Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցրտահարությունից ամենաշատը տուժած համայքներից մեկն էլ Արմավիրի մարզի Մայիսյան համայնքն է, որի ղեկավար Եսայի Մովսիսյանը Yerkir.am-ին հայտնեց, որ ծիրանի, տանձի, դեղձի այգիներն ամբողջությամբ ցրտահարվել են, նաեւ խաղողը' սեղանի սորտերը, որոնք բացված են եղել: Երեկ գիշերը համայնքում գրանցել է -10 աստիճան ցուրտ` ըստ Ցելսիուսի, եւ եթե այս գիշեր էլ այդքան ցուրտ լինի, ապա սալորն էլ փրկել չի լինի:
Համայնքը 560 տնտեսություն ունի' 2019 հոգի բնակչությամբ, անխտիր բոլորը տուժել են: Ըստ Մովսիսյանի` չկա մի տնտեսություն, որ տուժած չլինի: Ձեռնարկված միջոցառումների արդյունավետության առումով էլ համայնքի ղեկավարը նշեց. «20 սանտիմետր ձյուն է դրել, ի՞նչ միջոց ձեռնարկեինք: Ծխահարելն էլ, ոռոգումն էլ այդ դեպքում սխալ բաներ են, հնարավոր չի ձյան դեմ պայքարել: Դա բնության աղետ է, ու ո'չ պետությունը, ո'չ կառավարությունը, ո'չ էլ որեւէ մեկն ի զորու չէր ինչ-որ ձեւով օգնել: Շատ չարչարվեցինք, բայց ինչ էլ արեցինք, անօգուտ էր»:
Համայնքի ղեկավարը նշեց, որ վաղն էլ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արեմն Գեւորգյանն է այցելելու իրենց մարզ' համայնքների ղեկավարների հետ քննարկելու, թե ինչ մոտեցում պետք է կիրառի պետությունը աղետից տուժած համայնքների նկատմամբ: Ամեն դեպքում` համայնքապետերը հասկանում են, որ այս աղետի հետեւանքների մեղմման համար համալիր մոտեցումներ պետք է կիրառվեն, իսկ դրա համար ժամանակ է հարկավոր: Թեեւ հասկանում են նաեւ, որ պետությունն ի վիճակի չէ բոլոր խնդիրները լուծել:
Ըստ Եսայի Մովսիսյանի` համարյա բոլոր գյուղացիները վարկեր ունեն, ու մեծամասնության հույսը տարվա բերքն էր, որ փչացավ: «Ծիրանի բերքը չկա: Մարդիկ արդեն պետք է զբաղվեն բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ` պոմիդոր, վարունգ ցանեն, ձմերուկ եւ այլն, ու գոնե այդ ձեւով ինչ-որ կերպ հարցերի մի մասը լուծեն: Դեռ մի ամիս ժամանակ կա, տեսնենք` ինչպես կկարողանանք դա կազմակերպել»,- ասաց նա` հավելելով, որ դրա համար, սակայն, ահռելի միջոցներ ու ջանքեր են պահանջվում, մեծ ծախսեր' դաշտերը պետք է նորից վարել-ցանել, դրա համար փող է պետք, վառելիք եւ այլն: «Ծախս է, բա ինչ է...»,- վերջում ընդգծեց համայնքապետը: