Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրու ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը, որն ընթացքի մեջ է և կավարտվի հոկտեմբերի 15-ին, անցնում է իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառմամբ՝ Yerkir.am-ին ասաց «Թասիբով դաշինքի» քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանը։
Նա, ի դեպ, հասցրել է աչքի ընկնել Շիրակի մարզպետին սուրճի հրավիրելու նախաձեռնությամբ, որին ընդառաջ կոնֆետներ էր գնել և հրավիրել՝ հարցնելու՝ ինչո՞ւ է Հովհաննես Հարությունյանը ցանկանում մարզպետից դառնալ քաղաքապետ։ Ի պատասխան, Կարապետ Պողոսյանին ոստիկանություն էին հրավիրել և պահանջել հեռու մնալ մարզպետից։
Այս հարցի պատասխանն, իհարկե, «Թասիբով դաշինքի» թեկնածուն ունի․ վստահեցրեց, որ մարզպետին ներգրավելը իշխանությանը հնարավորություն է տալու կիրառել մարզպետարանի վարչական ռեսուրսը։ Նույն նպատակով, նրա համոզմամբ, մեջտեղ են բերել «Բալասանյան դաշինքը», այս անգամ Գյումրու քաղաքապետարանի վարչական ռեսուրսը իշխանությանը ծառայեցնելու համար։
Ամենամտահոգող հանգամանքներից մեկն էլ, ըստ նրա, այն է, որ իշխանությունը դիտավորյալ ամեն ինչ անում է, որ չլինեն ոչ մի տեսակի քաղաքական բանավեճներ, այսինքն, մարդիկ հնարավորություն չունենան մեկը մյուսին հարց տալու, այդ հարցերի պատասխանները ստանալու և հստակ ցույց տալու, թե ով ինչքանով է պատրաստ այս ընտրություններին։ Այսինքն, հասարակությանը զրկում են ճշմարտությունը լսելու հնարավորությունից։
«Խնդիրն այստեղ այն է, որ իշխանական թեկնածուները չունեն ո՛չ համապատասխան գիտելիքներ, ո՛չ ինտելեկտ, ո՛չ համապատասխան մշակույթ․ էն գեշ աղջիկներ կան, է՜, որ գնում են ուզելու, ասում են՝ աղջիկ ջան, բերանդ չբացես, որ չհասկանան դու ով ես։ Հիմա սրանք էդ տեսակն են, որ իրենց բերանը չեն բացում, որպեսզի իրենց մակարդակը չերևա»,-ասաց Կարապետ Պողոսյանը։
Նա նշեց, որ միայն իրենք են, որ հնարավորինս բոլոր տեսակի եթերները, ֆեյսբուքը օգտագործելով՝ անընդհատ փորձում են տարատեսակ հարցեր բարձրացնել, որ կարևոր է քաղաքապետի համար, բայց որպես կանոն այդ հարցերը մշտապես մնում են անպատասխան։
Իսկ իշխանությունը, քանի որ թեկնածուներից առնվազն 8-ի նկատմամբ ունի վերահսկողություն, դա օգտագործելով, ըստ նրա, խաղն այնպես է կազմակերպում, որ այդ բանավեճերը չլինեն։
Գյումրիում, Կարապետ Պողոսյանի խոսքով, խնդիր կա պաստառների հետ կապված։
«Չնայած ես, ի սկզբանե, հրաժարվել եմ որևէ պաստառ ունենալուց, ինձ պաստառով չէ, որ պիտի գյումրեցիները ճանաչեն, ինձ ճանաչում են իմ գործով, որպես Կարապետ Պողոսյան են ճանաչում։ Բայց դե միայն իշխանական թեկնածուները քաղաքում մի 3000-ից ավելի պաստառներ ունեն կպցրած, օրենքն այդքան թույլատրում է։ Այսինքն, անհավասար պայմաններ են ստեղծում։
«Երբ օրենքով բոլորիս հրավիրեցին վիճակահանության, մենք գնացինք և վիճակահանությամբ մեզ բաժին ընկավ քաղաքում ընդամենը մեկ պաստառ, իսկ մյուսներին, չգիտեմ այդ վիճակահանությունը ո՞նց էր արված, ընկավ 50 պաստառ»,-վստահեցրեց «Թասիբով դաշինքի» քաղաքապետի թեկնածուն։
Դաշինքի հանդեպ խնդիր էր առաջացրել նաև Հանրային հեռուստաընկերությունը․ Կարապետ Պողոսյանը վստահեցրեց, որ արհեստականորեն ամեն ինչ արել են, որ իրենք հրաժարվեն իրենց հասանելիք մեկրոպեանոց եթերաժամից։
«Մի 10 օր անընդհատ տարբեր անհիմն պատճառաբանություններով մեր լիազոր ներկայացուցչին ամեն օր կանչում էին Երևան, ասում էին՝ բերեք գովազդը, գովազդը բերում էինք, մի ստից պատճառաբանությամբ ասում էին, որ չեն կարող դնել։ Վերջին անգամ էլ ինձ ասացին, որ ձեր վերնաշապիկը չի համապատասխանում մեր ստանդարտներին։ Երբ աղմուկ բարձրացրինք, սկզբից ասացին՝ մենք ասել ենք «դարոժկա» ոչ թե «սարոչկա», բայց երբ ես պատճառաբանեցի, որ «դարոժկա» և «վերնաշապիկ» բառերը տարբերում եմ, ասացին՝ չէ, մենք «շապիկ» էինք ասել»,-պատմեց նա։
Կարապետ Պողոսյանը վստահ է, որ այս պատճառաբանությունները նրա համար են, որովհետև Գյումրում միակ արմատական ընդդիմությունը, որը շատ ակտիվ է, իրենք են, և իշխանության կոկորդին լավ հավեսով կանգնել են։
Գյումրիում նաև ահազանգ հնչեց, որ ընտրատեղամասերից ընդամենը 4 ամիս առաջ տեղադրած տեսախցիկները հանել են և ՏԻՄ ընտրություններն անցնելու են առանց տեսանկարահանման։ «Թասիբով դաշինքի» թեկնածուն վստահ է, որ նախորդների համեմատ սա այնքան էլ մեծ խնդիր չէ։
«Օրենքը չի պարտադրում, որ ընտրությունների ժամանակ տեղամասերի աշխատանքը պետք է տեսանկարահանվի, հստակ ասվում է, որ դա ԿԸՀ ցանկությամբ է, այսինքն, ԿԸՀ-ն կուզենա՝ կպատվիրի, չի ուզենա՝ չի պատվիրի։ Շատ լավ կլիներ, որ, որպես հանրապետության երկրորդ քաղաք, իշխանությունները մի փոքր գումար ծախսեին և տեսանկարահանող սարքեր տեղադրեին, բայց սա ավելի շատ իրենց լեգիտիմության խնդիրն էր լուծելու»,-ասաց Կարապետ Պողոսյանը։
Իրենց դաշինքը տրամադրված է վստահված անձերով, իրենց համակիրներով անել ամեն ինչ, որ վերահսկեն ընտրությունների ամբողջ ընթացքը։
«Ես նվնվացող մարդ չեմ, ես պայքարող տեսակ եմ, ինձ համար միևնույն է՝ իրենք ինչպիսի արհեստական խոչընդոտներ կստեղծեն․ Գյումրին մեզ ճանաչում է, մենք ունենք արած գործ, ունենք քաղաքական կենսագրություն, և այսօր ամենաիրատեսական ծրագրերը մենք ենք առաջադրել»,-ասաց Կարապետ Պողոսյանը, որը նաև իրավապաշտպան է։
Մնացածը, նրա խոսքով, գյումրեցին թող ինքը որոշի, իսկ իրենք ատամներով նրանց որոշումը կպահեն ու թույլ չեն տա, որ ընտրությունների օրը որևէ մեկը ինչ-որ ավելորդություն իրականացնի։
Աննա Բալյան