Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այնպես չէ, որ սա նորություն է. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը` անդրադառնալով հայկական զինված ուժերում դիրքերն ամրացնելու համար տուֆ քար տրամադրելու նախաձեռնությանը։
«Խառնվել են իրար միայն այն պատճառով, որ առաջին անգամ բարձրաձայնել են: Այնպես չէ, որ սա նորություն է: Ես վեց տարի անում եմ էս ծրագիրը: Կոնկրետ վերջին երկու տարիներին բանակի հետ կապված շատ նախագծեր են եղել, ինչո՞ւ են բոլորը սենց խառնվել»,- ասաց պատգամավորը:
Դիտարկմանը` նախաձեռնությունը քննադատությունների է արժանացել, նա պատասխանեց. «Իսկ քննադատություն ե՞րբ չի հնչում: Ես չեմ կարևորում դա, ինձ համար կարևորը զինվորի կողքին լինելն է: Քննադատություն պետք է միշտ հնչի, բա ո՞նց, եթե մարդ ոչինչ չի անում, պետք է քննադատի»:
Դիտարկմանը` քաղաքացիները հարկեր են վճարում, նաև լրացուցիչ դրամահավաքների մասնակցում, Պետրոսյանն արձագանքեց, որ ինքն էլ աշխատավարձով ապրող քաղաքացի է։ «Ես ուրիշներին չեմ նայում, իմ համար ապրում եմ՝ ազնիվ, մաքուր։ Էլ շքեղ մեքենա, էլ չգիտեմ` ինչ, լավ էլի։ Բոլորս հասարակ քաղաքացիներ ենք մի երկրի, որը պատերազմի մեջ է։ Հասկացե'ք էդքան բան։ Բոլորս պետք է լինենք զինվորի կողքին։ Սա քննարկման ենթակա չէ»,- հայտարարեց նա։
Հարցի` փորձե՞լ են հարուստների շրջանում հավաքել գումար, Պետրոսյանը պատասխանեց. «Բազմաթիվ մարդիկ են օգնել, ովքեր ունեն բիզնեսներ»:
Պատգամավորը նաև անդրադարձավ առաջարկին, որ դատապարտյալները խրամատ փորեն, այլ ոչ թե զինվորները: Ըստ նրա` բանակում ծառայելն օրինաչափություն է, և ինքն այդ մտքի հետ համաձայն չէ: «Ձևն ինձ համար ընդունելի չէ, ո՞վ է ասել, որ պետք է գնան, ո՞վ է սա որոշում, բայց ես չեմ կարող ձեզ նման մարդուն քարկոծել: Ամեն մարդ ունի իրավունք մտածելու այնպես, ինչպես ուզում է, բայց երբ աշխատանքն արվում է կոնկրետ հօգուտ բանակի, փառք ու պատիվ զինվորին»,- ասաց Պետրոսյանը:
Դիտարկումը` ստացվում է, որ Հայաստանում պաշտպանության նախարարություն չկա, երբ պարբերաբար ժողովրդի ռեսուրսներով են օգնում բանակին, դուր չեկավ պատգամավորին, նա ասաց. «Շատ վատն ա հարցդ, կասկածո՞ւմ ես մեր բանակի վրա»։
Երբ լրագրողը բացասական պատասխան տվեց, Շուշան Պետրոսյանն արձագանքեց. «Ուրեմն մարդավարի, հայ տղու նման հարցեր տուր»։