Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի պատասխանը` ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանին
«Դժվար չէ՞ միշտ ընդդիմադիր լինելը» հեգնանքով տրված Ձեր հարցին կասեմ, որ դժվար է ընդդիմադիր չլինելը երկրում, որտեղից քսան տարվա մեջ անարդարության ու անօրինության պատճառով արտագաղթել է բնակչության կեսը: Դժվար է չլինել ընդդիմադիր սեփական Հայրենիքում, որտեղ իշխանությունը տասնհինգ տարի շարունակ զավթված է մի խումբ օլիգարխների կողմից, որոնք ցանկացած ընտրությունները վերածում են հերթական պետական հեղաշրջմանը, բռնի ուժով ու կեղծիքներով վերահաստատելով բռնապետությունը:
Դժվար է չլինել ընդդիմադիր, երբ միայն պաշտոնական տվյալներով բնակչության 1/3 ապրում է աղքատության շեմից ցածր, դպրոցականների 15% քաղցած են մնում, որտեղ պաշտոնյաները մանկապարտեզներից գողանում են կարագը, բանակից` միսը, թոշակառուներից` նպաստը, եւ այս ամենը նույնպես պաշտունական տվյալներով: Որտեղ մաքսային ու հարկային ծառայությունները օրինականացված թալանով են զբաղված իսկ պետական աշխատանքի հիմանական գործառույթն է ժողովրդին կեղեքելու արհեստը: Որտեղ իրական արվեստն ու մշակույթը փոխարինվել են հեռուսատեսային աղբով ու օտարածին կլկլոցով:
Դժվար է այս պայմաններում չլինել ընդդիմադիր: Եվ անհնար է հաշտվել այս խայտառակության հետ, եթե ունես մարդկային ու ազգային արժանապատվություն: Եւ անհնար է արվեստով զբաղվել, ձեւանալով, որ ամեն ինչ ճիշտ է եւ այսպես էլ պետք է լիներ: 30 արծաթը մնում է 30 արծաթ, դավաճանությունը` դավաճանություն, իսկ պայքարը հանուն արդարության` ժողովրդին ծառայելու միակ հնարավոր ընտրություն է: Ժողովրդին, այլ ոչ նրան կեղեքող զավթիչներին:
Իմ ու ընկերներիս ընտրությունն այս պայմաններում շատ հեշտ է: Ձերը` դժվար է ու խայտառակ: Ընդունեք իմ կարեկցանքը: