կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-09 17:22
Քաղաքական

Հովիկ Աբրահամյանը` հնարավոր վարչապետ. նախագահը հարձակվու՞մ է, թե՞ պաշտպանվում

Հովիկ Աբրահամյանը` հնարավոր վարչապետ. նախագահը հարձակվու՞մ է, թե՞ պաշտպանվում

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, ապա նաև նախագահ Սերժ Սարգսյանի հետ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումներից հետո գրեթե դադարեցին (իհարկե, ոչ «Ֆեյսբուք»-ում) խոսակցություններն այն մասին, թե ով է լինելու ՀՀ հաջորդ վարչապետը Տիգրան Սարգսյանից հետո:

 

Եթե այս ընթացքում որևէ անկանխատեսելի զարգացումներ չլինեն, Թուրքմենստանից վերադառնալուց հետո ՀՀԿ վաղվա նիստում նախագահ Սերժ Սարգսյանն այդ պաշտոնում կառաջադրի հենց Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: Աբրահամյանն, ըստ ամենայնի, տվել է վարչապետի պաշտոնը ստանձնելու համաձայնությունը: Նկատի ունենալով, թե որքան էր նա տարիներ շարունակ երազում այդ մասին և համբերատար սպասում պատեհ հնարավորությանը, հակառակը պարզապես կլիներ անտրամաբանական:

 

Սակայն ողջ հարցն այն է, թե, բացի զուտ անձնական ամբիցիաները բավարարելու հնարավորությունից, շոշափելի ի՞նչ են ձեռք բերելու դրանով ԱԺ ներկայիս նախագահը, ինչպես նաև նրան վարչապետի պաշտոնում առաջադրող ՀՀ նախագահը: Հրաժարական տված վարչապետի և կառավարության կողմից, իբրև ժառանգություն, Աբրահամյանը, բառի փոխաբերական իմաստով, ավերակներ է ստանում` կիսամեռ տնտեսություն և սոցիալական ապահովության համակարգ, բյուջետային չափազանց ծանր հավաքագրումներ, աղքատության, գործազրկության և արտագաղթի տեմպերի անշեղ աճ, արտաքին ներդրումների շեշտակի նվազում, ձախողված խոշոր պրոյեկտներ, որոնցում ոչ ոք կարճաժամկետ և երկարաժամկետ ներդրումներ կատարել չի ցանկանում, միջին և մանր բիզնեսի, դրանով պայմանավորված նաև միջին խավի գրեթե կատարյալ վերացում, կառավարման համակարգի կիսակաթվածահար վիճակ և, ընդհանուր առմամբ, ողջ կառավարության նկատմամբ հանրային վստահության ամբողջական դեֆիցիտ: Նման «ծաղկեփնջի» պարագայում նոր կառավարության համար ոչ թե պարզապես դժվար է լինելու, այլ չափազանց ծանր:

 

Նոր վարչապետից կպահանջվեն ոչ պոպուլյար, ճկուն և ոչ ստանդարտ որոշումներ, ճգնաժամային իրավիճակում աշխատելու ունակություններ: Չնայած գործադիր իշխանությունում երկարամյա աշխատանքային փորձը, ձեռք բերած քաղաքական դիրքն ու կշիռը Հովիկ Աբրահամյանին տվել են բավարար կազմակերպչական ջիղ դրսևորելու հնարավորություն, սակայն նա ակնհայտորեն օժտված չէ նորարարական մտածողությամբ: Դժվար է ասել` առհասարակ նա ունի՞ պատկերացում այն միջոցների ու մեխանիզմների մասին, որոնցով պետք է փոխի հանրապետությունում առկա պայթյունավտանգ իրավիճակը, և այն ուղղության մասին, որով պետք է ընթանա կառավարությունն առաջիկա տարիներին:

 

Հովիկ Աբրահամյանի համար, սակայն, դա գլխավորը չի լինելու: Ի տարբերություն Տիգրան Սարգսյանի, նա վարչապետի պաշտոնը զբաղեցնում է ոչ թե որպես զուտ վարչարար, այլ  ավելի շատ իբրև քաղաքական ֆիգուր: Նրա հիմնական խնդիրը կլինի քաղաքական սեփական կշիռն ավելացնելը, իշխանական կոնյունկտուրայում իր դիրքերն ամրապնդելը, ինչի հնարավորությունը չուներ ԱԺ նախագահի` Սահմանադրությամբ ավելի բարձր համարվող պաշտոնը զբաղեցնելիս: Աբրահամյանը հրաշալի հասկանում է, որ վարչապետի պաշտոնն իրականում շատ ավելի մեծ իշխանություն ունենալու հնարավորություն է տալիս, քան ԱԺ նախագահինը, և նա ձգտում է դեպի նոր, ավելի գործնական նշանակության լծակների ձեռքբերում:

 

Հաշվի առնելով Աբրահամյանի այս ձգտումները` նույնիսկ կարելի է ասել, որ, նրան նշանակելով վարչապետի պաշտոնում, Սերժ Սարգսյանն իրականում գնում է չափավոր ռիսկի, որովհետև առաջ է քաշում մի ֆիգուրի, որը բոլոր շանսերն ունի` իր մրցակիցը դառնալու: Դրան նպաստում է երկու իրողություն: Նախ` ըստ էության, նրա թեկնածությունը հաստատվում է իշխանության և ընդդիմությունը ներկայացնող քառյակի միջև կայացող անուղղակի, հեռահար քաղաքական կոմպրոմիսի արդյունքում: Այսինքն` ինչ-որ տեղ Սերժ Սարգսյանը ստիպված է գնալ նրան վարչապետ դարձնելու քայլին` երկրում քաղաքական կայունությունը չվտանգելու անհրաժեշտությունից դրդված, օգտագործելով Ծառուկյան-Աբրահամյան հարաբերությունների առանձնահատկությունը: Դա առաջին հերթին բարձրացնում է հենց Աբրահամյանի կշիռը, որը, փաստորեն,տալիս է երկու լարերի վրա խաղալու լիարժեք ազատություն: Այս պարագայում Սերժ Սարգսյանի հիմնական խնդիրը դառնալու է Աբրահամյանի նկատմամբ տոտալ վերահսկողության իրականացումը` իրավիճակի կառավարման թելը չկորցնելու նկատառումով: Երկրորդ` այս քայլով նախագահը որոշակիորեն ընդառաջ է գնում նաև երկրորդ նախագահին` Ռոբերտ Քոչարյանին, որի համար Հովիկ Աբրահամյանը շարունակում է համարվել յուրային: Այնպիսի տպավորություն է, թե վարչապետի պաշտոնն առաջարկելով վերջինիս` Սերժ Սարգսյանը փորձում է կանխել Քոչարյանի` իշխանությունը վերադարձնելուն ուղղված ակտիվ ձեռնարկումները:

 

Հետևաբար, Սերժ Սարգսյանի քայլը կարելի է ընկալել իբրև զիջում, որն արվում է երկու հիմնական նպատակով: Առաջին` ոչ մի կերպ չվտանգել ներքաղաքական կայունությունը, որի նախադրյալները ստեղծում էին ոչ իշխանական չորս ուժերի և քաղաքացիական հանրույթի համատեղ նախաձեռնությունները: Իսկ դրանք գնալով ավելի համակարգված և կազմակերպական առումով ավելի կատարյալ բնույթ են ստանում: Ներքաղաքական կայունությունն իշխանությանն օդ ու ջրի պես անհրաժեշտ է, քանի դեռ Սերժ Սարգսյանն ամբողջությամբ չի վերականգնել իր նկատմամբ Ռուսաստանի վստահությունը և չի վերադարձրել վերջինիս համար գոնե առժամանակ անփոխարինելի լինելու համարումը:

 

Երկրորդ` Հովիկ Աբրահամյանն ամենահարմար թեկնածուն է օլիգարխիան ավելի կառավարելի պահելու համար: Նախորդ տարիներին օլիգարխիային տարատեսակ արտոնություններ տալով` Սերժ Սարգսյանը նրանց մեծամասնությունից կերտեց փոքրիկ տեղական իշխանիկների: Այս իմաստով Հովիկ Աբրահամյանի նշանակումը որոշակի զիջում էր նաև հենց օլիգարխիային: Վերջինս կարողացավ ստանալ Աբրահամյանի ձեռքերով գործադիրի լծակներն ուղղակիորեն տնօրինելու հնարավորություն` այնքանով, որքանով ինքը` Աբրահամյանը, հանդիսանում է հայրենի օլիգարխիայի դասական ներկայացուցիչ: Եթե նախկինում պետական կառավարման և, մասնավորապես, գործադիր իշխանության նկատմամբ օլիգարխիայի ազդեցությունն ուներ ստվերային բնույթ, որն այդպիսին էր դարձնում Տիգրան Սարգսյանն իր հայտնի «օլիգոպոլիաների դեմ անհաշտ պայքար մղելու» մանիպուլյատիվ, իմիտացիոն կուրսով, ապա հիմա այդ ազդեցությունը հավակնում է դառնալ բացահայտ և ուղղակի:

 

Եթե այս գործոնը դառնա տիրապետող և վերածվի ձևավորվելիք նոր կառավարության ձեռագրի, չհանդիպի ուժեղ ներքին և արտաքին հակազդեցության, ապա հասարակության կյանքի ու կենսակերպի դրական փոփոխության որևէ հույս նոր կառավարությունից չի կարելի ունենալ: Դրանից խուսափելու միակ միջոցը, փաստացի մնում է քաղաքական կոմպրոմիսի արդյունքում կառավարության իրատեսական, բայց և դրական իմաստով ամբիցիոզ ծրագրի մշակումը և վարչապետին, նրա նոր կաբինետին հարկադրումը` առաջնորդվելով միմիայն այդ ծրագրով նախատեսված առաջնահերթություններով: Իրականում սա կարող է գործիք դառնալ նաև նախագահի ձեռքին` կառավարությանը վերահսկելի պահելու համար:

 

Գևորգ Աղաբաբյան