կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-28 21:17
Քաղաքական

«Ժառանգությունը» համագործակցում է ուժի հետ, որին քննադատել է, քանի որ երկիրը փրկելու խնդիր կա. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգությունը» համագործակցում է ուժի հետ, որին քննադատել է, քանի որ երկիրը փրկելու խնդիր կա. Րաֆֆի Հովհաննիսյան

«Մենք համագործակցում ենք բոլոր ուժերի հետ, որոնք  պահանջում են արտահերթ իշխանափոխություն»,-, «Ժառանգություն» կուսակցության հրավիրած հանրահավաքից հետո լրագրողներին ասաց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Լրագրողների հարցին'«Ժառանգությունը» համագործակցության գնաց մի ուժի հետ, որի մասին բազմիցս հայտարարել է, որ թե' խորհրդարանական, թե' Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է բաժանել, ուստի ի՞նչ փոխվեց, ինչո՞ւ գնաց բանակցելու այդ ուժի հետ, Հովհաննիսյանը պատասխանեց, թե ամենատարբեր ուժեր ժամանակի ընթացքում «Ժառանգությանը» քննադատել են, բայց դա իրեն չի հուզում, այլ այն, որ ժողովրդի գերակշիռ մեծամասնության պահանջն իրականացվի.

 

«Եվ այդ պահանջն ակնբախ է' ամբողջական իշխանափոխություն' վերից վար: Եվ այդ պահանջը կարող ենք անել միմիայն այն դեպքում, երբ հասարակական ու քաղաքական ուժերը միասին ելնեն հրապարակ: Մնացյալը գործի հարց է: Իմ կոչն այն է, որ միասին այդ գործն անենք»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը' հավելելով, որ իրենք քննադատել են շատ ու շատ մարդկանց իրենց պահվածքի համար, նաեւ պիտակավորվել են տարբեր մարդկանց կողմից, բայց  հիմա երկիրը փոխելու, փրկելու խնդիր կա:

 

Իսկ դա անելու համար, նշեց «Ժառանգության» ղեկավարը, ժողովուրդը հասկացել է մի պարզ բանաձեւ' պետք է հիմնական ուժերը միանան:

«Ով իրեն իշխանափոխության դրոշակակիր է համարում, պետք է միանա հրապարակում' ոչ մի կուսակցական դրոշի ներքո, այլ պետական' եռագույնի տակ»,- ասաց Հովհաննիսյանը:

 

Լրագրողների հարցին' եթե այլ ուժեր հրապարակ չգան, «Ժառանգությունը» դուրս կգա՞ մյուս ուժերի հետ վարվող բանակցություններից, Րաֆֆի Հովհաննսիյանը նշեց, թե ամեն դեպքում ինքը կարծում է, որ տարբեր ուժերի միջեւ համագործակցությունը կկայանա: Վերջում նա հույս հայտնեց, որ հաջորդ նմանատիպ հավաքը կլինի համատեղ, բայց, բոլոր դեպքերում, խոստացավ ապրիլի 9-ին «Ժառանգության» հրավիրած հանրահավաքի ժամանակ համապատասխան հայտարարությամբ հանդես գալ: