կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-02 18:16
Արցախ

Եթե Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագիրն ընդունվի` դիմադրությունը երկրորդական պլան է մղվում. Թևան Պողոսյան

Եթե Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագիրն ընդունվի` դիմադրությունը երկրորդական պլան է մղվում. Թևան Պողոսյան

Պետք է հասկանանք, թե որն է Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագիրը վավերացնելու  ճիշտ ժամանակը, որովհետև բովանդակային իմաստով, գոնե իմ պատկերացմամբ, այդ համաձայնագիրը վաղուց ի վեր կնքվել է. Yerkir.am-ի` վերոնշյալ համաձայնագրի մասին հարցին այսպես պատասխանեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» կենտրոնի տնօրեն Թևան Պողոսյանը:

«Այդ պայմանագրի հիմնական խնդիրն ավելի շատ քաղաքական է լինելու, ու շատ լավ կլինի, որ քննարկումների լայն փուլ անցնի: Գիտեմ, որ մայիսի 7-ին Արցախում տեղի են ունենալու քննարկումներ այդ հարցի շուրջ, և ուրախ կլինեմ, որ այնտեղ էլ տեղի ունենան նմանատիպ քննարկումներ, որոնք ես պատկերացնում եմ քաղաքական կոնսենսուսի տանող սեղանի շուրջը` քաղաքական բոլոր ուժերի մասնակցությամբ: Դա այնպիսի հարց է, որի քննարկումներում պետք է ներառված լինեն թե՛ արտախորհրդարանական, թե՛ խորհրդարանական, թե՛ նորաստեղծ, ընտրություններին մասնակցած ու չմասնակցած ուժերը, որոնք հայաստանյան ներքաղաքական կյանքին մասնակցելու հայտ են ներկայացրել»,- ասաց նա:

Մեր զրուցակիցն ընդգծեց` այդ համաձայնագրում նշվելիք բոլոր կետերը, բովանդակային առումով, արդեն իրացրել ենք: Բացի այդ` պետք է մտածել նաև Արցախի ինտեգրման, ասոցացման գործընթացների, ինչպես նաև համագործակցային ամենատարբեր եղանակների մասին, քանի որ հարցեր կան, որոնք օրենքով են կարգավորվում, հարցեր կան` հռչակագրով, հարցեր էլ կան` միջպետական համաձայնագրերով պետք է լուծվեն:

Պողոսյանը նաև հռետորական հարց բարձրացրեց` զինադադարի 25 տարին է լրանում, կարողանալո՞ւ ենք ամբողջ աշխարհին տեղ հասցնել, թե ովքեր են ստորագրել այդ փաստաթուղթը` բացատրելով, թե ինչու ենք անընդհատ շեշտում, որ Արցախը բանակցային գործընթաց վերադառնա:

Yerkir.am-ի ճշտող հարցին` գործող իշխանության պատասխանատուները կկարողանա՞ն այդ մեսիջները հասցնել աշխարհին, Թևոն Պողոսյանը պատասխանեց, որ դա միայն այսօրվա իշխանությունների խնդիրը չէ: «Նրանք կարող են դա փայլուն կատարել, կարող են և ճիշտ չանել: Բայց ես չեմ ցանկանում, որ այս տեսակի խնդիրները դառնան միայն իշխանության խնդիր, բոլորը պետք է աշխատեն` հասարակական կազմակերպությունները, մամուլը, Սփյուռքի կառույցները, պետական օղակները` խորհրդարանից սկսած, դեսպանների աշխատանքով ավարտած: Պետք է ներգրավվեն բոլոր այն կառույցները, որոնք կարող են դրա մասին տեղեկություններ տալ, բացատրել ու հաղորդել»,- մեկնաբանեց նա:

Դառնալով Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագրին ու սպասվելիք քննադատություններին` մեր զրուցակիցն ասաց, որ եթե փաստաթուղթը ստորագրվի, պետք է կարողանանք բացատրել` ինչ ենք դրանով ցանկանում ասել աշխարհին:

«Այնպես չէ, որ Հայաստանը չի ճանաչել Արցախը: Արցախի ճանաչման դե յուրե ընդունումը միշտ էլ դրված է եղել միջազգային հանրության խնդրանքի վրա: Ու եթե Հայաստանը վաղը ճանաչի Արցախի անկախությունը, ապա միջազգային հանրության ներկայացուցիչներն ասելու են` բա բանակցային գործընթացին ինչպե՞ս ես մասնակցում: Միջազգային հանրությունը մեզ մի կողմից խնդրում, ասում է, թե պետք չէ ճանաչել` հասկացնելով, որ ճանաչումը բանակցությունները փակուղի կմտցնի: Մյուս կողմից` կսմթում են, թե` եթե Հայաստանը չի ճանաչել Արցախը, ապա միջազգային հանրությունից ի՞նչ եք ուզում:

Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագիրը վավերացնողն ու ընդունողը մեր Ազգային ժողովն է: Եթե իրար հետ քննարկենք ու ընդունենք այդ փաստաթուղթը, ապա դիմադրությունը երկրորդական պլան է մղվում: Ինչ վերաբերում է ԵԱՀՄ ՄԽ համանախագահող երկրների կողմից սպասվելիք քննադատությանը, ապա նրանց պետք է բացատրենք ու մեր շահերն առաջ տանենք»,- ամփոփեց Թևան Պողոսյանը: