կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-19 15:23
Քաղաքական

Ո՞վ է վարչապետի պաշտոնի` ոչ իշխանական ուժերի թեկնածուն

Ո՞վ է վարչապետի պաշտոնի` ոչ իշխանական ուժերի թեկնածուն

Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ներկայացնելով չորս ոչ իշխանական ուժերի հանդիպման արդյունքը, նշեց, որ սկսվում է մի մեծ գործընթաց, որում կուլիսային բանակցություններն ու իշխանությունից բեկորներ պոկելը դառնում է անկարևոր:

 

Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս են պատկերացնում կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի շուրջ քվեարկության արդյունքերը, և արդյո՞ք կան կուլիսային քննարկումներ հանրապետական որոշ պատգամավորների հետ, Լևոն Զուրաբյանը նշեց, որ կուլիսային բանակցություններ եթե լինեն, ապա դրանք կլինեն հետևանքներ ժողովրդի ակտիվության, որովհետև իշխանությունները կնահանջեն միայն մեկ դեպքում, եթե ժողովուրդը դուրս գա հրապարակ: Այդ նպատակով չորս քաղաքական ուժերը փորձելու են մոբիլիզացնել հանրությանը Ազատության հրապարակում:

 

«Մենք նաև մշակում ենք համատեղ միջոցառումներ չորս ուժերի միասնական ջանքերով նաև հանրային ու զանգվածային միջոցառումների ուղղությամբ: Արդեն հնչել են առաջարկներ համատեղ հանրահավաքներ անցկացնելու ուղղությամբ: Խորհրդարանական գործունեությունը զուգորդվելու է հանրային գործունեությամբ` քաղաքացիների անմիջական մասնակցությամբ»,- ասաց պատգամավորը:

 

Հարցին՝ կա՞, արդյոք, ապագա կառավարության տեսլականը, թե ով է գլխավորելու նոր կառավարությունը, և ովքեր են լինելու նախարարները, Լևոն Զուրաբյանը պատասխանեց, որ չի քննարկվել որևէ հարց, որը կապված է կադրային նշանակումների հետ: Ըստ նրա` ճահիճից դուրս գալու համար չորս ուժերը ժողովրդին առաջարկելու են այլընտրանքային ընթացք, որը վերափոխելու է Հայաստանը՝ արմատական փոփոխությունների միջոցով ու ժողովրդի ակտիվ մասնակցությամբ:

 

«Մենք Սերժ Սարգսյանի ռեժիմի հետ որևէ հույս չենք կապում, որովհետև իրենք հազար ու մի շանս ունեցել են փոփոխություններ իրականացնելու, բայց ժամանակը ցույց տվեց, որ իշխանությունները թե' ժամանակ են վատնել, թե' նման մտադրություններ չեն ունեցել, այլ իշխանության լծակներն օգտագործվել են սեփական հարստացման համար: Հիմա պետք է խոսենք ու առաջարկենք, թե ինչ պետք է արվի Հայաստանում՝ թե' սոցիալ-տնտեսական, թե' քաղաքական համակարգում»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

 

Պատասխանելով Yerkir.am-ի հարցին` հնարավո՞ր է՝ կառավարության անվստահության հարցով ստորագրահավաք իրականացվի նաև քաղաքացիների շրջանում, Լևոն Զուրաբյանը նշեց, որ թեև նման բան չեն քննարկել, սակայն դա գաղափար է, որի շուրջ արժե մտածել:

 

Մենք նաեւ հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է հանդիպում քաղաքական ուժերի առաջնորդների մակարդակով, ինչին Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Ինչու` չէ, այն պահից, երբ մենք որոշենք ու նպատակահարմար գտնենք նման հանդիպումը, կամ եթե գտնենք, որ այդ հանդիպումը զարկ է տալու գործընթացի խորացմանը, ապա՝ ինչու` ոչ»: