Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին հերթական ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերին: Նա դարձյալ կողմերի միջև հավասարության նշան է դրել և հայտարարել. «Մենք կողմերին կոչ ենք անում բռնությունից խուսափելու և բանակցությունների մթնոլորտը բարելավելու համար միջոցներ ձեռնարկել»:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Yerkir.am-ի զրույցում նշեց, որ կողմերի միջև հավասարության նշան դնելը սխալ քայլ է:
«Մենք քանիցս ասել ենք, որ դիվանագիտական պարիտետ պահպանելու համար հավասարության նշան դնելը շատ ավելի վնասում է բանակցային գործընթացին, քան լիցքաթափում լարվածությունը: Ես քանիցս այդ հարցը քննարկել եմ նաև եվրոպական կառույցներում` հորդորելով նաև Մինսկի խմբի համանախագահներին` իրերը կոչել իրենց անուններով և հստակ, հասցեական գնահատական տալ: Քանի դեռ հասցեական գնահատական չի հնչում, բնականաբար, Ադրբեջանը շատ ավելի սանձարձակ է լինում իր գործողություններում, իր քայլերում, ինչին ականատես ենք լինում մենք»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով`արդեն տևական ժամանակ է` Ադրբեջանն իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները խախտում է: «Ադրբեջանն օգտագործում է ծանր ռազմատեխնիկա, որը Ադրբեջանի կողմից ստորագրված բոլոր միջազգային պայմանագրերի, նաև հրադադարի ռեժիմից հետո ընդունված բոլոր փաստաթղթերի կոպտագույն խախտում է: Ես կարծում եմ, որ սա պետք է դառնա Մինսկի խմբի համանախագահների խնդիրը, միջազգային հանրությունը լուրջ արձագանքով պետք է հանդես գա, և ԱՄՆ պետդեպը ևս իր հայտարարություններում պետք է զգույշ լինի և ավելի հասցեական լինի: Լղոզված հայտարությունները չեն կարող սահմանային լարվածության վրա դրականորեն ազդել»,- ընդգծեց Զոհրաբյանը` հավելելով, որ մեր կողմից դիրքորոշումը պետք է լինի համարձակ, չպետք է լինի վախվորած: Ըստ նրա` մենք հստակ հարցադրումներ պետք է դնենք և շատ ավելի պահանջատեր լինենք: