կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-23 15:50
Քաղաքական

Իշխանության պառակտման առաջին նախանշանները

Իշխանության պառակտման առաջին նախանշանները

Մեր երկրի ներքաղաքական ընթացիկ զարգացումները պարզապես չէին կարող շրջանցել քաղաքական վերնախավի ներսում տիրող պայքարը։ Իսկ այն, որ ներիշխանական պայքար կար, արդեն նկատելի էր դառնում հեղափոխության առաջին իսկ ամիսներից։ Իշխանության ներսում քաղաքական թևերի ու ճամբարների ձևավորման գործընթացը շատ արագ սկսեց դառնալ շոշափելի, ինչն իր հերթին հանգեցրեց ներքիշխանական պայքարի ու մրցակցության ակտիվացման։ Իշխանության ներսում առաջին լուրջ հակասությունների հետևանքով խաղից դուրս եկավ Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ Այդ ժամանակ խոսակցություններ էին գնում, որ ներիշխանական պայքարը հիմնականում երկուսի՝ Դավիթ Սանասարյանի ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի միջև է:

Զուգահեռաբար չէին դադարում խոսակցություններն այն մասին, որ հակասություններ կան նաև վարչապետ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի միջև։ Եթե շարժվենք այդ տրամաբանությամբ, ապա, համենայն դեպս, մինչ օրս կողմերը կարողանում են տարաձայնությունները կարգավորել առավելապես կառուցողական դաշտում։ Թե որքանով այդ տրամաբանությունն անխախտ կմնա մոտ ապագայում, այսօր դժվար է ասել։

Ներիշխանական մրցակցությունն իսկապես ուներ բավական հիմքեր առաջիկայում ևս խորանալու առումով։ Տպավորություն էր ստեղծվում, որ իշխանական թևերից մեկի՝ Սանասարյանի խաղից դուրս գալով՝ իշխանության ներսում մրցապայքարը կարող է թեկուզ առժամանակ վերադիրքավորվել, հավասարակշռվել։ Սակայն ԱԱԾ  տնօրենի հրաժարականն այլ հարցեր է բարձրացնում։

Իր հրաժարականի դրդապատճառների վերաբերյալ Վանեցյանի հայտարարությունում մտահոգիչ պետք է համարել երկու ձևակերպում՝ որ պետք է ժամանակին կանգ առնել, մյուսը վերաբերում էր սպայի պատվին ու արժանապատվությանը։ Առաջինը վկայում է, որ Վանեցյանը, որը երկրի երկրորդ դեմքն էր, այն ճանապարհը, որով թիմը գնում է առաջ, գնահատում է ռիսկային։ Երկրորդ հիմնավորումը կարևոր էր նրանով, որ փաստացի գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ կարող են հարցականի տակ դրվել սպայի պատիվն ու արժանապատվությունը։ 

Սա թերևս կարող է վկայել այն մասին, որ ամենաբարձր օղակում կարող են լինել ճնշումներ ուժային տարբեր թևերի պատասխանատուների նկատմամբ՝ չարաշահելով օրենսդրորեն տրված լիազորությունները։ Ասել է, թե՝ նախ վարչապետի կողմից կարող են եղած լինել քաղաքական ճնշումներ ԱԱԾ պատասխանատուի նկատմամբ՝ Վանեցյանին որոշ ներքաղաքական հարցերի շրջանակներում դրդելով գնալ ոչ իրավական քայլերի։ Առնվազն ենթադրելի է, որ Արթուր Վանեցյանի հրաժարականը կարող է ուղղակիորեն կապված լինել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալվող քրեական գործի հետ։ Իր հրաժարականի հետ կապված հիմնավորումներում ԱԱԾ նախկին տնօրենը բավական իռացիոնալ գնահատականներ հնչեցրեց, ինչն անթույլատրելի պետք է համարել նման կարևորագույն պաշտոն զբաղեցնող պետական գործչի համար։

Վանեցյանի զգացմունքային ելույթը նաև վկայությունն է այն բանի, որ ներիշխանական դաշտում իսկապես առկա են անհամաձայնություններ ու թիմային աշխատանքի հետ կապված լուրջ խնդիրներ։

Վանեցյանի հրաժարականը, մյուս կողմից, կարող է ուղղակիորեն պայմանավորված լինել նրանով, որ վարչապետ Փաշինյանն իր որոշումների զգալի մասը սկսել է կայացնել միանձնյա, այլ տեսակետերի ու մոտեցումների հարցում դարձել առավել անհանդուրժող։ Սա լուրջ վտանգներ է պարունակում այն տեսանկյունից, որ Փաշինյանը կարող է չարաշահել սահմանադրորեն իր առջև դրված պարտականությունները, հարցերի լուծման գործում առաջնորդվել ոչ թե թիմային որոշումներով, այլ միանձնյա, ինքնամեկուսացման, կղզիացման ճանապարհով։

Ուժայինների հետ հակասություններն իրենց տրամաբանական շարունակությունը գտան ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականով, որը շատ կարճ ժամանակ անց հաջորդեց Վանեցյանի հրաժարականին։ Ենթադրվում է, որ թե՛ Վանեցյանի և թե՛ Օսիպյանի հրաժարականները կայացվել են նրանց նախաձեռնությամբ և այն բանից հետո, որբ Փաշինյանը սկսել է քաղաքական ճնշումներ բանեցնել նրանց նկատմամբ։ Թեև Օսիպյանը նշանակվեց վարչապետի խորհրդական, սակայն դա ավելի շուտ առկա խնդիրը մեղմելու փորձ էր ընդամենը։

Այժմ խոսվում է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հնարավոր հրաժարականի մասին։ Սակայն այստեղ պետք է նկատել, որ, ի տարբերութուն ազգային անվտանգության կամ ոստիկանության, ռազմական բլոկը փոքր-ինչ դուրս է մնում հրաժարականների պատճառահետևանքային տրամաբանությունից՝ այն պարզ պատճառով, որ արտաքին վտանգներից ՀՀ պաշպանությունն ամենաառաջնային խնդիրն է, և այստեղ մենք հնարավորինս քիչ կարող ենք խոսել քաղաքականության կամ քաղաքական գործընթացներում զինված ուժերի ներգրավվածության մասին։ Առավել ևս, որ Տոնոյանը իրեն հեռու է պահում քաղաքականությունից և չի տեղավորվում քաղաքական գործչի կամ ֆիգուրի շրջանակում։

Ուժային կառույցներից երկուսի պատասխանատուների հրաժարականներից հետո իշխանության ներսում կարևորագույն հարցը նրանց փոխարինման, ներիշխանական պառակտման հետագա զարգացումներից խուսափելու հարցն է։

Արդյո՞ք վարչապետին կհաջողվի ուժային երկու պաշտոններում նշանակել այնպիսի թեկնածուների, որոնք կկարողանան կարևոր դերակատարություն ունենալ թիմային աշխատանքի հարցում, կկարողանան դիմագրավել առաջիկա ամիսներին երկրի ներքաղաքական դաշտում սպասվող թեժ գործընթացները։ Իսկ այն, որ ուժային երկու պատասխանատուների հրաժարականները նոր շունչ ու ոգևորություն են հաղորդել իշխանության ընդդիմադիր ճամբարի տարբեր թևերին՝ բոլոր ուղղակի ու անուղղակի հետևանքներով ու ակնկալիքներով հանդերձ, ակնհայտ է։