կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-28 20:46
Քաղաքական

«Ժառանգությունը» համաձայն չէ Ղրիմի հարցով ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության հետ. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգությունը» համաձայն չէ Ղրիմի հարցով ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության հետ. Րաֆֆի Հովհաննիսյան

Րաֆֆի Հովհաննսիյանը դեմ է ՄԱԿ-ում Ղրիմի հարցով Հայաստանի քվեարկությանը: Այդ մասին այսօր նա ասաց լրագրողներին' հրավիրված հանրահավաքից հետո:

 

Ըստ նրա` մեր ազգային շահից բխում է, որ Հայաստանի Հանրապետությունը եւ միջազգային հանրությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն ու տարածքային ամբողջականությունը: Բայց նաեւ Հովհաննիսյանը նշեց, թե չի կարելի Արցախի հարցը համեմատել որեւէ այլ հարցի հետ կամ զուգահեռներ անցկացնել:

 

«Տարբեր մարդիկ փորձում են այդ զուգահեռը տանել, Ադրբեջանը փորձում է Արցախի հարցի ու Ղրիմի միջեւ զուգահեռներ տանել, բայց որեւէ զուգահեռ չկա, բացի այն անթույլատրելի հնարավորությունից, որ որեւէ օտար ուժ փորձի բռնակցել Արցախը: Այդ դեպքում կլինի զուգահեռ, եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ չարդարացնենք որեւէ մեկի հույսը: Մենք հարգում ենք Ուկրաինայի ժողովրդի ժողովրդավարական ընտրությունը, համարում ենք, որ իրավական, բանակցային, քաղաքական մոտեցմամբ պետք է լուծվի Ղրիմի թնջուկը»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

ՄԱԿ-ի քվերակության վերաբերյալ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշել էր, թե Հայաստանի ազգային շահից բխում էր քվեարկության ժամանակ ձեռնպահ մնալը, բայց կողմ քվեարկելը չէր բխում Հայաստանի շահից...

 

Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է Րաֆֆի Հովհաննիսյանը վերաբերվում գործընկերոջ' տարբերվող կարծիքից,  նա պատասխանեց, թե «Ժառանգության» ուժը հենց այն  է, որ իրենք հրապարակային ունեն տարբեր մոտեցումներ, ունեն բանավեճ, եւ կուսակցության վերջնական տեսակետը, անհատական տեսակետներով հանդերձ, այն է, որ «Ժառանգության» համար կարեւորը Հայաստանի սահմանադրականությունն է, ժողովրդավարությունը եւ ազգային շահը:

 

«Դա ամենակարեւորն է ու դրանից պետք է բխեցնենք մեր մնացած մոտեցումները թե' Արցախի, թե' Ուկրաինայի, թե' ցանկացած այլ միջազգային կամ ներքին հարցում»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը:

 

Իսկ ներկա դրությամբ, նշեց Ր. Հովհաննիսյանը, «Ժառանգությունը» համաձայն չէ ՄԱԿ-ում իշխանության քվեարկության հետ եւ համարում է, որ Հայաստանը նվազագույնը պետք է Չինաստանի եւ Ղազախստանի պես ձեռնպահ մնար: