կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-04 16:20
Քաղաքական

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսի հետ

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսի հետ

Հուլիսի 3-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսի հետ:

«Հայ-ֆրանսիական հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, այդ մասին են վկայում Հայաստանի և Ֆրանսիայի Նախագահների միջև հաստատված ընդգրկուն երկխոսությունը, անձնական ջերմ հարաբերություններն ու ինտենսիվ փոխշփումները»,-ասել է Հովիկ Աբրահամյանը:

Վերջինս կարևոր է համարել տնտեսական հարաբերությունների զարգացումը և գոհունակությամբ փաստել, որ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը հետզհետե ավելի ընդգրկուն է դառնում և ունի զարգացման լայն հնարավորություններ: Նշելով, որ հայկական կողմից վարչապետի մակարդակով վերջին այցը Ֆրանսիա կայացել է 2007թ., Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ այս ձևաչափով հանդիպումները շարունակություն կունենան.«ԵՄ երկրների շարքում Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանում ներդրումների ծավալով առաջատար դիրք զբաղեցնող երկրներից մեկը: Այդուհանդերձ, մենք մեծ անելիքներ ունենք երկկողմ առևտրաշրջանառության խթանման ուղղությամբ»:

Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսն էլ իր հերթին կարևորել է տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը և նշել, որ դրանք դեռևս չեն հասել քաղաքական հարաբերությունների մակարդակին: Նա անհրաժեշտ է համարել համագործակցության հետագա զարգացումը գիտության, կրթության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, միգրացիայի և մի շարք այլ ոլորտներում: Երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման տեսանկյունից երկուստեք կարևորվել է գործարար համաժողովների անցկացումը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին՝ Աբրահամյանը նշել է.«Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի իշխանություններին` Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում ունեցած մեծ ավանդի համար: Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում անուրանալի է Ֆրանսիայի ներդրումը: Մենք մեծապես գնահատում ենք ապրիլի 24-ին Հայաստանում անցկացված Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողությանը Նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորությամբ ֆրանսիական պաշտոնական պատվիրակության մասնակցությունը: Շնորհակալ ենք նաև Ձեզ, որ նույն օրը` ապրիլի 24-ի երեկոյան, Փարիզում, Կոմիտասի արձանի մոտ կազմակերպված հիշատակի հանդիսավոր արարողությանը ներկա եք գտնվել և փայլուն ելույթ ունեցել»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան - Եվրամիություն համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել են ԼՂ հիմնախնդրին, տարածաշրջանային հարցերի: Երկու երկրների վարչապետները կարևորել են հիմնախնդրի խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացմանն ուղղված գործընթացին:

Հանդիպման ավարտին Հովիկ Աբրահամյանը Ֆրանսիայի վարչապետին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: