կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-16 16:27
Քաղաքական

Երկրորդական հարցերում համաձայնության գալը Դաշնակցությանը չի բավարարում. Արմեն Ռուստամյան

Երկրորդական հարցերում համաձայնության գալը Դաշնակցությանը չի բավարարում. Արմեն Ռուստամյան

Քառյակն իր այսօրվա քննարկման ժամանակ անդրադարձել է նաև նոր քաղաքական իրավիճակին` նոր կառավարության ձևավորման գործընթացին: Քննարկվել է, թե ինչպես պետք է քառյակն աշխատի այս նոր քաղաքական գործընթացների առկայությամբ եւ ինչ մոտեցումներով պետք է ներկայանա: Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ առաջիկայում` վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում, կկազմվի նոր կառավարություն, ինչից հետո 20-օրյա ժամկետում կներկայացվի նոր կառավարության ծրագիրը:

 

«Այս պահին, իհարկե, տարբեր են առաջարկները, գնահատականները և հեռանկարների հետ կապված հույսերը, բայց չորս ուժերը ձգտում են միասնական դիրքորոշման, և մենք լիահույս ենք, որ միասնական դիրքորոշման հնարավորություն քառյակն ունի»,- ասաց նա` հավելելով, որ քննարկումները քառյակի ձևաչափով դեռ կշարունակվեն, իսկ հաջորդ հանդիպումը տեղի կունենա եկող շաբաթվա ընթացքում:

 

Արմեն Ռուստամյանը նշեց նաև, որ ապրիլի 18-ին նախատեսված է Դաշնակցության Գերագույն ժողովի անցկացում, և շատ հարցեր, Դաշնակցության դիրքորոշումների հետ կապված, կհաստակեցվեն այդ ժողովից հետո:

 

Հարցին, թե ի՞նչ իրավիճակ է` Դաշնակցության ներկայացրած «յոթ կետեր»-ի հետ կապված, նախագահն ընդունո՞ւմ է դրանք, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ եթե «յոթ կետեր»-ն ամբողջապես ընդունվեն, ապա դա ենթադրելու է բոլորովին այլ որակի աշխատանք:

 

«Հիմա այդ վիճակը չէ, այդ ամբողջականությունը չկա: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ի՞նչ որակի ու չափի կլինի ընկալումը իշխանությունների կողմից, և ո՞ր կետերն է, որ կընդունվեն»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ կան կետեր, որոնք ընդունելի են իշխանությունների կողմից, սակայն հստակ չէ երեք-չորս գլխավոր հարցերի վերաբերյալ վերջնական դիրքորոշումը` արտաքին քաղաքականության վերաբերյալ մասը չհաշված` հայ-թուրքական արձանագրություններ, Ղարաբաղյան խնդրի կարգավորում և այլն:

 

Ըստ պատգամավորի` դեռևս չկա տպավորություն, թե իշխանությունները իսկապես գնում են խորհրդարանական համակարգի: Մյուս հարցը, ըստ Արմեն Ռուստամյանի, ընդդիմությանը վերահսկման հնարավորություններ տալն է, որի կապակցությամբ նույնպես Դաշնակցությունը չունի հստակ պատասխան, թե իշխանությունը հակակոռուպցիոն պայքարի հետ կապված վերահսկողական գործառույթները տալիս է ընդդիմությանը: 100 տոկոս համամասնական ընտրակարգի հետ կապված` նույնպես կան ոչ հստակ դիրքորոշումներ, որովհետև գոյություն ունեն այդ մոդելի բազմաթիվ տեսակներ, ինչը նույնպես կարող է ենթադրել մեծամասնական համակարգը պահելու մեխանիզմ, իսկ դա մտահոգիչ է:

 

«Այն հայեցակարգում, որը մեզ ներկայացվել է, մի դրույթ կա, որը մեզ համար անընդունելի է. չնայած խորհրդարանական կարգի են անցնում, բայց խնդիրը դրվում է` ամեն կերպ մեծամասնությունը պահելու, ինչը, մեր կարծիքով, մասնակցային ու ներկայացուցչական ժողովրդավարության հետ կապ չունի: Արհեստական մեծամասնություն ստեղծելը ճիշտ չէ»,- ասաց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ երկրորդական, երրորդական հարցերում համաձայնության գալը Դաշնակցությանը չի բավարարում, ուստի անհրաժեշտ է համակարգի այնպիսի փոփոխություն, որը կերաշխավորի ամբողջական ու որակական փոփոխություն իշխանության մեջ: «Մենք չենք մտնի ձևական մասնակցություն ունենալու տրամաբանությամբ»,- ասաց պատգամավորը: