Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանը պաշտոնապես սկսում է Ղրիմն իր կազմն ընդունելու գործընթացը` հիմք ընդունելով մարտի 16-ին այդ երկրամասում կայացած հանրաքվեի արդյունքները և Ղրիմի իշխանությունների` Մոսկվային ուղղված համապատասխան դիմումը: Անկախ նրանից` որքան կձգվի այդ պրոցեսը, Ղրիմը Ռուսաստանին միացնելն այլևս թվում է անշրջելի իրողություն:
Այսօր հայտնի դարձավ, որ Մերձդնեստրի խորհրդարանի նախագահ Միխայիլ Բուրլան դիմել է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին` խնդրելով դիտարկել նաև Մերձդնեստրի` Ռուսաստանին միանալու հարցը: Բուրլան չի նշել, թե ինչ ճանապարհով են իրենք պլանավորում իրականացնել այդ գործընթացը: Սակայն դետալների մասին կողմերը կարող են պայմանավորվել այն ժամանակ, եթե Մոսկվան դրական արձագանքի:
Միջազգային իրավունքի նորմերի` ներկայիս միակողմանի, սուբյեկտիվ մեկնաբանումներն ազատում են Ռուսաստանի ձեռքերն այդ հարցում` գլխավորը դարձնելով ընդունված քաղաքական որոշումները: Դժվար է ասել` որքանո՞վ է Մերձդնեստրի այս դիմումը ծրագրված Մոսկվայի կողմից, և արդյո՞ք դա պայմանավորված է Եվրամիության հետ Մոլդովայի` Ասոցացման համաձայնագրի ստորագրումը տապալելու հեռանկարով: Փաստն այն է, որ Ղրիմի օրինակը կարող է տևական ժամանակ նախադեպ դառնալ նաև հետխորհրդային տարածքում գտնվող չճանաչված սուբյեկտները Ռուսաստանին միացնելու համար: Այսօր նման խնդրանքով դիմում է Մերձդնեստրը` որպես Մոլդովային ուղղված շանտաժի միջոց, վաղը Վրաստանի ձեռքերը կապելու նպատակով դա կարող են անել Աբխազիան և Հարավային Օսիան, որոնք, ի դեպ, ի տարբերություն Մերձդնեստրի, անմիջականորեն սահմանակից են Ռուսաստանին:
Մի կողմից սա Ռուսաստանի կողմից իր ավանդական ազդեցության գոտիները կորցնելու վտանգը կանխելուն ուղղված հուսահատ ճիգերի արդյունք է, մյուս կողմից, որ, թերևս շատ ավելի էական է, Ռուսական կայսրության վերականգնման` պուտինյան քաղաքականության դրսևորում: Եվ այս իմաստով էական է դառնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը վերապահվող դերն ու ճակատագիրը: Թերևս, պատահական չէ, որ Ղրիմի հանրաքվեից անմիջապես հետո ԼՂ հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր թվիթերյան էջում նուրբ համեմատություն է անցկացնում Ղրիմի և ԼՂ հիմնահարցերի միջև` նկատելով, թե Ղրիմից քաղելիք հիմնական դասն այն է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը կարող են ԼՂ հարցում նորմալ համագործակցել` խաղաղությունը պահպանելու համար: Սա ակնհայտ ակնարկ է, որ ԱՄՆ-ը թույլ չի տա ԼՂ հարցում Ղրիմի սցենարի կրկնությունը, և որ գլխավորը այս չկարգավորված հակամարտությունում ոչ թե ինքնորոշումն է, այլ խաղաղության պահպանումը: Դրանով, ըստ էության, Ուորլիքը միտումնավոր թերարժևորում է ինքնորոշման իրավունքը, որը ԼՂ ժողովուրդն իրացրել է դեռևս 1992թ. դեկտեմբերի 10-ին` չխախտելով միջազգային իրավունքի որևէ նորմ:
Այդպես վարվելու և ղարաբաղյան հանրաքվեից մտահոգվելու հիմքեր Ուորլիքն առավել քան ունի: Ընդամենը երկու օր առաջ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության լիդեր և, ըստ էության, Կրեմլի ոչ պաշտոնական դիրքորոշումներն արտահայտող, էքսցենտրիկ քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել էր, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման լավագույն լուծումը կլինի ԼՂ-ի միացումը Ռուսաստանին: «Հայաստանը և Ադրբեջանը երբեք չեն պայմանավորվի Ղարաբաղի հարցով, այդ պատճառով ամենալավ տարբերակը կլինի այն Ռուսաստանի կազմի մեջ ներառելը, և այդ ժամանակ հայերը չեն նեղանա, իսկ ադրբեջանցիները ստիպված կլինեն համակերպվել, քանի որ Ղարաբաղը չի հասնի Հայաստանին, այլ կմտնի Ռուսաստանի կազմի մեջ»,- ասել էր նա: Ժիրինովսկու այս հայտարարությունը ցույց է տալիս, որ նման հնարավորությունը Կրեմլում առնվազն չեն բացառում, բայց դա դեռևս պահեստային գաղափարի կարգավիճակ ունի: Ռուսաստանն այս պահին դրա վրա կենտրոնացած չէ, որովհետև, ի տարբերություն Մոլդովայի և Վրաստանի, ո'չ Հայաստանից եւ ո'չ էլ Ադրբեջանից իր նկատմամբ դավաճանութուն, ինչպիսին Մոսկվան համարում է ԵՄ-ի հետ հետխորհրդային երկրների ասոցացման պրոցեսը, չի սպասում: Հայաստանը սրընթաց գնում է դեպի Մաքսային միություն, իսկ Ադրբեջանը հայտարարել է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրում չի նախատեսում:
Բայց ողջ խնդիրն այն է, որ Մոսկվան սա նույնիսկ ոչ թե հետխորհրդային երկրների հետ հարաբերությունների հարթությունում գտնվող հարց է համարում, այլ Արևմուտքի, ավելի կոնկրետ` ԱՄՆ-ի: Եվ հենց գլոբալ աշխարհաքաղաքական հարաբերությունների համատեքստում կարող են անկանխատեսելի զարգացումներ լինել: Մանավանդ` հայաստանյան հասարակական-քաղաքական իսթեբլիշմենթը ակնհայտ հակվածություն է դրսևորում ԼՂ հիմնահարցը ռուսական իմպերիալիստական ձգտումների ներքո լուծելու նկատմամբ: Դրա առաջին ազդակները նախորդ տարեվերջին տվեց հայաստանյան իշխանությունների մերձավորագույն «իդեոլոգ», հրապարակախոս Զորի Բալայանը` ԼՂ-ն Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին Պուտինին ուղղված բաց նամակով: Սակայն շատ ավելի կարևոր էր այն հանգամանքը, որ պաշտոնական Երևանն այդ նամակին որևէ կերպ չարձագանքեց` փաստացի լուռ համաձայնություն հայտնելով դրան:
Հիմա բոլորի ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի վրա: Ըստ էության` այնտեղ ընթացող Ռուսաստան-Արևմուտք խուլ, բայց սկզբունքային դիվանագիտական-հոգեբանական պատերազմի ելքից է կախված` ինչպես կփոխվի միջազգային հանրության վերաբերմունքը չկարգավորված հակամարտությունների լուծման նկատմամբ:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ