Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չենք կարող ասել, որ բոլոր սեփականաշնորհված հողերը հետ ենք վերադարձնելու պետությանը, կարող ենք ասել, որ բոլոր այն դեպքերում, երբ պարզվի` տեղի է ունեցել ապօրինություն, այդ հողերը կվերադարձվեն Հայաստանին: Այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորվեգացի լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է լուծում տալ այն հողատարածքների սեփականաշնորհման գործընթացներին, որոնք չեն օգտագործվում իրավական պատճառներով:
«Մենք այս ուղղությամբ ունենք կոնկրետ գործընթացներ, որովհետև, օրինակ, հիշում եմ, երբ անցյալ տարվա ամռանը այցելեցի Մեղրու անցակետ և Մեղրու ազատ տնտեսական գոտի, հենց տեղում արձանագրեցի, որ այս տնտեսական գոտին, չնայած այդպիսի ընդարձակ լուսաբանմանը և քարոզչությանը, ընդհանրապես հողատարածք չունի: Բնականաբար, դա առաջին իսկ հայացքից շատ տարօրինակ փաստ էր, և մենք սկսեցինք այդ հարցով զբաղվել: Պարզվեց`հայտնի բարձրաստիճան պաշտոնյաներ Մեղրու ազատ տնտեսական գոտու շուրջը եղած բոլոր հողերը սեփականաշնորհել են` որպես կառավարության ներկայացուցիչ իմանալով, որ այդ տարածքում ներդրումային նախագիծ է իրականացվելու, ընդ որում` ծիծաղելի գներով: Առաջին բանը, որ մենք արեցինք, ինչի համար վաղը մեզ լրջորեն կքննադատեն, լուր ուղարկեցինք` եկեք, կամավոր վերադարձրեք այդ հողերը պետությանը: Քաղաքավարի խնդրեցինք, ու մեզ մերժեցին: Այս գործարքներին ավելի մանրամասն ծանոթանալուց հետո հիմա հարուցված է քրական գործ, ու կասկած չկա, որ կապացուցվի, որ այստեղ տեղի է ունեցել չարաշահում»,- նշեց Փաշինյանը` հավելելով. «Օրինակ` Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայությունը, մինչև գործը դատարան ուղարկելը, արդեն իսկ բազմաթիվ կեղծ մրցույթների փաստեր է բացահայտել, և այդ գործերն ուղարկել է տարածքային կառավարման նախարարություն: Մեր օրենքը հնարավորություն տալիս է, որ այդպիսի աճուրդները չեղյալ համարվեն, և հողերը վերադարձվեն համայնքներին»:
Վարչապետը հավաստիացրեց, որ այդ գործընթացը շարունակական է լինելու: «Չենք կարող ասել, որ բոլոր սեփականաշնորհված հողերը հետ ենք վերադարձնելու պետությանը, կարող ենք ասել, որ բոլոր այն դեպքերում, երբ պարզվի, որ տեղի է ունեցել ապօրինություն, այդ հողերը կվերադարձվեն Հայաստանին: Այո’, մենք ունենք հողի խնդիր: Կան ներդրումային այնպիսի ծրագրեր, որոնք չեն իրականանում, քանի որ նախկին պաշտոնյան սեփականաշնորհել է հողերը: Երբ իմանում են, որ կա հետաքրքրություն, մի 10 անգամ ավելի գին են ասում` նշելով, որ «իմ հողի գինն էս ա, ուզում ես ուզի, չես ուզում` ուզի»: Մի 2 օր առաջ Ռանչպար համայնքում էի, ու մարդիկ խոսում էին ավազահանքի մասին: Պարզվեց, որ սեփականատերերը նախկին և գործող բարձրաստիճան պաշտոնյաներ են: Ես հիմա հանձնարարել եմ Վերահսկողական ծառայությանը` գնալ և ստուգել, թե այս գործարքը, որը տեղի է ունեցել, արդյո՞ք օրինական է, թե՞ ոչ: Բարձրաստիճան պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերած փող կամ գույք ունենալու դեպքում ներկայանալ իրավապահ մարմիններ ու տալ խոստովանական ցուցմունք»,- ասաց Փաշինյանը: