կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-15 19:01
Հասարակություն

Տրանսպորտի ուղեվարձը 70-90, թե՞ 200 դրամ. բանավիճում են ոլորտի խնդրով զբաղվողները

Տրանսպորտի ուղեվարձը 70-90, թե՞ 200 դրամ. բանավիճում են ոլորտի խնդրով զբաղվողները

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամները չեն մասնակցել հանրային տրանսպորտի ուղեվարձերի սակագինը քննարկող հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ քաղաքապետից այդպես էլ պարզաբանում չի ստացվել, թե ինչ չափորոշիչներով ու նպատակով պետք է այն աշխատանքներ իրականացնի. «Մեդիակենտրոն»-ում այսօր կայացած բանավեճի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության եւ Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը' հավելելով, որ իրենք մասնակցել են միջազգային խորհրդատուի զեկույցի ներկայացմանը:

 

«Այդ հաշվարկը կատարվեց մի պարզ նպատակով, որպեսզի ցույց տրվի, որ «բալը թանկ է»: Եվ շվեդացի, չգիտեմ` ինչ ազգի փորձագետը ներկայացրեց, ու դրանով, ըստ էության, իշխանությունները ուզում էին ասել, թե տեսեք' օտարն էլ է ասում, որ «բալը թանկ է»,- նշեց նա:

 

Հանձնաժողովի ու միջազգային փորձագետի կողմից կատարված հաշվարկների վերաբերյալ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ  Բաբկեն Պիպոյանն էլ  նշեց, թե իրականում հաշվարկները կատարել է «Այ Թի Էս Սի» ընկերությունը, որը միջազգային փորձագետ չէ, իսկ հաշվարկների կապակցությամբ իր բարձրացրած հարցադրումների ժամանակ ընկերությունը փորձել է իր վրայից գցել պատասխանատվությունը' նշելով, թե մեթոդաբանությունը միջազգային խորհրդատուն է իրեն տրամադրել, բայց այդպես էլ չի մանրամասնել, թե ինչ խորհրդատուի մասին է խոսքը:

 

«Նրանք դրել են լավ տրանսպորտ ու այդ տրանսպորտի համար նախատեսված ծախսը եւ համեմատել փաստացի ուղեւորահոսքի հետ' առանց հաշվի առնելու փաստացի վատ տրանսպորտի ծախսերը: Այս մոտեցումն անընդունելի է, քանի որ լավը վատի հետ չեն համեմատում»,- նշեց Բաբկեն Պիպոյանը:

 

Անդրադառնալով միջազգային փորձագետին' Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը նշեց, թե դա ՀԲ-ի կողմից երաշխավորված օպերատոր է, որը 2011 թվականից գտնվում է Հայաստանում: Բայց մի ուշագրավ դիտարկում էլ ներկայացրեց նա` նշելով. «Հանձնաժողովը չի ստեղծվել նրա համար, որ որոշվի սակագին, մենք սակագնի մասին չենք խոսում, այլ քննարկում ենք, թե ինչ գնով կարող է սպասարկել տրանսպորտը, եթե նորմալ սպասարկի: Այսինքն' մարդու արժանավայել երթեւեկելու համար: Մեզ համար կարեւոր չէր, թե սակագինն ինչ կստացվի, այլ շարժել գործարարների հետաքրքրությունը, որպեսզի նրանք նոր ավտոբուսներ ներկրեն ու արժանավայել սպասարկում մատուցեն»:

 

Նաիրա Նահապետյանի մեկ ուշագրավ հայտարարություն եւս` անցկացված հարցումների արդյունքում քաղաքացիների տված պատասխանից պարզ է դարձել, որ բոլորի համար առաջնային խնդիրը արժանավայել երթեւեկելն է, այլ ոչ թե տրանսպորտի ուղեվարձի չափը: Բայց ավագանու ՀՀԿ-ական անդամը, ամեն դեպքում, շեշտեց, թե միջազգային խորհրդատուի կողմից հրապարակված սակագինն անընդունելի է քաղաքապետարանի համար:

 

Բանավեճին մասնակցում էր նաեւ Ուղեւորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը: Նա նշեց, որ միջազգային փորձագետի կողմից օբյեկտիվորեն որոշվեց, որ ուղեւորափոխադրողների կատարած  աշխատանքն արժե շատ ավելին, քան այժմ վճարում են, ինչին անմիջապես արձագանքեց Բաբկեն Պիպոյանը' ընդգծելով, որ փորձագետը սակագինը այսօրվա պայմանների համար չի որոշել, այլ օրինակելի երթեւեկության:

 

Հեռու մնալով մտքից, թե երեւանցիները ինչքանով են ընդունակ բարձր սակագին վճարել տրանսպորտի համար,  Եղիազարյանն անկեղծորեն նշեց. «Դա մեր' ուղեւորափոխադրողի հոգսը չէ, այլ ուրիշ մարմնի: Եկեք, նստենք ու քննարկենք: Փոխադրողն ընդամենը փոխադրող է»:

 

Բաբկեն Պիպոյանը հռետորական հարց բարձրացրեց' եթե 150 դրամ սակագինն ընդունելի տարբերակ է եւ օբյեկտիվ, ապա ինչո՞ւ քաղաքապետարանը չի դիմել կառավարությանը' 50 դրամը դոտացիա հատկացնելու համար: Բայց հենց Պիպոյանն էլ պատասխանեց այս հարցին, որ այդ դեպքում տրանսպորտի ուղեվարձի սակագնի հաշվարկը կկատարեր ֆինանսների նախարարությունը, որն այնքան էլ հակված չէ ավելի գումարներ ծախսել` մանրամասն ուսումնասիրելով գնագոյացումը, եւ այդ դեպքում թե' քաղաքապետարանը, թե' ուղեւորափոխադրողները բարդ խնդրի առջեւ կկանգնեին:

 

Պիպոյանի հարցին էլ' եթե շահավետ գործունեություն չէ հանրային տրանսպորտ շահագործելը, ուղեւորափոխադրողներն ինչո՞ւ չեն հրաժարվում, Հրանտ Եղիազարյանը պատասխանեց, թե մարդիկ ծախս են արել, նոր շարժակազմեր են ձեռք բերել ու հիմա շահագործում են, որ վնասները նվազեն:

 

Պիպոյանը, մատնանշելով հենց միջազգային փորձագետի հաշվարկները, համեմատեց դիզելով ու գազով աշխատող ավտոբուսների ծախսերը եւ հարց բարձրացրեց. «Ո՞ր երեւանցին է մեղավոր, որ մասնավոր ընկերությունը որոշել է դիզելով շահագործել ավտոբուսը: Եթե «Մերսեդես» ավտոբուսներով աշխատեին, ապա ծախսը 120 հազար դոլար ու ինքնարժեքը ավելի բարձ պետք է լիներ»:

 

Իսկ բոլոր հարցերի լուծումը Բաբկեն Պիպոյանը տեսնում է արդյունավետ կառավարման համակարգի ներդրման մեջ:

 

Դիզելի մասով` ուղեւորափոխադրողների միության նախագահը նշեց, թե ամբողջ աշխարհում ընդունված է, որ պետք է ավելի անվտանգ կազմակերպվեն ուղեւորափոխադրումները (այս դեպքում ստացվում է, որ գազով աշխատողները վտանգո՞ւմ են ուղեւորների կյանքը), իսկ ավագանու ՀՀԿ-ական ներկայացուցիչ Նաիրա Նահապետյանը հիշեց էկոլոգիական խնդիրների մասին. «Իսկ Երեւան քաղաքի էկլոլոգիական վիճա՞կը... Մեր երեխաներն ապրում են այս քաղաքում եւ շնչում են այս օդը: Այս առումով' դիզելայինն ավելի նախընտրելի է»բ:

 

Ինչ վերաբերում է արդյունավետ ցանցի ստեղծմանը, ապա, Նահապետյանի հավաստմամբ, աշխարհում գոյություն ունեն մի քանի կազմակերպություններ, որոնք նման աշխատանքներ են կատարում եւ կարող են հաշվարկել, թե որ քաղաքին ինչպիսի տրանսպորտային ցանց է պետք, եւ որոնց ծառայությունները բավականին թանկ արժեն: Այս դիտարկմանն, ի դեպ, Բաբկեն Պիպոյանն արձագանքեց. «50 հազար եվրո...»:

 

Պիպոյանը նաեւ մի քանի հաշվարկ ներկայացրեց, ըստ որոնց' նույն միջազգային փորձագետի ներկայացրած թվերով' ամենապիկ ժամերին առավելագույն ուղեւորահոսքը կազմում է 38 հազար մարդ: Այդ դեպքում տարրական հանրահաշվով, ըստ Պիպոյանի, միեւնույն պահին այդ ուղեւորահոսքը միաժամանակ կազմակերպելու համար կպահանջվի 1100 միավոր 35 տեղանոց ավտոբուս: Այնինչ' 32000 ուղեւորահոսքը, ներկա դրությամբ, փորձում են կազմակերպել 1300 միավոր շարժակազմով' միկրոավտոբուսներով ու ավտոբուսներով:

 

Բացի այդ, նշեց Պիպոյանը' տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցում քաղաքապետարանի քաղաքականությունը հակասում է երկրի  որդեգրած քաղաքականությանը' ՄՄ անդամակցության պարագայում ուղեւորափոխադրումները կազմակերպելով Չինաստանից ներմուծված ավտոբուսներով, այլ ոչ ռուսական «ՊԱԶ»-երով: Ընդ որում, Պիպոյանի հավաստիացմամբ,  «ՊԱԶ»-ն առաջարկում է 1100 միավոր մեքենան տրամադրել քաղաքապետարանին' առանց նախնական ներդրման, ժամանակի ընթացքում փակելու պայմանով: Սա այն դեպքի համար, եթե քաղաքապետարանը որոշի մունիցիպալ տրանսպորտով կազմակերպել ուղեւորափոխադրումները: Պիպոյանը նաեւ քաղաքապետարանի տրամադրած ' տրանսպորտի համար կատարվող ծախսերի թվերը համադրել է իր հաշվարկած ուղեւորահոսքի հետ եւ գտնում է, որ ուղեվարձը կարող է լինել 70-90 դրամի շրջանակներում:

 

Ուղեւորափոխադրողների միությունում էլ են հաշվարկ կատարել, ընդ որում' դեռեւս 2008 թվականից, եւ այդ հաշվարկներով` սակագինը պետք է լինի 200 դրամ, որի 150 դրամը ստացվի  ուղեւորից, 50 դրամը' դոտացիայով:

 

Վերջում հարցին ի պատասխան` քաղաքապետարանը կորոշի թանկացնե՞լ, թե՞ սակագինը պահել նույնը, տարբեր կարծիքներ հնչեցին' ուղեւորափոխադրողների ներկայացուցիչը համարում է, որ կթանկացվի, Պիպոյանը' որ չի թանկացվի, Բախշյանը' որ դա քաղաքական որոշման խնդիր է: