կարևոր
5059 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-10 17:47
Հասարակություն

Երկրաշարժից ավիրված հայկական գյուղի գյուղապետ․ «Մեր թիվը մի լա՜վ նվազեց, եկե՛ք պահպանենք մեր գյուղը»

Երկրաշարժից ավիրված հայկական գյուղի գյուղապետ․ «Մեր թիվը մի լա՜վ նվազեց, եկե՛ք պահպանենք մեր գյուղը»

Օրալ Չալըշլար

Նախ Թաթյոսին զանգահարեցի։ Նրա ընտանիքն ապրում է Թուրքիայի միակ հայկական գյուղը եղող Վաքըֆլըում։ Պարզվում է՝ մարդկային կորուստ չեն ունեցել։ Վաքըֆլըն մի գյուղ է, որ ենթակա է Հաթայ նահանգի Սամանդաղ գավառին։ Խոսեցի գյուղապետ Պերճ Քարթունի հետ։ Գյուղը լիովին ավիրվել է։ Երկրաշարժից շատ ազդված 30 կանանց և երեխաներին Ստամբուլ են ուղարկել։ Որոշ մարդիկ գնացել են Իսքենդերուն։ Գյուղապետ Քարթունը պատմում է իրերի դրության մասին․ «Այս գյուղի թիվը հետզհետե նվազում է։ Երկրաշարժը մեծ ավեր գործեց։ Այս գյուղի չանհետանալու համար անհրաժեշտ է պետության աջակցությունը․․․»։

Քարթունը նշելով, որ թեև Վաքըֆլըում մահեր չեն գրանցվել, սակայն երկրաշարժի գոտում հայկական համայնքից ընդհանուր 9 հայ է զոհվել, որոնցից 6-ն ապրում էր Հաթայում, իսկ 3-ը՝ Մալաթիայում, հավելում է․ «Ժամը 04։30-ի կողմերը, երբ երկրաշարժն սկսեց, ես և ընտանիքս տնից մինչև ճանապարհ հասանք, այսինքն՝ 150-200 մետր վազեցինք, երկրաշարժը դեռ շարունակվում էր։ Առաջին օրը այսչափ վնաս չունեցանք, որքան՝ այսօր։ Վերջին, այսինքն՝ երրորդ երկրաշարժի ժամանակ կենտրոնին մոտ էինք գտնվում։ Վերջինը թեև կարճ տևեց, բայց բավականին արագ էր։ Այդ վերջին երկրաշարժի ժամանակ մեր տները մի լավ ավիրվեցին։

35 տուն բնակչություն ունենք, 130-ի չափ բնակիչ։ Երկրաշարժից անմիջապես հետո մոտ 30 հոգի Նորին վեհափառություն Պատրիարք Մաշալյանի ուղարկած ավտոբուսով Ստամբուլ տեղափոխվեցին։ 20 հոգի էլ Իսքենդերուն գնացին, իրենց մտերիմների մոտ։ Նրանց մեծ մասի հոգեկան վիճակը խաթարված էր։ Այն, որ ի սկզբանե այստեղ օթևանելու վրաններ չկային, շատ էր բարդացնում այստեղի կյանքը։

Կարպիսի թեյարանում վրանի տակ մի տեղ պատրաստեցինք, որ նման էր նախաճաշ անելու փոքրիկ սրահի։ 3 օր շարունակ աթոռների վրա պառկելով, ցրտից դողդողալով՝ անցկացրեցինք մեր գիշերները։ Վախից այլևս չկարողացանք տներ մտնել։ Լավ է, որ չենք մտել։ Երրորդ երկրաշարժի ժամանակ եթե տներով ցրված լինեինք, մարդկային կորուստ կունենայինք։ Գյուղում 15 տուն մեծ վնաս կրեց։

Մի քանի շենք կանգուն մնաց՝ մանր-մունր ճաքեր տալով։ Եկեղեցին էապես վնասվեց։ Քիչ առաջ Քադըքյոյի շրջանի կառավարիչ Շերդիլ Դարա Օդաբաշըի հետ շրջեցինք, պարզվեց, որ եկեղեցին լիովին ավերակ վիճակում է։ Ներկա պահին մոտ 25 վրան ունենք, որտեղ էլ մնում ենք։ Նույն վայրում՝ Կարպիսի թեյարանում ենք նախաճաշում, ճաշում և ընթրում։ Ողջ լինեն՝ ամեն տեղից օգնություն է հասնում։ Բարերարներին շատ շնորհակալություն ենք հայտնում։ Փառք Աստծո, 4 հետո օգնությունը ջրի պես հոսեց։

Մնացյալը պետությունից ենք ակնկալում։ Ավիրված տներն ինչպե՞ս են վերականգնվելու։ Պետության կողմից դրամակա՞ն աջակցությամբ, թե՞ այլ ուղիներով։ Պետք է ամեն բան անենք, որպեսզի կանխենք մարդկանց՝ այս գյուղը լքելը։ Դրա համար նախ և առաջ պետք է կացարանի խնդիրը լուծել։

120 հոգի է մնացել

Գյուղի բնակչության թիվը նվազել է և դարձել 120 հոգի։ Չենք ուզում այդ թիվն էլ կորցնել։ Ջանքեր ենք գործադրում, լուծումներ որոնում Թուրքիայում մնացած միակ հայկական գյուղը կանգուն պահելու նպատակով։ Ամեն այցելուից աջակցություն ենք խնդրում գյուղը պահպանելու համար։ Շատ մեծ աղետ ապրեցինք։

Այսպես չի կարող շարունակվել։ Ինչպես իմ գյուղի, այնպես էլ Հաթայի՝ հնարավորինս արագ վերականգնման համար պետք է ջանքեր ցուցաբերենք։ Հաթայը քաղաքակրթությունների քաղաք էր։ Պետք է Հաթայի նախկին գեղեցկությունը վերականգնենք և վերստին կյանք հաղորդենք նրան։ Ողջ լինեն։ Լինի մեր նախագահը, թե հրամանատարները՝ մեզ մենակ չեն թողնում։ Երախտապարտ ենք նրանց բոլորին»։

https://www.posta.com.tr/yazarlar/oral-calislar/depremle-yikilan-ermeni-koyunun-muhtari-sayimiz-iyice-azaldi-bu-koyu-yasatalim-2616491

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net