կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-21 15:59
Հասարակություն

Բիզնեսն անտառից պետք է հանենք, ապօրինի ծառահատումները մեծ ծավալների են հասել. Արծվիկ Մինասյան

Բիզնեսն անտառից պետք է հանենք, ապօրինի ծառահատումները մեծ ծավալների են հասել. Արծվիկ Մինասյան

Այսօր Անտառների պահպանության միջազգային օրն է: Լրագրողների հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ Անտառային պետական կոմիտեի փոխանցումը գյուղատնտեսության նախարարության կազմից բնապահպանության նախարարության կազմ, նոր էջ կբացի համակարգում: Նախարարի խոսքով՝ առաջին անգամ է, որ ստեղծվում է գերատեսչական կառույց, որն ունենալու է շատ ավելի լայն լիազորություններ անտառների զարգացման, պահպանության ոլորտում:

«Մեր հիմնական խնդիրն անտառների կայուն կառավարման համակարգի ձևավորումն է, անտառային տարածքների և անտառների ներսում առողջ հատվածների ձևավորումն այնպես, որպեսզի կենսաբազմազանությունն իր ողջ կազմով լիարժեքորեն հնարավորություն ունենա ազատ և վստահ գոյություն ունենալու մեր անտառային տարածքում: Սա նշանակում է, որ էականորեն սահմանափակվելու են անտառների նկատմամբ ճնշումները, դրանց շահագործումը, այլ կերպ ասած՝ անտառներից օգուտը լինելու է բացառապես պահպանության սկզբունքի վրա հիմնված»,- ասաց նախարարը:

Մինասյանի խոսքով՝ ոլորտի հիմնական խնդիրն այն է, որ ոչ միայն անտառների կառավարման ոլորտում կարողանան պատշաճ ֆինանսավորում ապահովել պահպանություն իրականացնող ծառայություններին, նաև այն ենթակառուցվածքների ստեղծման և անտառամերձ համայնքների բնակիչներին գործընկեր դարձնել: Ըստ նախարարի՝ մարդիկ պետք է կարողանան, օգտվելով անտառային բարիքներից, նպաստել ավելի բարեկեցիկ անտառ ունենալու ծրագրերի իրականացմանը: «Սա նշանակում է նաև մասնավոր սեկտորի ֆինանսավորում՝ թե' որպես սոցիալական պատասխանատվություն, թե' որպես բիզնես: Ի դեպ, բիզնես ասելով, պետք է հասկանանք, որ խոսքը, օրինակ, անտառի տված հնարավորությունը հանգստի գոտու վերածելու մասին է, կամ` էկոզբոսաշրջության իրականացման ծրագրերի, բայց ոչ երբեք անտառը շահագործելու, վնասելու միջոցով ինչ-որ բանի հասնելու մասին»:

Բնապահպանության նախարարը ցավով արձանագրեց, որ մեր երկրում բավական մեծ ծավալների են հասել ապօրինի ծառահատումները, որոնք հանգեցրել են ոչ միայն ստվերային գործունեության, այլ նաև անխնա հատումների՝ առանց մասնագիտական մոտեցումների: Նախարարի գնահատականով՝ անտառը գերշահագործվում է ապօրինի գործողությունների արդյունքում: «Մեր նպատակն է, որպեսզի սանիտարական խնամքի և օրենքով թույլատրված, բնապահպանական նորմերին համապատասխանող հատումները տեղափոխվեն օրինական դաշտ, այն պետք է ունենա հստակ պատասխանատու՝ ի դեմս «Հայանտառ»-ի կամ նրա կողմից կազմակերպված մրցույթի հիման վրա անհրաժեշտ մասնագիտական կազմի: Այսինքն՝ անտառահատումը՝ օրենքի շրջանակներում և բնապահպանական կանոններին համապատասխան, պետք է օգնի անտառի վիճակի բարելավմանը: Ըստ մասնագիտական հանձնաժողովների նախնական գնահատման՝ այս տարի նախատեսված է  մինչև 90 000 խմ տարածքում հատումներ իրականացնել: Սակայն մինչև յուրաքանչյուր տարածքի հատում իրականացնելը, մասնագիտական հանձնաժողովը պետք է տա եզրակացություն՝ արդյո՞ք դա համապատասխանում է բոլոր չափանիշներին»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ յուրաքանչյուր հաջորդ հատում պետք է անպայման նախորդ հատման տվյալների հիման վրա իրականացվի:

Արծվիկ Մինասյանի հավաստմամբ՝ իրենք քայլեր են իրականացնում բիզնեսն անտառից հանելու ուղղությամբ, և այս խնդիրը լուծելու համար հարկավոր է, որպեսզի վառելափայտի նկատմամբ պահանջարկը նվազեցվի: Նախարարի խոսքով՝ անտառամերձ համայնքներում փորձում են իրականացնել ավելի ջերմախնայող տեխնոլոգիաների ներդրում և մարդկանց եկամուտների բարձրացումն ապահովել, որպեսզի նրանք ի վիճակի լինեն վճարել բնակարանը ջեռուցելու համար: