|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում` իր քաղաքական ուղին ոնց շարունակի. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ն լքելու որոշմանը:
«Նորմալ եմ համարում: Յուրաքանչյուրն ինքն է որոշում իր քաղաքական ճակատագիրը: Մենք ազատ, դեմոկրատական երկիր ենք, և յուրաքանչյուր ոք ունի իր` որոշում կայացնելու իրավունքը, թե ինչպես շարունակի իր քաղաքական ճանապարհը»,- ասաց ՀՀԿ-ականը:
Նրանից հետաքրքրվեցինք` արդյո՞ք անսպասելի էր նրա համար նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուրս գալը իրենց կուսակցությունից: Բաղդասարյանն արձագանքեց. «Բնականաբար, կար ինչ-որ անսպասելի բան»:
Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն ու Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ են պատրաստվում դուրս գալ կուսակցությունից, նա նշեց, որ դրանք միայն մամուլի հրապարակումներ են:
Ինչ վերաբերում է հարցին` արդյո՞ք Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ն լքելու որոշումը կազդի կուսակցության վարկանիշի վրա, Բաղդասարյանը կարճ պատասխանեց. «Չեմ կարծում»:
Այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել` պատճառաբանելով, թե զբաղված է:
Հիշեցնենք` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարել է, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից, սակայն շարունակելու է մնալ քաղաքականության մեջ: Մանրամասները նա կհայտնի այսօր:
Նշենք, որ լուրեր են տարածվել, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը ևս պատրաստվում են լքել ՀՀԿ-ն և միանալ «Ծառուկյան դաշինք»-ին: