Փոխարժեքներ
08 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Ներկայացնում ենք ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Տարոն Ղազարյան ելույթը՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած «Շուշի. վերադարձ լինելու է» միջոցառմանը։
«Այսօր մենք մեր պատմության նշանակալի հաղթանակներից մեկի՝ բերդաքաղաք Շուշիի փառահեղ ազատագրումը նշելու և նրա ժամանակավոր կորստի ցավը մեր մտքերում ու սրտերում տանելու երկվության մեջ ենք։ 33 տարի առաջ այս օրը կրտսեր ու ավագ՝ իրենց հողի համար կռիվ տվող մարդիկ, խիզախեցին ու կերտեցին պատմության համար անմոռանալի սխրանք։ Նրանք վերադարձրին ոչ միայն հողը, այլ՝ մեր արժանապատվությունը, մեր հավատը սեփական ուժերի նկատմամբ, մեր վստահությունն առ այն, որ փոքր ժողովուրդն էլ կարող է մեծ հաղթանակներ կերտել, եթե կրում է իր մեջ այդ կամքը, ինքնակազմակերպվում է և գնում գերադաս նպատակի հետևից։ Շուշին՝ մեր ոգու, մեր պատմության ու պայքարի խորհրդանիշն է։ Շուշիով ուժեղ էինք, առանց Շուշի նույնը չենք, պետք ձգտենք դառնալ նույնը։
Մեր օրերում՝ ծանր կորուստներից հետո, անցյալի այսպիսի հաղթական էջերը շնորհավորելու մեջ էլ նպատակ կա՝ մոռացության չտալու, հպարտանալու, օրինակ վերցնելու, հնարավորը անհնարինից զատելու և առաջ գնալու, մեր ունեցածին տեր կանգնելու և կորցրածը ետ բերելու նպատակ։ Առաջնահերթություն, որը պետք քաղաքական կամքի ու համառ աշխատանքի արդյունքում ձևակերպվի որպես համազգային նպատակ։ Իսկ մեր օրերի երիտասարդության ստվար խմբեր այդ ճանապարհին կարողունակ են։ Առնվազն հաղթահարել են ամենաբարձր՝ անտարբերության ու ընկճվածության պատը։
Ինչպես 1992թ․՝ Շուշիի ազատագրումից օրեր անց, ժամանակի երիտասարդները կարևորելով ազգային կրթական համակարգի կայացումը, որոշում են կայացնում Շուշիի թեմական վարժարանի վերաբացման մասին, որն իրականանում է Հ․Յ․Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ջանքերով, այնպես էլ մեր օրերում մենք կարևորում ենք գաղափարաքաղաքական կրթության և գիտակցության ամրապնդումը։ Եվ հենց այստեղ է «Վահան Հովհաննիսյան» ազգային-քաղաքական դպրոցի դերը։
Ազգային նպատակներին հասնելու ճանապարհին այն արդեն կայացած հարթակ է, որի տարբեր փուլերին Երևանում, Գյումրիում և Վանաձորում մասնակից են դարձել շուրջ 300 հեռանկարային երիտասարդներ։ Այս հարթակը դեռ հարյուրավոր երիտասարդների էլ միավորելու է, և նրանց բոլորի նմանությունը ոչ թե զանազան քաղաքական հարցերի մասին նմանօրինակ պատկերացումներ են, այլ Շուշիի, Արցախի և, ընդհանրապես, հայրենիքի ու պետականության հանդեպ պարտքի ու պարտականության զգացումը, սեփական երկրին ու ժողովրդին ծառայելու ձգտումը։ Այս հարթակում միավորվող ոչ փոքրաթիվ երիտասարդների մեջ մենք դեռ չենք հանդիպել որևէ մեկին, ով համարում է, որ այդ պայծառ ու լուսավոր բերդաքաղաքը, Արցախ աշխարհը մերը չէր ու չի էլ լինելու։ Նորերն էլ են գալու՝ նույն արժեքներով և արժանապատվորեն մտածող, ապրող ու գործող։ Ուրեմն ՀՀ քաղաքական իշխանությունների և նրանց պրոպագանդիստների ամեն տեսակ ձգտում համոզելու, որ մենք սպառված ենք և միակ ելքը անձնատվությունն է ու հայրենիքի շարունակական վաճառքը, ապարդյուն է։
Քաղաքական դպրոցի սկզբունքային ու գաղափարական ուսանողներից յուրաքանչյուրն այսօր պատրաստ է իր միջավայրում փոփոխություն բերելու, ապագայում երկրի քաղաքական կյանքում դերակատար դառնալու, ոչ թե կարեիրայի ու մրցապայքարի, այլ մեր պետականության համար կենսական նշանակություն ունեցող գաղափարների իրականացման համար։ Քաղաքական այդօրինակ ազնիվ մտածողության ուղենիշն ու օրինակը հենց Վահան Հովաննիսյանի կերպարն է որ կա։
Դպրոցի անվանակոչումը մեծ գորչի անունով հենց խորհուրդ է ձգտել դառնալ այնպիսին, ինչպիսին Վահան Հովհաննիսյանն է եղել։
Ծրագրի բանախոսների ընտրությունը ևս պատասխանատու հարց է եղել մեզ համար։
Ուսանողներին ոլորտային տեսական կամ գործնական գիտելիքներ փոխանցելը մեր միակ առաջնահերթությունը չի եղել։ Կարևորել ենք նաև ընտրված բանախոսների թե՛ վաստակը, թե՛ բարոյական նկարագիրն ու օրինակելի կերպարը ունկնդիրների համար։ Բոլոր դեպքերում դա ստացվել է։ Մեր խորին շնորհակալությունն եմ հայտնում այս սրահում գտնվող և բացակա բանախոսներին՝ պրոֆեսիոնալիզմի, երիտասարդների համար ներդրած ժամանակի և ջանքերի համար։
Այս ամփոփումը նաև ազդակ է շարունակության մասին, առաջիկայում ծրագիրն ավելի բարելավելու և որպես կայուն ու երկարաժամկետ քաղաքական կրթական հարթակ երիտասարդների համար բաց լինելու մասին։
Վերադարձ լինելու՛ է։ Շնորհակալ եմ»։
Մանրամասն՝ տեսանյութում։