Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 21-ին Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում,Վրաստանի Հայ Կրթական և Մշակութային Միության նախաձեռնությամբ,կազմակերպվեց հանդիպում Ախալքալաքի շրջանի երեք տասնյակից ավելի մտավորականների՝ գրողների, բանաստեղծների, կրթության ու մշակույթի տարբեր բնագավառների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման նպատակն էր ներկաներին ծանուցել Վրաստանում գործող «Վրաստանի Հայ Կրթական և Մշակութային Միություն» կազմակերպության գործունեության և ծրագրերի հետ։
Հանդիպմանը ներկա էր Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը, որի տերունական աղոթքով էլ սկսվեց հանդիպումը։
Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի Հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող պրն․Արտակ Գաբրիելյանը ողջունելով ներկաներին ,հայտնեց իր շնորհակալությունը Ախալքալաքի շրջանի կրթության ու մշակույթի երախտավորներին,որ իրենց ներկայությամբ հարգել են հրավերը։ Նա համառոտ ներկայացրեց Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության հետապնդած նպատակներն ու առաքելությունը, հիմնադրումից՝1928թ-ից, առ այսօր անցած ուղին , հայության աշխարհասփյուռ շրջաններում Միության իրականացրած բազում հայապահպան ծրագրերը,որոնք ծառայել և շարունակում են ծառայել կրթությանը, մշակույթի պահպանմանը, զարգացմանն ու տարածմանը։ Անդրադառնալով Ջավախքում Համազգայինի գործունեությանը, պարոն Գաբրիելյանը տեղեկացրեց, որ Միության գրասենյակը Ախալքալաքում է,որի պատասխանատուն Կ․ Թադևոսյանն է։ Գրասենյակը մտավորականների համար կլինի մի այցեվայր, որտեղ նրանք կարող են խորհրդակցել, ներկայացնել առաջարկություններ, համատեղ մշակել ծրագրեր,միջոցառումներ՝ի նպաստ Ջավախքում մշակույթի պահպանմանն ու զարգացմանը։ Վրաստանում գործող Համազգայինը հայ- վրացական մշակութային դարավոր բարեկամական կապերի առավել ամրապնդման նպատակով պետք է համագործակցություն ձեռք բերի Վրաստանի և Հայաստանի մշակույթի հարցերով զբաղվող համապատասխան պետական գերատեսչությունների հետ։
Մշակույթի և կրթության տարբեր բնագավառների ներկայացուցիչները իրենց ուրախությունն ու գոհունակությունը հայտնեցին Վրաստանում գործող Համազգայինի համար և պատրաստակամություն՝ համատեղ մշակելու,իրականացնելու բազմաբնույթ ծրագրեր, որոնց պակասը զգալիորեն շատ է ։
Ախալքալաքի շրջանային մշակույթի տան տնօրեն Աշուղ Ալիք- Ջավախքը իր ելույթում շեշտեց, որ Համազգայինի մուտքը Վրաստան՝ շատ է ուշացած,քանի որ Ջավախքը լինելով աշուղների, գրողների, նկարիչների, երգիչների հայկական գողտրիկ աշխարհ, հայկական մշակույթի պահպանման ու զարգացման համար բազում դժվարություններ ունի։
Բանաստեղծ Սիլվա Սիփանուհին հուզված էր, նրա համար գերագույն աչքալուսանք էր՝լսել Համազգայինի մուտքի մասին Ջավախք,մեծ սպասումների ակնկալիքով․ Ջավախքի ստեղծագործողներին,արվեստի տարբեր բնագավառների գործիչներին ճանաչելի դարձնելը աշխարասփյուռ հայությանը։ Մայրենի լեզվի և գրականության բազմավաստակ մանկավարժները այս մտերմիկ հավաքը համեմատեցին թումանյանական «Վերնատան» անդամների հավաքի հետ,որտեղ կարելի էր անկեղծ խոսել, խորհել, առաջարկել, բանավիճել, որոշում կայացնել,ծրագրել․․․․․․
Հանդիպումը ջերմ էր ու անկաշկանդ․ մտավորականները ըմբոշխնեցին գրող Գուրի Եթերի ստեղծագործությունները՝ նրա փոքրիկ թոռնուհու ընթերցմամբ, բանաստեղծներ Եվա Չիվչյանի,Սիլվա Սիփանուհու ու Բարդուղեմիոս Շաշիկյանի ստեղծագործությունները՝ հեղինակների ընթերցմամբ։ Ներկաներից ամեն մեկը արտահայտեց իր հոգեկան բավարարվածությունը այս հիշարժան ու շատ կարևոր գործունեության սկիզբն ազդարարող օրվա համար և շնորհակալ եղան կազմակերպիչներին։
«Համազգայինի գործունեությունը Վրաստանում սկսվել է տարիներ առաջ․ 2016թ․ նրա հովանավորությամբ կառուցվեց Ախալքալաքի Երիտասարդական Կենտրոնի նոր մասնաշենքը,որը կրում է Համո Օհանջանյանի անունը։ Իսկ 2018թ․ սեպտեմբերին կազմակերպված գիտաժողովը՝նվիրված Վրաստանի և Հայաստանի անկածության վերականգնման 100-ամյակի,հովանավորվեց Համազգայինի կողմից։ Առաջիկայում Միության հերթական միջոցառումը Ջավախքում կլինի Աշուղ Ալիք-Ջավախքի ծննդյան 70-ամյակին նվիրված Մեծարման երեկոն, որը կանցկացվի 2020թ․հունվարի 26-ին»,- ասաց պարոն Գաբրիելյանը։ Բոլորը արժևորեցին Աշուղի բազմամյա մշակութային գործունեությունը Ջավախքում և ողջունեցին նման սկիզբով կազմակերպության մուտքը Վրաստան։
Վրաստանի Հայ Կրթական և Մշակութային Միությունը առաջիկայում նման հանդիպումներ է կազմակերպելու նաև Ախալցխայի, Նինոծմինդայի և Ծալկայի շրջանների հայ մտավորականների հետ։