կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-22 15:33
Քաղաքական

Արցախի հետ կապված արտահայտություններ անելիս պետք է շատ զգույշ լինել, այնտեղ պետք է զգույշ խաղալ. քաղտեխնոլոգը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Արցախի հետ կապված արտահայտություններ անելիս պետք է շատ զգույշ լինել, այնտեղ պետք է զգույշ խաղալ. քաղտեխնոլոգը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  դատաիրավական համակարգի վերաբերյալ իր ելույթում չէր զլացել անդրադառնալ նաև Արցախին, թե իբր դավադիր ուժեր կան:

«Օգտվելով առիթից՝ ուզում եմ անդրադառնալ եւս մեկ թեմայի, որը վերը նշված հետ կապ ունի անուղղակի: Ակնհայտ է, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, ովքեր փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձեւը. այն է՝ տարաձայնություններ, հակասություններ եւ նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ՝ «Բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ, նախկինում իրենց կողմից թույլ տրված կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու, արդարացնելու նպատակով:

Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության եւ անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռեւս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ:

Այս իմաստով՝ դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն, եւ որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները այս դավադիր մտադրությունները արմատախիլ անելու համար»,- ասել էր նա:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում հիշեց, որ ավելի վաղ Իրանու, Փաշինյանը հայտարարել էր, թե ՀՀ-ում լրտեսներ կան, բայց ոչ մի գործողություն սրան չի հաջորդել: 

«Վարչապետն Իրանում ասում է, որ ՀՀ-ում կան բազմաթիվ լրտեսներ: Հասկանում եք, չէ՞, որ դա մանկապարտեզի երեխա չի ասում, երկրի վարչապետն է ասում, բայց հետևանք չի լինում: Վարչապետը հայտարարում է, որ ԱԱԾ-ից փաստաթղթեր են կորել, որից հետո դարձյալ` ոչ մի հետևանք: Հետո վարչապետը հայտարարում է, որ «որոշ շրջանակներ»...Եղբա'յր, որոշը ո՞րն է, անուն ասեք ու էդ մարդուն բռնեք, ի՞նչ են նշանակում օդում խոսակցությունները: Կրկնում եմ՝ ասողը ո՛չ լրագրող է, ո՛չ ինչ-որ վերլուծաբան, ո՛չ պատահական մարդ, վարչապետն է ասում, ուստի նրա ասածից հետո պետք է լինեն գործողություններ, հետևանքներ, ընդ որում՝ բոլոր նշված դեպքերի, այդ թվում՝ Արցախի հետ կապված: Ինչ է նշանակում` «որոշ շրջանակներ», ովքե՞ր են այդ շրջանակները, ո՞վ է, ո՞վ պիտի կարողանա ծախել Արցախը: Ենթադրենք՝ այդտեղի գործող իշխանություններն են, Արցախը ծախում են, որ դառնան «բո՞մժ», ո՞ւմ վրա դա գցեն, իրենց այդ ծախելուց հետո պետք չէ, թե ով է վարչապետ ՀՀ-ում՝ Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը, թե` Պողոս Պողոսյանը: Պիտի մի քիչ տրամաբանության մեջ լինի: Իսկ եթե գործող իշխանությունները չեն, ասեք` ով է, բռնեք: Ես տրամաբանություն չեմ տեսնում, չեմ կարողանում հասկանալ՝ ի՞նչ է հետապնդում այդ հայտարարությունը»,- նշեց Քոչարյանը:

Դիտարկմանը՝ գուցե վախի մթնոլորտ է սերմանում, ինչ-ինչ գործողություններ կասեցնելու համար է դա արվում, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Արցախում որևէ գործողություն է արվում: Թող անուններ տա, եթե խոսքը գնում է նրա մասին, որ մի քանի հոգի Արցախում, այդ թվում՝ իշխանական տարբեր պաշտոնների եղող..., բայց անունն ասի: Անուններ տվեք, թե չէ օդում խոսելը... Հո հեքիաթ չէ: Ի վերջո, մենք կյանք ենք ապրում, ընդ որում՝ բավականին վտանգավոր ժամանակահատվածում»:

Ըստ քաղտեխնոլոգի՝ Արցախի հետ կապված արտահայտություններ անելիս պետք է շատ զգույշ լինել: «Այնտեղ շատ նուրբ է պետք խաղալ, որովհետև եթե ամեն մեկը վեր կենա և ասի՝ դավադրություն կա, և չբացատրի, թե ինչում է այն,  խնդիր է լինելու: Հասկանում ենք՝ և՛ ՀՀ-ում, և՛ Արցախում եղել են մարդիկ, որոնց «թաթերը» տրորվել են, և նրանք պիտի փորձեն ինչ-որ ձևով պայքարել, բայց չի կարելի այս հարթությունից պայքարը տեղափոխել Հայաստան-Արցախ հարթություն, մի' տեղափոխեք դա պետական անվտանգության հարթություն: Իմ  ասածը սա է»,- ընդգծեց նա:

Թե որքանով է Վիտալի Բալասանյանի մեքենայի խուզարկությունը տեղավորվում ներքաղաքական կամ դավադիրներ բռնելու պայքարի տրամաբանության մեջ, Կարեն Քոչարյանը հիշեցրեց՝ սանկցիա չեղավ, չխուզարկեցին, ուստի արդեն խճճվել է, թե դա ինչ տրամաբանության մեջ դիտարկել: 

Ինչ վերաբերում է Արցախում սպասվող ընտրություններին, բանախոսը նշեց, որ 11 ամսում կարող է շատ բան փոխվել, այն է՝ նախագահի թեկնածու լինելու ցանկություն հայտնածներից հետ քաշվողներ լինեն, մասնակցության մասին դեռ լռողները երևան գան: 

«Ինքներդ եք տեսնում, թե իրադարձություններն ինչ տեմպերով են զարգանում: Ոչ ոք չի կարող ասել, թե 2 ամիս հետո ինչ կլինի, ուր մնաց` 11 ամիս հետո: Օրինակ՝ կդնի՞ Վիտալի Բալասանյանն իր թեկնածությունը, չի՞ դնի»,- ասաց քաղտեխնոլոգը: 

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու` դատարանի որոշումից հետո դատարանների մուտքերը փակելու` Փաշինյանի որոշմանը` Կարեն Քոչարյանը հարց բարձրացրեց՝ նախքան դատարանի որոշումն արդեն խոսվում էր, «արտահոսք» կար, որ Քոչարյանին ազատ են արձակելու կալանքից, այդ դեպքում ինչո՞ւ վարչապետը կոչ չարեց այդ օրը շրջապատել համապատատասխան դատարանը՝ կանխելու համար այդ որոշումը, այլ դրանից հետո դատարանի մուտքերը փակելու ակցիա արվեց: 

«Առաջին դեպքում կոչն ավելի հասկանալի կլիներ, ոչ թե դատարանի մուտքերը փակելու կոչի նման անհասկանալի: Ասեր՝ ժողովո'ւրդ, Քոչարյանին դատավորն ուզում է ազատի, էսինչ ժամին լինեք դատարանի մոտ: Համոզված եմ, որ այս դեպքում ոչ թե 1100, այլ 10.000 մարդ էր գնալու: Եվ այդ ճնշումը շատ ավելի մեծ կլիներ, դատավորն էլ կվախենար բաց թողնել»,- լրացրեց նա:

Հակադարձմանը՝ պետք էր, որ Քոչարյանին ազատեին, նոր միայն այս ակցիան արվեր, հրամաններ տրվեին, Կարեն Քոչարյանն արձագանքեց՝ ես դա էի ուզում լսել:

«Մեր դատական համակարգի նկատմամբ չկա հավատ, տոտալ անվստահություն է, որ որևէ այլ առիթ պետք չէ, պետք էր ուղղակի ասել՝ ժողովո'ւրդ, համակարգն այնքան փտած է, որ փոխում ենք, և ոչ մեկ ոչինչ չէր ասի, թե` ինչի ես փոխում դատավորներին, նրանք սուրբ են»,- եզրափակեց քաղտեխնոլոգը: