|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Որևէ գործատու իրավունք չունի, առանց անձի կամքի, վճարումներ կատարելու, բացառությամբ` եթե աշխատողն ինքն է ցանկություն հայտնել, որ վճարումն արվի. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը եւ հայտնեց, որ իրենք շարունակելու են չվճարել պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարը:
Հարցին, թե ինչպե՞ս են գործելու, եթե հաշվի ենք առնում այն, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վիճարկվող դրույթները ՍԴ որոշմամբ հակասահմանադրական և անվավեր ճանաչվելուց հետո էլ մեկնաբանություններ են հնչում, թե օրենքը գործելու է մինչև սեպտեմբերի 30-ը, Հայկ Չոբանյանը պատասխանեց. «Նույն հակասական մեկնաբանությունները կային նաև մինչև այս որոշումը, այսինքն` ՍԴ-ն մի բան էր ասում, ֆինանսների նախարարությունը` մեկ այլ բան: Այդ մեկնաբանությունների իրարամերժությունը ցույց է տալիս, որ կա որոշակի հակասություն` ստեղծված իրավիճակի և տարբեր իրավական ակտերի առումով, իսկ այս պարագայում ՀՀ օրենսդրությունն ամրագրում է, որ հակասության և կամ թերըմբռնումների դեպքում օրենքը գործում է հօգուտ քաղաքացու: Մենք պարտադիր կուտակային վճարը չենք վճարելու: Ավելին` մինչ այս մենք պահումներ արել էինք, հիմա մենք վճարել ենք այդ գումարները մեր աշխատողներին»:
Ներկայումս գործատուների համար կա մեկ այլ հուզող հարց` Պետական եկամուտների կոմիտեին էլեկտրոնային տարբերակով ներկայացվող հաշվետվությունները լրացնելիս մեխանիկորեն հաշվարկվում է կուտակային պարտադիր վճարը, և այս դեպքում գործատուներն ու հաշվապահները չեն կողմնորոշվում` ինչ անել:
Սրա վերաբերյալ Հ. Չոբանյանն ասաց, որ մինչ ՍԴ որոշումը ՊԵԿ-ը համապատասխան պարզաբանում է տվել, համաձայն որի` թեև մեխանիկորեն հաշվարկը կատարվում է, սակայն վճարումը կարող է չկատարվել: Եվ այս դեպքում նույնպես, քանի որ տեխնիկական այլ լուծում չկա, հաշվարկը կարող է կատարվել, սակայն վճարումները չեն արվի: Հ. Չոբանյանը շեշտեց, որ իրենք այդպես են անելու: