Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Ֆրանսիայի Սենատը ձայների՝ 295 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձևը։
Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը պահանջում է հեռացնել Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և ապահովել նրանց վերադարձը հայրենիք, առաջարկում է Ֆրանսիայի կառավարությանը, եվրոպական գործընկերների հետ համագործակցաբար, պատասխան դիվանագիտական և տնտեսական միջոցներ նախատեսել Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան պատժելու նպատակով, այդ թվում՝ կիրառել պատժամիջոցներ, որոնք կթիրախավորեն Ադրբեջանի իշխանությունների ունեցվածքը, ինչպես նաև կնախատեսեն էմբարգո կիրառել Ադրբեջանից գազի և նավթի ներկրման հարցում, վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը և առաջարկում կառավարությանը Լեռնային Ղարաբաղում հիմնել հումանիտար գրասենյակ, առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանն աջակցելու հնարավորությունը:
Բանաձևը ներկայացրել են սենատորներ Բրունո Ռըտայոն, Քրիստիան Կամբոնը, Էլիան Ասասին, Պատրիկ Կանները, Էրվե Մարսեյը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը։
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս պատմական բանաձևի ընդունմանը՝ նշեց, որ սենատորներն ընդունեցին հարձակման ենթարկված Հայաստանին և ագրեսոր Ադրբեջանին սատարող բանաձև՝ կրկին պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը:
«Պայքարը շարունակվում է. նմանատիպ բանաձև պատգամավորների քվեարկությանը կներկայացվի նոյեմբերի 28-ին,- մանրամասնեց Մուրադ Փափազյանը՝ նկատելով, որ այն ողջ Հայոց աշխարհի հաղթանակն է,- Դա հաղթանակ է, որը CCAF-ի կազմում խմբավորված Ֆրանսիայի հայկական սփյուռքի միության արգասիքն է։ Միասնությունն է երաշխավորում մեր հաղթանակները, և ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին դադարեցնել սփյուռքում իրենց պառակտման քաղաքականությունը։ Դիմում եմ պատասխանատվության»: