Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բանաստեղծ Մարինե Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարում է. «Կան դեպքեր, երբ միջին գույները վերանում են, մնում են սևն ու սպիտակը։ Քոչարյանինը հենց տենց դեպք ա։ Եթե դու պաշտպանում ես Քոչարյանին, ուրեմն Հայաստանի դեմ ես»։ Ինչո՞ւ: Մարինեն բացատրում է. «Քոչարյանը կրակել ա հրապարակում հավաքված հանրության վրա։ Հանրա-պետության վրա»։ Իսկապե՞ս կրակել է։ Մարինեն կրոնական քարոզչի պես պնդում է իր «ճշմարտությունը». «Կարծեմ պարզ ճշմարտություն էր ասածս։ Բայց պարզ ճշմարտությունը պետք ա մի հատ ֆիքսել, որ շարժվենք առաջ, փնտրելով հաջորդ՝ գուցե ոչ էդքան պարզ ճշմարտությունները։ Եվ միասին ու հրապարակային գծենք դեպի ապագան տանող մեր ճանապարհը»։
Իսկ ուրիշ կրակոցներ չե՞ն եղել, իսկ ուրիշ ղեկավարներ չե՞ն կրակել ու սպանել, այլ պարզ «ճշմարտություններ» չկա՞ն, որ ֆիքսեք, առաջ շարժվեք։ Եթե Մարինե Պետրոսյանն իր քաղաքական ներգրավվածության մեջ վստահ է, թե Քոչարյանը կրակել է ժողովրդի վրա, ու որ նրան պաշտպանողը Հայաստանի դեմ է, ապա հարց՝ իսկ Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանի, նրա վարորդ Հակոբ Հունանյանի և գեներալ Ժորա Իսահակյանի, Աշտարակի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի և նրա վարորդ Վարուժան Աբրահամյանի, ապա` երիտասարդներ Արթուր Հովհաննիսյանի և Կարեն Ռաֆայելյանի վրա կրակողին պաշտպանողը նո՞ւյնպես Հայաստանի դեմ է, թե՞ նրանք ժողովուրդ չեն, և ժողովուրդը միայն ԼՏՊ-ի գրգռած ամբոխն է։
Թվարկված մարդկանց սպանել են ՀՀՇ-ի նախագահ ու այն ժամանակ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի պատվերով։ Սա էլ Մարտի 1-ի գործ չէ, որ մինչև հիմա պարզված չլիներ, թե ովքեր են սպանել տասը հոգուն, «Վանոյի գործի» քիլլերները բանտում են, Վանո Սիրադեղյանն էլ փախել է դատավարությունից։ Թարսի պես ո՞նց ասեն՝ սարքած է, որ Սիրադեղյանի գործը բացված էր այն ժամանակ, երբ վարչապետ էր նրա ընկեր ու ՀՀՇ-ի սիրելի Վազգեն Սարգսյանը։ Բայց մեկ է` լևոնական շրջանակները բանդագուշանքի վերածվող ճիչերով խոսակցությունը կփակեն, նրանց զենքը՝ «կուչկայով» այնքան կճչան, մինչև մարդկանց ականջները սղոցվեն, գլուխներն արդուկվեն. ինչքան գլուխն ինքնուրույն մտածելու պակաս ունի, այնքան շուտ կարդուկվի։ Ու 20 տարի է՝ գլուխներ են, որ իրար հետևից արդուկվել են, արդուկողի ֆորման ստացել, նրանց լեզուն առել ու բազմացրել «դավաճանի» որսի դուրս եկած որսորդներին։ Այդպես է, ինչպես գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե'ք գողին, այնքան հաճախ է գոռում ու այնքան բարձր, որ ուրիշներն էլ, գողին միացած, սկսում են փնտրել մեկ ուրիշին։
Լիքը փաստեր հուշում են, որ Սիրադեղյանը սպանությունները միանձնյա չի պատվիրել, կոլեգիալ է եղել, ահա թե ինչու այն ժամանակ, երբ նրա դեմ գործ հարուցեցին, ասաց՝ ես քավության նոխազ չեմ դառնալու։ Ահա թե ինչու Սիրադեղյանին սիրաշահելու համար 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց՝ ինձ ընտրելով՝ ընտրում եք Վանո Սիրադեղյանին։
Ի դեպ, քիլլերները պատահական մարդիկ չէին, ՀՀՇ-ի ներսում ստեղծված ավազակախումբ էր, որոնց բոլորին Վանո Սիրադեղյանն աշխատանքի էր ընդունել ոստիկանություն (տես՝ ոստիկանությունում ավազակախմբի ղեկավար Արմեն Տեր-Սահակյանի խոստովանությունը)։
Եթե Մարինե Պետրոսյանն իրոք վստահ է, որ Հայաստանի առաջ գնալու համար պետք է կրակողներին չպաշտպանել, ապա կխարաներ նրանց, ովքեր պաշտպանում են, 1990-ից սկսած, բոլոր կրակողներին։ Չէ, հակառակը, այն կրակողների նկատմամբ քնքուշ զգացումներ ունի, նրանը միայն 2008-ի մարտի 1-ն է։ Ուրեմն ոչ թե Հայաստանի դարդին է, այլ գործող իշխանության, ոչ թե Հայաստանի մասին է մտածում, այլ «Իմ քայլը» խմբավորման, որին խոչընդոտ է դարձել Քոչարյանի գործը։ Բայց այդ խոչընդոտը նրանք են ստեղծել, և իրոք` լուրջ խոչընդոտ. ի տարբերություն 90-ականների թվարկված սպանությունների, մարտի 1-ինը չի բացահայտվել, Քոչարյանին կրակելու համար չեն դատում, նրան սպանություն չի մեղսագրված։ Եթե դատական գործի ենթատեքստը նայենք` նրան դատում են այն բանի համար, որ 2008 թվին կանխել է իշխանությունը գրոհով զավթելը, որ արտակարգ դրություն է մտցրել, իսկը` քաղաքական դատ։
Ինչո՞ւ չեն բացահայտում մարտի 1-ի տասը սպանությունները, չեն կարողանու՞մ, չեն ուզու՞մ, արդյո՞ք ամեն սպանության տակ մի այնպիսի պատմություն կարող է բացահայտվել, որ ցուցարարների դեմ կխոսի, թե՞ չի հետաքրքրում, թե՞ որ բացահայտեն, էլ չեն կարող գոռալ՝ «Ռոբե'րտ, մարդասպան» (տես՝ «Մարտի մեկի գործը. հին կինոն քննչական փաթեթավորմամբ կամ Հայաստանի կորսված լրագրությունը» )։
Մարտի 1-ին էլ հենց նույն` ՀՀՇ-ական հաշվարկված ու ցինիկ ձեռագիրն աշխատեց՝ գրոհում, բախումներ ես հրահրում, արյուն հոսեցնում. իշխանությունը վերցնենք՝ լավ, չվերցնենք՝ էլի լավ, արյունը կգրենք իշխանության վրա։ Մարդկային կյա՞նք, չէ, արյան հոտը քնաբեր հատկություն ունի հիմնադիրի համար։
Եվ կրկին 2008-ի ոգին վերակենդանացել է, դավաճանների որսը կրկին սկսված է, զրպարտությունները ճպճպացնում ու անցնում են որսի՝ ով Քոչարյանին պաշտպանում է, Հայաստանի դեմ է, ով մեզ հետ չի, դավաճան է։ ՀԱԿ-ականները, բերանները զուգարան դարձրած, Քոչարյանի ու նրա պաշտպանների հասցեին վերջին լուտանքներն են թափում։ Մեկը, որին կիրթ մարդ ես համարել, ամենակեղտոտ հայհոյանքներն է ցփնում, այն մյուսը, որ մտավորական էր թվում, կատաղած գազան է դարձել ու պատրաստ է հոշոտել քեզ։ Այնպիսի մթնոլորտ են ստեղծում, որ չհանդգնեն նրան մի փոքր պաշտպանել, օրինակ ասեն՝ բայց, կարծես, մարտի 1-ին ժողովուրդն էնքան էլ խաղաղ չէր, բայց, կարծես, գործը սարքած է, բայց, կարծես, սպանողներին չեն հայտնաբերում, էն ի՞նչ էին խոսում ԱԱԾ, ՀՔԾ պետերն ու վարչապետը հեռախոսով` դատավորն ուզի-չուզի սանկցիան տալո՞ւ է։ Ո՞նց թե.... լուտանքներ չեմ մեջբերի։
Ու ինչքան գործը շարունակվում է, այնքան ավելի շատ մարդ է հասկանում, որ սարքված է, այնքան փուչ գործ է, որ նույնիսկ իրենց դատախազությամբ ու դատարանով չեն կարողանում մի քիչ իրավական տեսք տալ։ Բա ի՞նչ անեն, հես է, պարզվում է, որ 11 տարի իրենց փչած «Մարտի 1»-ի սուտը պայթում է։ Ուրեմն` դատարանը հեչ, իրենք են դատելու, դատելու են նրանց, ովքեր տեսնում են պայթած փուչիկը, որի մեջ բացվելու են նոր հարցեր, թե ինչպես սպանվեցին այն տասը հոգին, ու ձևավորվելու է Մարտի 1-ի այլ պատկեր։ Փուչիկը, թեկուզ պայթած վիճակում, փրկել է պետք, ու այնպես են ահաբեկում, որ ստիպեն` մարդիկ չմտածեն, չվերլուծեն ու նույնիսկ իրենց տեսածին չհավատան, իրենք իրենց խաբեն, ու որ լսեն՝ Քոչարյանը կրակեց խաղաղ ժողովրդի վրա, սուսիկ֊-փուսիկ գլխով անեն։ Իհարկե, Մարինե Պետրոսյանի բարեկրթությունը թույլ չի տալիս հայհոյանքներով ու անեծքներով համեմել իր խոսքը, հետևաբար` միայն նրան արժի հղում անել, այսուհանդերձ, նա էլ նույն նպատակն է հետապնդում՝ տաբուավորել, դավաճանի խարանով սպառնալ Քոչարյանին պաշտպանելն ու «հեղափոխական» արդարադատության մասին կասկած հայտնելը. Հայաստանի դեմ ես, ուրեմն դավաճան ես։
Հայաստանում երեք անգամ է ատելության ու պառակտման այս նույն մթնոլորտը եղել, երեքն էլ ՀՀՇ-ի հետ է առնչվում։ Մեկը 1990-ականներին էր. ով ՀՀՇ-ի հետ չէր, ազգի թշնամի էր։ 1990 թվին Գերագույն սովետի նախագահի ընտրություններում պատգամավորներին սպառնում էին, որ եթե ԼՏՊ-ին չընտրեն, երկիրը Ռումինիայի կվերածեն (Ռումինիայում արյունոտ հեղափոխություն եղավ, և գնդակահարեցին Նիկոլաե Չաուշեսկուին ու նրա կնոջը՝ Ելենային)։ Հաղթեցին, ամբողջ իշխանությունը զավթեցին, բայց դա չխանգարեց, որ արյուն թափեն, ու գնաց պատվիրված սպանությունների շարքը։
Մյուսը՝ 2007-2008-ին, էլի ԼՏՊ-ի նախընտրական արշավին` մարտի 1-ից առաջ ,ասում էին՝ ով մեզ հետ չի, տականք է, դավաճան է, վասակյան է: Այնքան լարեցին մթնոլորտը, մինչև արյուն թափվեց, իսկ հետո էլ արյունն առան ու՝ ըհը, ժողովրդի վրա կրակել են, ով պաշտպանի Քոչարյանին, Հայաստանի դեմ է։ Ու նրանք, ովքեր թերթով ու փողոցում «դավաճան» էին ճչում չմիացողների վրա, իրենց առաջնորդների պես երբեք պատասխանատվություն չզգացին մարտի 1-ին թափված արյան համար։
Իսկ երրորդն էլ հիմա է՝ «հետհեղափոխական» երկրում, պարզվեց ՀՀՇ-ի շրջանակներն ու նոր սերունդն են իշխանության եկել՝ փողոցային մարտի գեներալները` կույս Հռիփսիմեի սիրո կերպարանք ստանալով, որ իշխանությունն առնեն ու իրենց ատելության սև գործը սկսեն: Անհանդուրժողականության ախտն այնքան երիտասարդացավ, որ Քոչարյանի դատավարության երկրորդ օրը դպրոցականներ ներգրավվեցին` «Քիլլեր» ու «Ցմահ» պաստառներով։
Իսկ մայիսի 13-ին սկսվեց դատը, որ հենց սկզբից բախման հանգեցրեց. ՀԱԿ-ական ակտիվիստ Վարդգես Գասպարին ցուցապաստառ էր պարզել` «Հոկտեմբերի 27 մարտի 1», ու Քոչարյանի հարազատների, բարեկամների, աջակիցների առջև գոռում էր՝ «Ռոբի'կ, մարդասպան» ։ Ի՞նչ անեին, ինչ-որ մեկը շիշ է նետել, Գասպարիի աչքի տակն այտուցվել է։
Տարիներ շարունակ Քոչարյանը դատի էր տալիս զրպարտության դեմ, բայց այսօր Քոչարյանի թշնամիներն իշխանության են ու իրենց խոսքերով սադրում են զրպարտողների աճ, օգոստոսի 14-ին հեղափոխականների ու ՀԱԿ-ականների խումբը խափանեց Քոչարյանի ասուլիսը` գոռալով «Ռոբ'երտ, մարդասպան», վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Փարիզում էր հայտարարել թե «կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «ես անձեռնմխելի՞ եմ»: Եվ հիմա նրանց հարող շրջանակները գիտեն` ինչքան էլ գոռան «Ռոբե'րտ, մարդասպան», պատասխանատվության չեն ենթարկվելու. Քոչարյանին զրպարտելու և ատելության խոսքի անպատասխանատու հասարակություն է ստեղծվել։ Եթե դատական կարգով նրանց պատասխանատվության չեն կարող կանչել, ի՞նչ էր մնում անել։ Ուրեմն` Գասպարիի աչքի տակի այտուցի պատճառը նրանք չե՞ն, ովքեր ստեղծել են ատելության ու անպատասխանատու խոսքի այս մթնոլորտը, ովքեր ասում են՝ ով պաշտպանի Քոչարյանին, Հայաստանի դեմ է։
Ինչքան էլ նոր իշխանությունը լեգիտիմ լինի, 70 տոկոս ձայն ստացած լինի, ինչքան էլ Ազգային ժողովը, ոստիկանությունը, դատախազությունն ու դատարանը գրպանում լինեն, մեկ է, դիմացինները հավի ճտեր չեն, որ նրանց ինչ ուզեն` ասեն և հետները ինչ ուզեն` անեն։
Եվ դատարանի առջև անպատասխանատու ամբոխ է կուտակվում` «հանցագործ», «ցմահ», «մարդասպան» լոզունգներով, ընդդեմ մյուս կողմում «ազատություն Քոչարյանին» լոզունգով` ամբաստանյալի պաշտպանների: Թշնամությունը ծավալվում է, գնալով ավելի անզուսպ դառնում, իսկ դատավարությունը նոր է սկսվել, ո՞ւր է հասնելու։ Նա, ով կոչված է հասարակության համերաշխությունն ապահովել և կարող է կանգնեցնել առճակատումը՝ վարչապետը, ատելության այն մի կողմն է առաջնորդում։
Այս երրորդ ալիքն է՞լ է արյան բերելու։
Ռոբերտ Քոչարյանն ունի մեղքեր, բայց նրա համար դժվար այս օրերին փոքրոգություն կլինի նրա մեղքերից խոսել։ Ունի նաև ձեռքբերումներ՝ Արցախյան պատերազմի հաղթանակի և Արցախի Հանրապետության ձևավորման մեջ նրա մեծ վաստակը։ Ապա` ՀՀՇ-ական ռեժիմից քարուքանդ եղած ու աղքատացած երկիրը ժառանգելով՝ իրականացրեց այնպիսի բարեփոխումներ, որ աղքատությունը 2 անգամ, իսկ ծայրահեղ աղքատությունը` 7 անգամ կրճատվեց, դադարեց արտագաղթը, երկրի բյուջեն 8, ՀՆԱ-ն 6 անգամ աճեց, 2002-2008 թթ. տարեկան միջին տնտեսական աճը 12,5 տոկոս էր, ի վերջո, միջազգային բանակցություններում ընդունվեց Արցախի ինքնորոշման իրավունքը (Մադրիդյան սկզբունքներում, որը քարկոծում են նրանք, ովքեր պատրաստ էին առանց ինքնորոշումը ճանաչելու զիջել տարածքները)։
Դժգոհ են, որ որոշ մարդիկ շա՞տ հարստացան, ինչո՞ւ են դժգոհ՝ իրենք են ընտրել կապիտալիզմը` ԼՏՊ-ից մինչև Փաշինյան, որտեղ «ճիշտը» հարստանալն է, «սխալը»` չհարստանալը, «ճիշտ» մարդը հարուստն է, «սխալը»՝ աղքատը։ Գոնե Քոչարյանի օրոք սովետից ժառանգած հաստոցը քոքից կտրել-ծախելով չէին հարստանում, ինչ-որ աշխատատեղ ու բարիք էր ստեղծվում, ներդրումներ էին արվում, ու հարկ էր մուծվում (միայն անասնագործության մեջ 2000-2007 թվերին ՀՆԱ-ն աճել է 90 տոկոսով, 32 տոկոսով աճել է տավարի գլխաքանակը, մինչև 2000 թիվ թռչնամիս ու ձու ներկրող երկրում դրանց արտադրությունն այնքան աճեց, որ արտադրածի 20 տոկոսը սկսեց արտահանվել, տես՝ Էդիկ Մինասյան «Հայոց նորագույն պատմության քառորդ դարը»)։
Մարդու իրավունքների վիճա՞կը, ո՞ր երկրի հետ համեմատ, եթե` նախորդ ռեժիմի, ապա Տեր-Պետրոսյանին տապալելուց հետո ազատությունները շատ ավելի ընդլայնվեցին: Եթե կան անաչառ իրավապաշտպաններ, թող խոսեն, թե ինչ փոխվեց բանտերում, բանակում, խոսքի ու խղճի ազատության ոլորտներում։ Կան իրավապաշտպաններ, բայց, ցավոք, դժվար թե խոսեն, դիսկոմֆորտ է։ Բայց նրանց փոխարեն կխոսեն փաստերն ու նրանք, ովքեր ճնշվել են:
Կրոնագետ, գիտության թեկնածու, «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության մամուլի քարտուղար Արմեն Լուսյանն է ասում , որ կրոնական կազմակերպությունների համար Տեր-Պետրոսյանի իշխանությունն ամենադաժանն էր, իսկ Ռոբերտ Քոչարյանի շրջանը` ամենահանդուրժողը («Համայնք և երկիր. Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրություն», Հայաստանի հելսինկյան կոմիտե, 1914թ. 57 էջ)։ Ցմահ դատապարտված Արսեն Արծրունին վկայում է, որ մինչև 2000 թվականը բանտը դժոխք էր, կալանավորներին ռեժիմով ծեծում էին, հիվանդ կալանավորին չէին բուժում, թողնում էին մեռնի, որ 1999-ից հետո ամեն ինչ փոխվեց։ Նաև հանգուցյալ, ցմահ դատապարտված Մանուկ Սեմերջյանը վկայում է, որ ցմահներին սպանելու հանձնարարություն էր տվել ԼՏՊ-ի զինակից, այն ժամանակ գաղութների վարչության պետ Մուշեղ Սաղաթելյանը. «Տարբեր մահապարտների վկայությունների վրա հիմնվելով, հսկիչների ու սպաների վկայությամբ` Մուշեղ Սաղաթելյանի` ներքին կարգով կարգադրությունն է եղել՝ «վարի տվեք սրանց»: Իրավիճակը փոխվել է` 2000թ. գարնանից սկսած»:
Բանակում մահերը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանատարության տարիներին տարեկան 100-200-ից ավելի զինվոր էր սպանվում, 1996-ին՝ 260, 1997-ին՝ 217, 1998-ին՝ 196։ Միայն 1999-ից են թվերը երկնիշ դառնում. այդ տարի` 93, 2000-ին՝ 86, 2001-ին՝ 72, 2002-ին՝ 45 զինվորի մահ։
ՀՀՇ-ական ռեժիմի տարիներին լրագրողներին ծեծելու մասին լուրեր էին անընդհատ պտտվում, բազմաթիվ թերթեր փակվեցին՝ «Երկիր», «Ազատամարտ» , կանանց նվիրված «Առագաստ» թերթը, ինչ է թե` խմբագիրը դաշնակցական էր և այլն, «Ազատություն» ռադիոյի հեռարձակումը փակվեց: Մի մասը միայն 1998-ից հետո վերաբացվեց, բայց` արդեն տկարացած։
ԱՄՆ Մերիլանդի համալսարանի գիտնականների խմբի մշակած polity index գրաֆիկում երևում է ժողովրդավարության և մարդու իրավունքների վիճակը Հայաստանում անկախության 24 տարիներին՝ մինչև 2013թ.։ Հետազոտությունը ներառում է աշխարհի բոլոր երկրները, ուր մի ծայրում -10-ն է` ամենաբռնատիրականը, որ ունի, օրինակ, Հյուսիսային Կորեան, մյուս ծայրում +10-ն է` ամենաժողովրդավարականը, որտեղ Շվեյցարիան է։ Հայաստանը անկախանալուց կարճ ժամանակ անց՝ Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին, կտրուկ անկում է ապրել մինչև -6՝ հասել դեպի բռնապետություն, և միայն նրա տապալումից ու Քոչարյանի իշխանության գալուց հետո` 1998-ից սկսած, 9 կետով բարձրացել է, բայց 5-ից չի անցել։
Եվ ևս մի ձեռքբերում` եթե Քոչարյանը մի բան արել է մարտի 1-ին, ապա այն, որ թույլ չի տվել` երկիրը աղքատացրած, ավերակ դարձրած, ոստիկանությունում մարդասպան ավազակախումբ պահող հորդան կրկին իշխանությունը գրավի։
Վահան Իշխանյան