Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փոխադրողների միության» նախագահ Հրանտ Եղիազարյանը պահանջում է բարձրացնել տրանսպորտի ուղեվարձը: Նա սպասում է համապատասխան հանձնաժողովների աշխատանքների ամփոփմանը, երբ վերջապես կհայտարարվի` կբարձրացվի՞ արդյոք տրանսպորտի գինը և որքան կբարձրացվի: Yerkir.am-ի հետ զրույցում նա հայտնեց, որ տրանսպորտի գնի հաշվարկման ուղղությամբ աշխատող հանձնաժողովներն ավարտել են իրենց աշխատանքները, ներկայումս ընթանում են հաշվարկների ամփոփման աշխատանքները:
Այն հանձնաժողովը, որում ներառված է «Փոխադրողների միությունը», կատարել է իր հաշվարկները, ներկայացրել ծախսերը: Անկախ հանձնաժողովի կողմից կատարվել է ամբողջ քաղաքի ուղևորահոսքերի ուսումնասիրություն:
«Թե ի՞նչ կորոշի հանձնաժողովը, ի՞նչ գնի վրա կկանգնի, մենք դեռ չգիտենք: Ամփոփման աշխատանքները կավարտվեն, հանձնաժողովները կհամադրեն արդյունքները, կհամաձայնեցնենք տրանսպորտի այն գինը, որի դեպքում կունենանք շահութաբեր ընկերություններ: Ամեն դեպքում փոխադրողների ցանկությունն է, որ տրանսպորտի գինը բարձրանա»,- ասաց Հրանտ Եղիազարյանը` հավելելով, որ իրենց ցանկությունն է աշխատել 150 դրամ ուղեվարձով` պայմանով, որ իշխանությունները 50 դրամ դոտացիա տան:
Հարցին` եթե հանձնաժողովը որոշի չբարձրացնել ուղեվարձը, որո՞նք են լինելու փոխադրող ընկերությունների քայլերը, Հրանտ Եղիազարյանը պատասխանեց. «Ավելի լավ ա չասեմ: Դիմելու ենք ռադիկալ միջոցների` ընդհուպ մինչև երթուղիների սպասարկումից հրաժարում»: Նրա խոսքով` մի քանի երթուղիներ փակման եզրին են, և ոչ մի օպերատոր չի ցանկանում այն շահագործել, ուստի եթե իրենք հրաժարվեն սպասարկել, ոչ ոք չի գալու ու շահագործի դրանք:
Ինչ վերաբերում է ուղեվարձի բարձրացման դեպքում սպասարկման որակի բարձրացմանը, Հրանտ Եղիազարյանը նշեց, որ անգամ եթե ուղեվարձը բարձրանա, տրանսպորտի որակը միանգամից չի լավանա: Անհրաժեշտ կլինի ևս 3 ամիս, որպեսզի այդ ընթացքում կուտակած պարտքերը մարեն, դառնան շահութաբեր ընկերություններ, դիմեն բանկերին, վերցնեն վարկեր, գնեն լավ որակի մեքենաներ եւ նոր միայն լավացնեն սպասարկման որակը: «Հիմա ոչ մի բանկ չի ուզում մեզ հետ սեղան նստել: Ոչ ոք մեզ լուրջ չի ընդունում, որովհետև մենք ռիսկային գոտում ենք գտնվում նման ուղեվարձով»,- ասաց նա: