այլ մաքսային`Բելառուսի վարչապետից: Գուցե Մինսկում դեռ չգիտե՞ն, որ Հայաստանում վարչապետ է փոխվել...
Բայց սպասելի կլիներ, որ Պուտինն անձամբ շնորհավորանք ուղարկեր ՀՀ նորանշանակ վարչապետին` անկախ Մեդվեդևի շնորհավորանքից: Հիշո՞ւմ եք` ՀՀ նախագահը Ռուսաստանի` անգամ քաղաքապետ ընտրված, նշանակված պաշտոնյաներին էր շնորհավորում, ասենք` Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում վերընտրված, ազգությամբ յակուտ Սերգեյ Սոբյանինին: Ուրեմն ի՞նչ կլիներ, որ Պուտինն էլ մի պահ իջներ նորին նախագահական մեծությունից և շնորհավորեր մեր վարչապետին` հանուն «ռազմավարական հարաբերությունների», հանուն «դարավոր բարեկամության ու եղբայրության», հանուն «Լիսաբոնից` Վլադիվոստոկ ձգվելիք նոր Եվրոպայի», հանուն Մաքսային միության...
Ինչևէ, մեզ ամենաշատը հետաքրքրում է Միխայիլ Մյասնիկովիչը, նրան տեղեկացնել է պետք, որ Հայաստանը նոր վարչապետ ունի, ով ևս շտապում է Մաքսային միություն: