| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ ոչ իշխանական չորս ուժերի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացում ՀՀԿ-ից էլ «բեկորներ» պոկվեն՝ միանալու այդ գործընթացին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ չի կարծում, թե նման բան կլինի:
Նա նաեւ ասաց, որ կառավարությանն անվստահություն հայտնելու` ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունը ինքը չի կարող ստվերել, որովհետև քանի դեռ «կան մտահոգություններ, պարտավոր են նստել, քննարկել»: Հարցին, թե «հրաշալի քառյակի» նախաձեռնությունը կիրականանա՞, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ամեն դեպքում մեզ համար ընդունելի է այն ձևաչափը, որ եթե կան մտահոգություններ, ուրեմն ԱԺ-ն այն ամբիոնն է, որ պետք է բացատրություն պահանջվի, ներկայացվի հանրությանը` անկախ նրանից՝ նախաձեռնողը հրաշալի է, թե հրաշալի չէ»:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ոչ իշխանական խորհրդարանական ուժերի կողմից նախաձեռնության առաջարկ ինքը դեռ չի ստացել, ուստի նախընտրեց քննարկել բուն հարցը ստանալուց հետո միայն: «Եթե մի նախաձեռնություն չկա, մի հարց չկա օրակարգում, ապա ի՞նչ գնահատական տամ»,- հավելեց նա:
Պատասխանելով հարցին` կառավարությանը վստահո՞ւմ են, նա ասաց. «Այո, այո, մենք ենք ձևավորել կառավարությունը, և մենք վստահում ենք»:
Իսկ արդյո՞ք հասարակությունը վստահում է կառավարությանը: «Դե ես հարցում չեմ անցկացրել, եթե դուք անցկացրե՞լ եք… »,- պատասխանեց ԱԺ նախագահը:
Եվս մեկ հարցի՝ արդյոք հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, ԱԺ նախագահը վստահ պատասխանեց. «Իմ կարծիքով` ոչ»: