Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԵՊՀ ուսանողների և դասախոս Նարինե Մկրտչյանի առաջարկությունը, միջազգային հարաբերությունների ֆակուլտետում հանդես է եկել դասախոսությամբ:
Դասախոսության սկզբում նախարարը փոքրիկ հարցում է անցկացրել` պարզելու, թե ովքեր են կողմ նախարարության քաղաքականությանը բարձրագույն կրթության ոլորտում, և նախանշելու ուսանողներին առավել մտահոգող հարցերը: Աշոտյանը մատնանշել է բարեփոխումներից դժգոհությունների հնարավոր պատճառները:
«Կարծում եմ` առաջին պատճառն ուսումնառությունից հետո աշխատանք գտնելու հարցն է, որը, ի դեպ, այդքան էլ կապ չունի կրթության հետ, և երկրորդ` հետևանք է ձեր` մասնագիտության ազատ ընտրության: Այնպես որ` այս հարցում պետք է պատասխանատվությունը կիսել: Դժգոհության երկրորդ պատճառը, կարծում եմ, ուսման վարձերի բարձր լինելն է: Սակայն ուզում եմ հարց տալ` ձեզանից քանի՞սն են, լավ սովորելով, արդարացնում իրենց ծնողների ծախսերը: Համոզված եմ, որ այսօր վատ սովորողների ճնշող մեծամասնությունը կորցրել է երախտիքի զգացումն իր ծնողների նկատմամբ: Եվ երրորդ` կա տարբեր ուսանողություն` 25-30 տոկոսը դրա փայլուն հատվածն են, նույնքանն էլ կազմում են վատ սովորող ուսանողները, մնացածը միջանկյալ հատվածն է, այսինքն` նրանք, ովքեր կարող են դառնալ ավելի լավը, բայց կորցրել են հավատը կրթության հանդեպ»,- ասել է նախարարը:
Ըստ նրա` սովորելու համար պետք է մոտիվացիա լինի: «Առաջին` լավ սովորելով` դուք ապահովում եք ձեր բարեկեցիկ ապագան: Գիտելիքը պետք է ուղիղ կապ ունենա բարեկեցության հետ: Այս ճշմարտությունը, ցավոք, մեր երկրում լիարժեք չի գործում, սակայն ուզում եմ փաստել, որ հարյուրավոր երեխաներ իրենք են իրենց ճանապարհը բացել: Երկրորդ` ընդունվել եք բուհ, որովհետև այդպես է ընդունված, և այն նաև իմիջային հարց է: Սակայն սա ևս լիարժեք օրինաչափություն չէ Հայաստանում. այսօր չափից շատ ուսանողներ են ընդունվում բուհեր, և, այսպես ասած, ընտրյալների շարքը ընդլայնվել է, ուստի որոշակի արժեզրկում է տեղի ունեցել: Եվ երրորդ` ընդունվել եք, որպեսզի բարձրանաք սոցիալական հիերարխիայով, որը ևս լիարժեք օրինաչափություն չէ մեր երկրում: Այսինքն` այս երեք մոտիվացիաները դեռևս բացարձակ չեն Հայաստանի պարագայում, և փաստացի` ուսանողների մոտ առկա է որոշակի հիասթափություն: Ուզում եմ ձեզ, սակայն, հավաստիացնել, որ հաղթում է այն մարդը, ով հավատում է այս երեքից գոնե երկուսին»,-ասել է նախարարը:
Աշոտյանը, դիմելով ուսանողներին, խորհուրդ է տվել օրական առնվազն 10 էջ ընթերցել, հակառակ պարագայում, ըստ Աշոտյանի, այդ օրը կարելի է կորած համարել: