կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-09 14:25
Հասարակություն

20 միլիոն` կանանց տոների, 300 միլիոն` մանկապարտեզների, հաճելի անակնկալ` ջազի սիրահարների համար

20 միլիոն` կանանց տոների, 300 միլիոն` մանկապարտեզների, հաճելի անակնկալ` ջազի սիրահարների համար

Մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում իրականացված բոլոր միջոցառումների համար` մշակութային, ժամանցային, վարչական շրջաններում տեղի ունեցած միջոցառումների, ծաղիկներ բաժանելու և այլն, քաղաքապետարանը բյուջեից ծախսել է 20 միլիոն դրամ գումար. լրագորղներին այսօր հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

 

Անդրադառնալով իր կողմից համակարգվող` մշակույթի, սպորտի, հանրակրթության, տուրիզմի ոլորտներին` փոխքաղաքապետն ամփոփեց այս տարվա առաջին եռամսյակի արդյունքները: Մասնավորապես' լրագրողների խնդրանքով խոսելով դպրոցներում դրամահավաքի, հատկապես` վերջին զանգին ընդառաջ դիտարկվող դրամահավաքի մասին` փոխքաղաքապետը նշեց, թե դա քաղաքապետարանի մշտական դիտարկման ներքո է գտնվում, դրամահավաքի համար կիրառվում են խստագույն տույժեր ու պատիժներ' ընդհուպ մինչև դպրոցի տնօրենի' աշխատանքից ազատում: Ըստ Սուքիասյանի` գործում է թեժ գիծ, որով ստացված ահազանգերի ուսումնասիրությունից պարզվում է նաև, որ քիչ չեն միջանձնային հարաբերություններ պարզելու դեպքերն ու խնդիրների ուռճացումը, քանի որ հաճախ թեժ գծով ստացվող անանուն ահազանգի հետքերով մի ամբողջ վարչություն գնում է, ուսումնասիրություններ անում, վերջում պարզվում է, որ նման խնդիր գոյություն չունի:

 

Մանկապարտեզների հարցերն ամփոփելիս փոխքաղաքապետը հայտնեց, որ այս տարվա բյուջեով նախատեսված է 300 միլիոն դրամ' մանկապարտեզների գույքը թարմացնելու, նոր գույք' նստարաններ, մահճակալներ, աթոռ-սեղան և այլն ձեռք բերելու համար: Սա առաջին դեպքն է, շեշտեց փոխքաղաքապետը, որ նման գումար է նախատեսվում մանկապարտեզների գույքը թարմացնելու համար, թեեւ այդ 300 միլիոն դրամը բավարար չէ, սակայն առաջիկա տարիներին, այդպիսի մի քանի 300-400 միլիոն դրամ ծախսելով, բոլոր մանկապարտեզներում գույքի հարցերը կլուծվեն:

 

Անդրադառնալով տուրիզմի հարցերին' Արամ Սուքիասյանը նշեց, որ արդեն իսկ էկոնոմիկայի նախարարության հետ քննարկվում է հարցն, ու առաջիկայում մայրաքաղաքում կներդրվեն տուրիզմի ինֆորմացիոն կենտրոններ, նախատեսվում է նաև նոր բուկլետների, ուղեցույցների ու քարտեզների թողարկում, որոնք տուրիստները հնարավորություն կունենան ձեռք բերել' սկսած օդանավակայանից: Վերջին 3-4 տարում նման ուղեցույցներ ու քարտեզներ չեն թողարկվել, ասաց Սուքիասյանը, սակայն օր օրի բաներ են փոխվում մարաքաղաքում, եւ նոր ուղեցույցների, քարտեզների ու բուկլետների անհրաժեշտություն կա:

 

Փոխքաղաքապետն անդրադարձավ նաև տուրիզմի ոլորտում ենթակառուցվածքների գծով իրականացվող աշխատանքներին, մասնավորապես' փողոցների ու շենքերի ցուցանակների և հանրային զուգարանների խնդրին ու նշեց, որ առաջիկայում նախատեսվում է մայրաքաղաքում տեղադրել ևս 2 հանրային զուգարաններ, դրանց տեղադրումը կշարունակվի նաև հետագայում: Փողոցների ցուցանակների մասին էլ Արամ Սուքիասյանը նշեց, որ անցյալ տարի մի շարք փողոցներում տեղադրվել են ցուցանակներ, որոնցով նշվում են ոչ միայն փողոցներն ու դրանց ուղղությունները, այլև մշակութային օջախների ու կենտրոնների ուղղությունները:

 

Մի շարք անակնկալներ են սպասվում մայրաքաղաքի երեխաներին: Հունիսի 1-ին' երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում, մասնավորապես' կենդանաբանական այգու դատարկ վանդակներից առնվազն 2-ում նոր ցուցադրվելիք կլինի:

 

Արամ Սուքիասյանի վստահեցմամբ` հաճելի անակնկալ է սպասվում նաև ջազի սիրահարներին, քանի որ «Ջազի օրեր Երևանում» փառատոնի շրջանակներում երկու երկրներից նախատեսվում են բավականին հնչեղ անունների այցեր և համերգներ Երեւանում: Թե ովքեր են գալու, փոխքաղաքապետը չհայտնեց' նշելով, որ դա կլինի հաճելի անակնկալ: