կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-17 13:40
Առանց Կատեգորիա

Ուկրաինայի պառակտման համար կհատուցի Հայաստանը

Ուկրաինայի պառակտման համար կհատուցի Հայաստանը

Ղրիմի բնակչության 96.6 տոկոսը, ըստ պաշտոնական տվյալների, մարտի 16-ին անցկացված հանրաքվեով որոշեց դուրս գալ Ուկրաինայի կազմից և ընդգրկվել Ռուսաստանի կազմում: Հանրաքվեի արդյունքներն անակնկալ չէին, անակնկալ չէր նաև դրա վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը: ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ճապոնիան, Եվրամիությունն արդեն հայտարարել են հանրաքվեի անցկացման անօրինական լինելու, դրա արդյունքները չճանաչելու և դա որպես Ղրիմը` Ռուսաստանի կողմից բռնակցելու միջոց համարելու մասին: Նման պետությունների թիվն առաջիկա ժամերին և օրերին, անկասկած, կավելանա:

 

Որևէ կասկած չկա, որ Ռուսաստանն, իր հերթին, կփորձի Ղրիմի հանրաքվեն լեգիտիմ ճանաչող աջակիցներ գտնել, և Մոսկվան հայացքն առաջին հերթին կհառի ԱՊՀ երկրների ու հատկապես` Մաքսային միության ու ՀԱՊԿ-ի շրջանակում իր գործընկեր պետությունների վրա: Վերջիններս, այդ թվում` նաև Հայաստանը, կարող են չափազանց ծանր և պատասխանատու ընտրության առջև կանգնել: Սա հերթական Աբխազիան կամ Հարավային Օսիան չէ` դիրքորոշում հայտնելուց հեշտությամբ գլուխն ազատելու համար: Խոսքը վերաբերում է այլևս փաստ հանդիսացող հանրաքվեին և Ղրիմի բնակչության կամաարտահայտմանը այնպիսի պայմաններում, երբ որևէ փաստ չկա պնդելու, թե մետրոպոլիան` ի դեմս Կիևի, Ղրիմի Ինքնավար Հանրապետությանն սպառնում էր ֆիզիկական ոչնչացմամբ կամ բռնություններով: Հետևաբար` ընտրությունը շատ հստակ է` եթե ԱՊՀ երկրները ճանաչում են այդ հանրաքվեն, ապա լեգիտիմացնում են ցանկացած երկրում հանրաքվեի անվան տակ Ռուսաստանի կողմից անեքսիա իրականացնելու իրավունքը: Եթե չեն ճանաչում, ապա Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները որակում են արտաքին ագրեսիա, բռնակցման և սուվերեն երկրի ներքին գործերին կոպտորեն միջամտելու փորձ` վտանգի ենթարկելով Մոսկվայի հետ քաղաքական և ստրատեգիական գործընկերային հարաբերությունները:

 

Հայաստանի համար այս իրավիճակը վտանգավոր է մի քանի առումով: Նախ` որքան Ռուսաստանը միջազգային ճնշումների ներքո երկարաձգի Ղրիմն իրեն միացնելու որոշումը, այնքան ուժգնանալու է հանրաքվեի անցկացման ղրիմցիների իրավունքի և դրա արդյունքների ճանաչման հարցում հստակ դիրքորոշվելու պահանջը: Դա Երևանին ցուգցվանգի վիճակի մեջ է գցելու: Միակ լուծումը տվյալ դեպքում աբխազական և հարավօսական ճգնաժամի ընթացքում կիրառված դիվանագիտական փորձից օգտվելն է, որի ողջ իմաստը ԼՂ չլուծված հիմնահարց ունենալու և այդ պարագայում նմանատիպ հարցերում դիրքորոշում արտահայտելու աննպատակահարմարության շեշտադրումն է: Որքան էլ տարօրինակ թվա, ԼՂ հիմնահարցի չկարգավորվածությունը ներկայումս Հայաստանի համար փրկօղակի դեր է կատարում:

 

Երկրորդ` Արևմուտքը սպառնում է Ռուսաստանին ենթարկել քաղաքական և տնտեսական մեկուսացման: Քաղաքական առումով սա նոր «սառը պատերազմի» մեկնարկ է, որի պարագայում աշխարհն սկսում է կողմնորոշվել և դիրքավորվել այս երկու բևեռների միջև: Եվ, անկախ նրանից, Հայաստանը կկարողանա՞ խուսափել Ղրիմի հարցում դիրքորոշում հայտնելուց, թե՞ ոչ, այն ավտոմատ կերպով ընկալվելու է որպես ռուսական կամ Արևելյան ալյանսի մաս` Ռուսաստանի հետ ունեցած երկկողմանի ստատեգիական հարաբերությունների, սեփական տարածքում ռուսական ռազմաբազա ունենալու և, վերջապես, ՆԱՏՕ-ին հակակշռելու համեստ նպատակ ունեցող ՀԱՊԿ անդամ լինելու պատճառով:

 

Ռուսաստանի քաղաքական մեկուսացումն այս իմաստով չի կարող շրջանցել Հայաստանը: Քաղաքական մեկուսացման մյուս վտանգը պայմանավորված է հենց ղարաբաղյան կարգավորման գործոնով: Մեծանում է հավանականությունը, որ միջազգային հանրության ընկալումներում կփոխվի առհասարակ հանրաքվեի` իբրև ինքնորոշման միակ իրավական գործիքի նշանակությունը: Հանրաքվեն կարող է լեգիտիմ և օրինական համարվել միայն այն դեպքերում, երբ իրականացվում է մետրոպոլիայի թույլտվությամբ և համաձայնությամբ: Ըստ էության` ներկայիս բոլոր սուբյեկտների ինքնորոշմանն ուղղված քայլերը, Ղրիմը չհաշված (Վենետիկ, Կատալոնիա, Շոտլանդիա), ըստ էության, տեղի են ունենում մետրոպոլիաների համեմատական հանդուրժողականության պայմաններում: Եվ այս մոտեցումը կարող է դրվել նաև ԼՂ կարգավորման գործընթացի հիմքում` նաև ի հեճուկս Ռուսաստանի: Այս իմաստով` Երևանին հիմա խիստ անհրաժեշտ է, որ բանակցային գործընթացը, թեկուզ ինքնանպատակ, այս ընթացքում ակտիվանա հենց մադրիդյան սկզբունքների շրջանակում, որտեղ ԼՂ-ի ինքնորոշման հանրաքվեի` պլեբիսցիտի իրավունքը գրեթե հավասարեցված է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովմանը:

 

Տնտեսական մեկուսացման հետևանքները Հայաստանի համար կլինեն շատ ավելի ցավոտ և շոշափելի: Ռուսաստանի տնտեսության հասունացող ճգնաժամը հիմնականում նավթի գների արհեստական տատանումների, արտաքին ներդրումների և շուկաների կտրուկ սահմանափակման պատճառով ուղղակիորեն ազդելու է Հայաստանի տնտեսության և ռուսական տրանսֆերտներից կախված հայաստանյան յուրաքանչյուր ընտանիքի վրա: ՄՄ-ին միանալու պրոցեսն այս իմաստով շատ ավելի լուրջ մարտահրավերների առջև կարող է կանգնեցնել երկիրը:

 

Սակայն ամենամեծ վտանգը, որին ենթարկվում է ոչ միայն Հայաստանը, միջազգային իրավունքի և անվտանգության երաշխիքների համակարգի ակնհայտ և անշեղորեն խորացող փլուզումն է: Դրանում մեղավոր են, բացի Ռուսաստանից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամները: Ռուսաստանը Ուկրաինայի հետ մեծ հաշվով արեց և անում է այն, իհարկե, անհամեմատ ավելի «կոպալային» և անգրագետ ձևով, ինչ Արևմուտքը մինչ այդ անում էր Հարավսլավիայի, Սերբիայի, Լիբիայի, Իրաքի, Աֆղանստանի հետ: Ռուաստանը շարժվում է հետևյալ տրամաբանությամբ` ինչո՞ւ այն, ինչ արգելված չէ ԱՄՆ-ին, պետք է արգելված լինի իրեն: Երկակի ստանդարտների այս քաղաքականությունն իրականացվում է փոքր ու միջին երկրների ամբողջականության և ինքնիշխանության հաշվին: Գերտերությունները պատրաստ չեն միմյանց հետ պատերազմել Ուկրաինայի շահերի համար, անգամ` նրա ինքնիշխանության և տարածքային ամբողջականության երաշխավորման պարտավորություն ստանձնած լինելու պարագայում: «Ռեալ պոլիտիկ»-ի տեսանկյունից` Արևմուտքին նույնիսկ ձեռնտու է Ղրիմը հանձնելու դիմաց ստանալ Ռուսաստանին անմիջականորեն սահմանակից Ուկրաինան: Նույն սկզբունքով նրանք պատրաստ չեն դիմակայության մեջ մտնել նաև Սիրիայի, Հայաստանի, որևէ այլ` ոչ միջուկային երկրի համար: Եվ ստացվում է, որ միջուկային զենք չունեցող երկրները ոչ միայն այլևս ապահովագրված չեն միջազգային անվտանգության առկա երաշխիքներով, այլև հատուցում են գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի բախման համար: Իսկ սա աշխարհակարգի փոփոխություն է, որը սեփական անվտանգության ապահովման նոր պահանջներ ու մարտահրավերներ է առաջադրում` գերտերությունների կայսերապետական նկրտումներից պաշտպանվելու համար:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ