Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանարպետության քաղաքական էլիտան բազմիցս հայտարարել է, և իրականում այդպես էլ կա, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորն է` իր բոլոր բաղադրիչներով` թե’ տնտեսական, թե’ էներգետիկ և թե’ ռազմական. Yerkir.am-ին այսօր ասաց ԼՂՀ փոխվարչապետ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը` անդրադառնալով Աստանայում Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի` Հայաստանի սահմաններին վերաբերող հայտարարությանը:
Ըստ նրա` Նազարբաեւն իր հայտարարությամբ, իր խոսքը կառուցելիս մեջբերելով Ադրբեջանի նախագահի նամակը, կասկածի տակ է դնում Եվրասիական տնտեսական միության ապագան:
«Որովհետեւ Եվրասիական տնտեսական միությունը անվտանգության միջավայր է, եւ եթե այդ անվտանգության միջավայրում այդ միջավայրին ոչ մասնակից երկրի միջնորդությունը քաղաքական հայտարարություններ անելու հիմք է այդ անվտանգության միջավայրին մասնակից երկրի ղեկավարի համար, դա նշանակում է, որ այդ ղեկավարը դրանով կասկածի տակ է դնում միջավայրի ապագան»,- նշեց Արթուր Աղաբեկյանը` նկատի ունենալով, որ նման հայտարարությամբ Նազարբաևը հասկացնում է, որ Ադրբեջանը, մասնակից չլինելով, բոլոր հիմքերն ունի ազդելու այդ միջավայրի վրա:
Yerkir.am-ի դիտարկմանը` երբ արդեն Նազարբաեւի հայտարարությունից պարզ է դառնում, որ Եվրասիական տնտեսական միությանը ոչ մասնակից Ադրբեջանի տեսակետն ավելի շատ է հարգվում, քան մասնակից դառնալ փորձող Հայաստանի, ո՞րն է նման միջավայրին անդամակցելու նպատակահարմարությունը, չարժե՞, որ Հայաստանը վերանայումներ անի իր արտաքին քաղաքականությունն իրականացնելիս, ԼՂՀ փոխվարչապետը պատասխանեց, որ Հայաստանի Հանրապետությունը, անկախ նրանից, թե որ անվտանգության միջավայրում է գործունեություն իրականացնում, պետք է միշտ հաշվի առնի այն հանգամանքը, որ ՀՀ-ն եղել եւ մնալու է ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորը:
«Այսինքն` ցանկացած համագործակցություն այլ երկրի հետ կառուցելիս, բարեկամ, թե թշնամի երկրի հետ երկխոսելիս հիմքում պետք է ունենա թիվ մեկ մոտեցումը` թիվ մեկ ռազմավարությունը սա է` ՀՀ-ն ԼՂՀ-ի երաշխավորն է»,- եզրափակեց Արթուր Աղաբեկյանը: