Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գումար աշխատելու համար հայ կանանց մի մասն ընտրում է փոխնակ մայր դառնալու ճանապարհը, որը բավականին ռիսկային է` շահագործման ենթարկվելու առումով: Հայաստանում փոխնակ մայրության վերաբերյալ օրենսդրական դաշտը լիբերալ է` թույլատրելի է ոչ միայն անշահախնդիր փոխնակ մայր լինելը, այլև կոմերցիոն փոխնակությունը (երբ կինը փոխնակ մայր է դառնում գումար վաստակելու համար):
«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ կետը սահմանում է. «Փոխնակ մայրը հղիություն կրելու և ծննդաբերելու համար կարող է ստանալ դրամական հատուցում…»:
Այնինչ` աշխարհի զարգացած երկրների մեծամասնությունում օրենսդրական դաշտում բավական լուրջ արգելքներ ու սահմանափակումներ կան, որոնք գլխավորապես վերաբերում են կոմերցիոն փոխնակությանը: Իսկ մի քանի եվրոպական երկրներում (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա) առհասարակ արգելվում է փոխնակ մայր լինելը, ավելին` համարվում է հանցագործություն, և պատիժ է սահմանվում մինչև 3 տարվա ազատազրկում:
Իրավական տեսանկյունից արգելքը բացատրվում է այսպես` երևույթը ոտնահարում է մարդու մարմնի անձեռնմխելիության և անձի արժանապատվության սկզբունքները: Կոմերցիոն փոխնակ մայրությունն անուղղակիորեն արգելվում է նաև 1996 թվականի նոյեմբերի 19-ին ընդունված` Մարդու իրավունքների և բիոբժշկության մասին եվրոպական կոնվենցիայով: Մասնավորապես` 21-րդ հոդվածում նշվում է. «Մարդու մարմինը և դրա առանձին մասերը չեն կարող ֆինանսական շահույթի միջոց լինել»:
Հայաստանն այս կոնվենցիային չի միացել, սակայն կոմերցիոն փոխնակությունն արգելելու վերաբերյալ քննարկումներ լինում են խորհրդարանում: Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Հարությունյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ դաշտի կոմերցիալիզացիայի դեպքում կանանց շահագործման ռիսկեր են առաջ գալիս: Նա դեմ է այդ բիզնեսին և դաշտում գործող բրոքերների գործունեությանը. «Պետք է օրենքում հստակ սահմանվի, որ փոխնակ մայրությունն արվելու է ոչ թե շահույթ ստանալու նպատակով, այլ կարող է փոխհատուցում տրվել դրա դիմաց»:
Իրավաբան Հայարփի Զարգարյանը, սակայն, բացառում է, որ հնարավոր է կնոջ շահագործում լինել, նախ` քանի որ կինը հենց իր կամքով ու հայեցողությամբ է գործում, երկրորդ` օրենսդրական հստակ ձևակերպումներ կան, որոնք կանխում են նման դեպքերը: Yerkir.am-ի հետ զրույցում նա օրինակ բերեց այն, որ պատվիրատուի և փոխնակ մոր միջև կնքվող պայմանագիրը վավերացվում է նոտարական կարգով:
Իսկ եթե պայմանագիր չի կնքվո՞ւմ: 24-ամյա Նունեն (անունը փոխված է) մոտ մեկ տարի առաջ հիվանդանոցում հանդիպել է ՌԴ քաղաքացի` պատվիրատու զույգին և նրանց հետ մեկնել Մոսկվա, որտեղ կատարվել է արտամարմնային բեղմնավորումը: Հղիանալուց 2 ամիս հետո Նունեն վերադարձել է Երևան և այստեղ հաշվառվել` բժշկական խորհրդատվության համար: Այս տարվա սեպտեմբերին մեկնել է Մոսկվա, որտեղ էլ ծննդաբերել է:
«Մենք ոչ մի պայմանագիր չենք ունեցել: Իրենք ուզում էին ինչ-որ պայմանագիր լիներ, որ ես հետագայում միտքս չփոխեմ` երեխային վերցնեմ, բայց ես շատ պարզ հասկանում էի, որ երեխան իմը չի, հետո իրենք էլ, ինձ հետ շփվելով, հասկացան, որ ես էդ մարդը չեմ, ու ոչ մի պայմանագիր էլ չկնքեցինք»,- պատմեց Նունեն:
Ի դեպ, ի տարբերություն Հայաստանի, Ռուսաստանի օրենսդրությունը թույլ է տալիս, որ փոխնակ մայրը որոշի երեխայի ապագան: Նա կարող է չհրաժարվել երեխայից` անկախ այն բանից, որ ինքը գենետիկորեն որևէ կապ չունի ծնված երեխայի հետ: Եվ, իհարկե, նման դեպքում բավականին լուրջ իրավական խնդիրներ են առաջանում:
Նունեի դեպքում գործարքը բարեհաջող է եղել` երկու կողմերի բարեխիղճ լինելու շնորհիվ: Նունեն գոհ է պատվիրատու զույգից, նրան վճարել են խոստացած գումարը, հոգացել նրա սննդի և տեղաշարժվելու ծախսերը:
2009 թվականից «Առողջ միտք» ՍՊԸ-ն զբաղվում է անպտուղ զույգերի համար սերմնաբջիջների դոնորներ, փոխնակ մայրեր գտնելու հարցերով: Թերևս միակ հայկական միջնորդ ընկերության ղեկավար Դավիթ Մխիթարյանը նույնպես Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ միշտ չէ, երբ գործարքները օրինական են կատարվում:
«Օրինակ` պայմանագիրը շատ հաճախ գրվում է անձեռոցիկի վրա` առանց նոտարական վավերացման, ինչն արդեն իսկ կոպիտ խախտում է: Հաճախ որոշ անհատներ կատարում են ռեպրոդուկտիվ տեխնոլոգիաներից մի բան, բայց պայմանագրում գրվում է մեկ այլ բան: Արդյունքում տհաճ հետևանքներ են լինում»,- ասաց նա:
Դ. Մխիթարյանը նշեց, որ մինչ իրենց ՍՊԸ-ի գրանցումը, ուսումնասիրել են դաշտը և եկել այն եզրահանգման, որ դաշտում նման ծառայության պահանջարկ կա, և այդ պահանջարկը լրացվում է «կիսալեգալ կամ անլեգալ» ճանապարհներով: Իրենք սկսել են աշխատել` պահանջարկը բավարարելով օրենքի սահմաններում:
Եթե չեն գործում օրենքի դաշտում, ապա կարող են լինել կնոջ իրավունքների բազմապիսի խախտումներ` սկսած խոստացված գումարը չտալուց, վերջացրած նրա նկատմամբ բռնության կիրառմամբ: «Եղել է դեպք, երբ զգացել ենք, որ ամուսինն ավելի շատ է ուզում, որ կինը փոխնակ մայր դառնա, քանի որ մեքենան փչացել է, ուզում է վերանորոգել այն, եւ պարտադրում է կնոջը: Քավ լիցի, նման գործարքի մեջ չենք մտել երբեք: Անմարդկային որևէ գործողություն չի կատարվում»,- ասաց Դ. Մխիթարյանը:
Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը կողմ է, որ արգելվի միջնորդությամբ զբաղվողների գործունեությունը, ինչպեսև արգելվի օտարերկրյա քաղաքացիներին օգտվել հայ փոխնակ մայրերի ծառայություններից: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց. «Կարող են ուրիշ երկրներում նրանց հետ վարվել այնպես, ինչպես տեղի ունեցավ, երբ մարդկանց Շրի Լանկայում անմարդկային պայմաններում պահեցին, տված փողն էլ հազիվ հերիք եղավ հետ գալուն: Մենք պիտի ավելի շատ բարոյական կողմի վրա հենվենք»:
Իսկ այն դիրքորոշմանը, թե բացառվում է, որ կնոջը կարող են տեղափոխել այլ երկիր և այնտեղ շահագործման ենթարկել, այնքան էլ հիմնավոր չէ: Մասնավորապես` երկու տարի առաջ աղմկահարույց մի դեպք եղավ Թաիլանդում. վիետնամցի կանանց խաբել և ստիպել էին երեխա ունենալ պատվիրատուների համար:
Սակայն միջնորդներին խնդրի պատճառ դիտարկել միանշանակորեն չի կարելի: Բանն այն է, որ կան կանայք, որոնք գործում են առանց միջնորդի, կարող են ինքնուրույն պատվիրատու գտնել, գործարքի մեջ մտնել: Օրինակ` քիչ չեն հայերի կողմից ռուսական և ամերիկյան պորտալներում տեղադրված հայտարարությունները` փոխնակ մայր լինելու վերաբերյալ:
Սրա վերաբերյալ «Սիրունյան» փաստաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան Ա. Սիրունյանը նշեց որ չխաբվելու համար միայնակ գործել խորհուրդ չի տրվում: «Սիրունյան» գրասենյակը փոխնակ մայրերի և պատվիրատուների միջև պայմանագրեր կազմելու հարցերով զբաղվում է արդեն 5 տարի: Փաստաբանը նշեց, որ մինչև 14 էջանոց պայմանագրեր են կազմվում, որոնցում հաշվի են առնվում բոլոր հանգամանքները` ենթադրյալ վեճերը կանխելու համար: Եվ մինչ օրս խնդիրներ չեն եղել: Նրա խոսքով` ընդամենը պետք է հստակեցվի, որ պատահական մարդիկ չպետք է զբաղվեն միջնորդությամբ:
Կոմերցիոն փոխնակության դեպքում իրավունքների ոտնահարման դեպքերը նվազեցնելու տարբերակ կարող է լինել այն, որ պետությունը կամ որևէ այլ կառույց հանձն առնի փոխնակ մորը փոխհատուցելու ծախսերը: Օրինակ` այս տարվա հոկտեմբերին իր գործունեությունը սկսելու մասին հայտարարեց «Արագիլ» բարեգործական հիմնադրամը, որի նպատակը անպտղության խնդիր ունեցող զույգերին աջակցելն է:
Սակայն Yerkir.am-ի հետ զրույցում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, գինեկոլոգ Կարինե Թոխունցն ասաց, որ հիմնադրամը փոխնակ մայրերի հարցով չի զբաղվելու: Հիմնադրամը վճարելու է բժշկական ցուցում ունեցող զույգերի համար արտամարմնային բեղմնավորման մեկ փուլի համար, որի արժեքը միջինում 1.5 միլիոն դրամ է: Իսկ ինչ վերաբերում է փոխնակ մայրությանը, Կ. Թոխունցն ասաց, որ նման դեպքում հիմնադրամը կարող է վճարել արտամարմնային բեղմնավորում կատարելու համար, իսկ փոխնակ մոր ծախսերն ու պահանջները պետք է կատարեն պատվիրատուները: «Մենք չենք կարող փոշիացնել մեր գումարները, քանի որ ցանկանում ենք հնարավորինս շատ բալիկներ ծնվեն»,- ասաց նա:
Կոմերցիոն փոխնակության մասին զրուցեցինք նաև առողջապահության նախարարության մայրության և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի հետ: Նա նշեց, որ եթե նախարարությունը դեմ լիներ դրան, ապա դա կարտացոլվեր օրենքում:
Իսկ առանց շահույթի փոխնակ մայր լինելը Գ. Ավագյանը գրեթե անհնար է համարում. «Ոչ մի կին առանց դրա օտար պտուղ չի կրի, չի ծննդաբերի ու տա ուրիշին»: Նա հավելեց, որ բացառություն կարող են լինել այն կանայք, ովքեր համաձայնում են փոխնակ մայր լինել` բարեկամին օգնելու համար:
«Վիտրոմեդ» ԲԿ-ի տնօրեն Հակոբ Մելիքյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ քիչ չեն ազգականին օգնող` անշահախնդիր փոխնակ մայրերը, սակայն, թե նրանք ո՞ր տոկոսն են կազմում, հստակ պատասխան չտվեց: Գ. Ավագյանը նույնպես թվեր ներկայացնել չկարողացավ, քանի որ մինչ օրս չկա տվյալների միասնական ռեգիստր, որտեղ կհավաքվի բոլոր կլինիկաներից ստացված ինֆորմացիան:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ