կարևոր
2755 դիտում, 11 ամիս առաջ - 2023-10-12 14:34
Քաղաքական

ՄԱԿ–ի դատարանը դեռ ժամանակ ունի կանխելու ԼՂ հայերի հարկադիր տեղահանումն անշրջելի դառնալը․ Եղիշե Կիրակոսյան

ՄԱԿ–ի դատարանը դեռ ժամանակ ունի կանխելու ԼՂ հայերի հարկադիր տեղահանումն անշրջելի դառնալը․ Եղիշե Կիրակոսյան

Արդարադատության միջազգային դատարանը դեռ ժամանակ ունի կանխելու էթնիկ հայերի հարկադիր տեղահանումն անշրջելի դառնալը։ Այս մասին այսօր ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ժամանակ հայտարարեց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` դիմելով դատարանի ներկայացուցիչներին։

«Հազարամյակներ շարունակ Լեռնային Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են եղել։  Եթե սա էթնիկ զտում չէ, ապա ես չգիտեմ՝ որն է էթնիկ զտումը», -ասաց Եղիշե Կիրակոսյանը՝ նշելով, թե նրանք կարող են պահպանել այն սակավաթիվ անձանց, որոնք դեռ մնում են ԼՂ-ում, ինչպես նաև նրանց, որոնք առևանգվել են և ազատազրկված են Ադրբեջանի բանտերում։

«2020 թվականի սեպտեմբերից Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել հայերի էթնիկ զտումների ուղղությամբ։ Եվ դա արել է այս դատարանում հայկական հայցի քննարկմանը զուգահեռ։ Միջազգային հանրությունը չդադարեցրեց այդ գործընթացը: Ադրբեջանի պատասխանատվությունը կորոշվի այս դատարանում քննարկման արդյունքներով։ Բայց հիմա դեռ ժամանակ կա կանխելու հայության գաղթի անշրջելիությունը», - ասաց Կիրակոսյանը։

Եղիշե Կիրակոսյանը ընդգծեց, որ Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ պատրաստ է ապակողմնորոշել միջազգային հանրությանը, նաև պատրաստ է թյուր ներկայացնել դատարանի կարգադրությունները կամ դրանցով փորձել հիմնավորել իր կողմից կոնվենցիայի խախտումները: