կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-11 16:57
Քաղաքական

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ լսումներն անիմաստ են. ՀՀԿ-ական

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ լսումներն անիմաստ են. ՀՀԿ-ական

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ` ԱԺ-ում կազմակերպվելիք լսումներն անիմաստ և անօգուտ են, և ինքը չի մասնակցելու դրանց:

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հունիսի 17-ի նիստում կքննարկվի էլեկտրաէներգիայի սակագնի հարցը: Հանձնաժողովն առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6.93 դրամով` ցերեկը դարձնելով 48.78 դրամ/կՎտժ, իսկ գիշերը՝ 37.28 դրամ/կՎտժ: Նշենք, որ վարչապետը հաստատել է այն, որ էլեկտրաէներգիան թանկանալու է 6,93 դրամով: Ուշագրավ է, որ այս ամենից հետո դեռ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ լսումներ են կազմակերպվելու:

«Այ, տեսեք` Դուք էլ եք նույն բանն ասում: Ո՞րն է լսումների իմաստը: Ես էլ Ձեզ նման այդ հարցն ուղղել եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Երբ այսօր ինձ զանգեցին ու ասացին, որ լսումներ են լինելու, ես էլ նույն հարցը տվեցի, թե ո՞րն է դրա իմաստը: ՀԾԿՀ-ից ինձ զանգահարեցին և այդ մասին տեղեկացրեցին: Ասացին` ուրբաթ օրը, ժամը երեքին լսումներ են լինելու: Ձեզ նման նույն բանն էլ ես ասացի: Այդ աղջիկը, ով զանգահարել էր ինձ, չկարողացավ պատասխանել, որովհետև դա պատկան մարմինների գործն է»,- ասաց ՀՀԿ-ականը:

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ հենց 6,93 դրամ և ոչ 7 դրամ, ի՞նչը նկատի ունենալով է այդ սակագինը որոշվել, Հարությունյանը պատասխանեց. «Իբրև թե ճշգրիտ հաշվարկների արդյունք է: Դե ՀԾԿՀ-ն է այդ հաշվարկն արել»:

Դիտարկամանը` գուցե իշխանություննե՞րն են միջնորդել, որ 7 դրամի փոխարեն, սակագինը 6, 93 դրամով ավելանա, Հարությունյանը պատասխանեց. «Ինչ լինի, դուք պատրաստ եք իշխանութունների մեղավորությունը գտնել: Ինձ թվում է` իշխանությունները բավականին գործ են արել, որպեսզի զսպեն այդ թվերը: Ես կարծում եմ, որ իշխանություններն այստեղ դրական դերակատարում ունեցան, բայց այդ թանկացումը բավականին շոշափելի կազդի սոցիալապես անապահով խավերի վրա: Սակայն վարչապետը երեկ նշել է, որ կառավարությունը միջոցներ կփնտրի սոցիալապես անապահով խավերին կոմպենսացնելու համար»:

Հարցին, թե ինչո՞ւ ԱԺ ամբիոնից չի բարձրաձայնում էլեկտրաէներգիայի թանկացման վնասների մասին և չի հետաքրքրվում` ո՞րն է լսումների իմաստը, եթե արդեն հայտնի է` սակագինը բարձրանալու է, պատգամավորը պատասխանեց. «Դե սրանից ավելի ի՞նչ բարձրաձայնեմ, դրոշն առնեմ ձեռքս ու աղաղակե՞մ: Մամուլն ի՞նչ պակաս ամբիոն է: Համ էլ ես արդեն դրա հնարավորությունը չունեմ` ամբիոնից ասելու, որովհետև ուրբաթ օրն է, և մեզ մոտ ամեն ինչ կանոնակարգված է: Ասենք, չասենք: Բացի դրանից էլ` էական նշանակություն չունեն լսումներ, և ես էլ լսումներին չեմ էլ գալու: Գալիս եմ` ի՞նչ անեմ: Աննպատակ ու անօգուտ աշխատանք է»: