Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Թատրոնի միջազգային օրն է: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր շնորհավորական ուղերձ էր հղել թատերական գործիչներին` ասելով, որ թատրոնը մեր կյանքում առանցքային տեղ է գրավում, որովհետև հայ մարդն իրեն հուզող բազմապիսի հարցերի ու խնդիրների լուծման բանալին փնտրել է նաև թատրոնում` առանձնահատուկ վերաբերմունք տածելով թատրոնի և թատերական գործչի հանդեպ: Նախարարի խոսքին դեռ կանդրադառնանք, իսկ մինչ այդ` իրականի մասին:
Թատրոնի միջազգային օրվանից մեկ օր առաջ ընդամենը Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի էր ունեցել մի միջադեպ) թիվ 114 դպրոցի աշակերտները վեճի մեջ էին բռնվել դերասաններից մեկի հետ: Կարևոր չէ` ով է մեղավոր, այսինքն` լավ էլ կարևոր է, բայց դա այնքան էլ իմ լուծելիք հարցը չէ և մեղավոր-անմեղ «կոչումներ» տալը, փաստ է` դպրոցի տնօրենն ասում է` «այլևս մեր դպրոցն այդ թատրոն ոտք չի դնի», իսկ թատրոնի տնօրենը` «հետայսու այդ դպրոցի աշակերտներին թատրոն չենք թողնի»:
Վերջապես, վերջապես առաջին անգամ հայ իրականության մեջ փոխհամաձայնության եկան կողմերը, ափսոս, ոչ ճիշտ դիրքորոշմամբ: Պատանի հանդիսատեսի թատրոնն ի՞նչ մեղավոր է, որ դերասանի ու աշակերտի միջև խնդիր է ծագել, ի՞նչ մեղավոր են այն աշակերտները, որոնք սովորում են 114 դպրոցում, բայց ներկայացում դիտելու ցանկություն ունեն, ի՞նչ մեղավոր են այն դերասանները, որոնք գուցե ցանկանում են, որ իրենց խաղն աշակերտները տեսնեն, թեկուզ` հենց 114 դպրոցի:
Նախարարը կարծում է, որ հայ մարդն առանձնահատուկ վերաբերմունք է տածում թատրոնի և թատերական գործչի հանդեպ, ախր, տիկի'ն նախարար, արդար չէ, առանձնահատուկ վերաբերմունք անգամ Դուք չեք տածում թատրոնի և թատերական գործչի հանդեպ. հիշենք, թե որքան աշխատավարձ է ստանում անձնվեր թատերական գործիչը` 60-80 000 դրամը /լավագույն դեպքում/ առանձնահատուկ վերաբերմունքի մասին չի խոսում, այլ առանձնահատուկ…
Ի դեպ, հայ մարդն իրեն հուզող հարցերի պատասխանը թատրոնում վաղուց է, ինչ չի փնտրում, հայ մարդը թատրոն գնում է` լիցքաթափվելու, ինչի մասին տարիներ ի վեր բարձրաձայնում են թատերական գործիչները` ասելով, որ հայ մարդը սկսել է միայն կատակերգական բնույթ կրող ներկայացումներին հաճախել:
Շնորհավոր տոնդ, թատերական գործի'չ, հուսանք` մի օր, նախարարի ներկայացրած իրավիճակն իրականություն կդառնա: