կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-04 14:36
Հասարակություն

Փոխնակ մայրեր. վճարում են սեփական երեխային լույս աշխարհ բերելու դիմաց

Փոխնակ մայրեր. վճարում են սեփական երեխային լույս աշխարհ բերելու դիմաց

24-ամյա Նունեն (անունը փոխված է` կնոջ խնդրանքով), որպես փոխնակ մայր, նախորդ տարվա սեպտեմբերին է ծննդաբերել: Երեխային հանձնել են կենսաբանական ծնողներին: Պատմում է, որ այդ քայլին դիմել է ֆինանսական ծանր վիճակից դուրս գալու համար. «Իհարկե, էդքան էլ հեշտ չէր էդ որոշումն ընդունելը: Ուղղակի ես ամուսնացած-բաժանված եմ, երեխա ունեմ, որին պահելու համար գումար էր պետք»:

 

Թեև վերջին շրջանում շատ են խոսում փոխնակ մայրության, վերարտադրողական այլ տեխնոլոգիաների մասին, սակայն հասարակությունն, այնուամենայնիվ, միանշանորեն դրական վերաբերմունք չունի բժշկության առաջընթացին: Թե ինչպե՞ս էին վերաբերվում հարևան-բարեկամները, Նունեն ասաց. «Իմ ծնողները Հայաստանում չէին, հետո, որ իմացան, մի քիչ տարաձայնություններ ունեցանք, բայց հետո իրենք էլ հասկացան, որ իմ երեխային պահել էր պետք: Դե, շատ մոտիկները գիտեին, իսկ հարևանները, ինձ չի հետաքրքրում, թե ինչ էին մտածում, չնայած շատերը մտածում են իբր ինչ-որ մեկից ունեցել եմ ու հանձնել եմ մանկատուն, բայց դե ես ասել եմ, որ փոխնակ մայր եմ եղել: Կարող է ինձ մոտ են նորմալ արտահայտվում, բայց ուրիշ բան են մտածում»:

 

Իսկ Հայաստանում կոնսուլտացիոն բուժանձնակազմը նույնիսկ  չի էլ իմացել, որ Նունեն փոխնակ մայր է, քանի որ արտամարմնային բեղմնավորումը ու հետագայում ծննդաբերությունը եղել է Մոսկվայում` ազգությամբ հայ, սակայն ՌԴ քաղաքացի պատվիրատու զույգի պահանջով:

 

Նունեն գոհ է նրանցից, վճարել են խոստացածի համաձայն և հոգացել բոլոր ծախսերը. «Բեղմնավորումից հետո 10 հազար, իսկ ծննդաբերությունից մեկ ամիս առաջ էլ 15 հազար դոլար են տվել: Ես իրենցից շատ գոհ եմ»:

 

ՀՀ-ում վերարտադրողական տարիքի բնակչության 17%-ն անպտղության խնդիր ունի, այսինքն` մոտավոր հաշվարկներով` 9000 զույգ բախվում է սրան: Եվ որոշ դեպքերում, երբ, օրինակ, կինը չունի արգանդ, սակայն ձվաբջիջները նորմալ արտադրվում են, հարցը լուծվում է միայն փոխնակ մայրերի օգնությամբ:

 

Հայաստանում փոխնակ մոր ծառայություններից օգտվելը բավականին շահավետ է: Surrogate Clinics միջազգային կազմակերպության կայքում, մասնավորապես, կարդում ենք, որ ՀՀ-ում ցածր գներ են` գերազանց որակյալ ծառայությունների դեպքում:

 

Ի դեպ, Yerkir.am-ի հետ զրույցում «Վիտրոմեդ» ԲԿ-ի տնօրեն Հակոբ Մելիքյանն ասաց, որ արտամարմնային բեղմնավորման մեկ փուլի արժեքը 1.4-1.7 միլիոն դրամ է: Անպտուղ զույգերի համար սերմնաբջիջների դոնորներ, փոխնակ մայրեր գտնելու հարցերով զբաղվող «Առողջ միտք» ՍՊԸ-ի ղեկավար Դավիթ Մխիթարյանը նշեց, որ փոխնակ մայր վարձելու դեպքում պատվիրատու զույգը կարող է ծախսել միջինում 25 հազար դոլար` կախված այն բանից, թե կնոջը ամսական ինչքա՞ն են վճարում, բնակարան վարձո՞ւմ են նրա համար և այլն:

 

«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն` Հայաստանում փոխնակ մայր կարող է լինել 18-35 տարեկան առողջ, բժշկական հակացուցումներ չունեցող կինը: Սակայն ներկայումս օրենսդիրը մշակել է օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ, համաձայն որի` փոխնակ մայր կարող է լինել 20-35 տարեկան և մեկ անգամ ծննդաբերած կինը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում իրավաբան Հայարփի Զարգարյանը նշեց, որ, տարիքային ներքին շեմը բարձրացնելուց բացի, պետք է բարձրացնել նաև վերին շեմը. «Պրակտիկայում լինում են դեպքեր, երբ ընտանիքի ազգականի կողմից առաջարկվել է օգնել զույգին` փոխնակ մայրության ճանապարհով երեխա ունենալ: Անձը բոլոր հնարավորություններն ունի փոխնակ մայր լինելու, սակայն առաջ է գալիս տարիքային հարցը: Ես կարծում եմ, որ առավելագույն 35-ը սահմանելը միանշանակ չպետք է լինի, որոշ դեպքերում պետք է բացառություններ արվեն»:

 

Ինչ վերաբերում է երկրորդ նախապայմանին, այն է` մեկ անգամ ծննդաբերած լինելը, ապա Հ. Մելիքյանը բացատրեց. «Սովորաբար, խնդիրները լինում են առաջնեկի ժամանակ, իսկ երկրորդ հղիության դեպքում կինը և' ֆիզիկապես, և' հոգեբանորեն պատրաստ է լինում: Եթե նա առաջինը նորմալ ծննդաբերել է, ապա դա ցուցանիշ է, որ նա կարող է երկրորդին էլ նորմալ ունենալ»:

 

Կա նաև հոգեաբանական կողմը. ենթադրվում է, որ եթե կինն իր երեխան ունի, ապա երկրորդ ծննդաբերության ժամանակ ծնված երեխային իրենից հեռացնելը հոգեկան տրավմա չի առաջացնի: Ի դեպ, մեզ հետ զրույցում Նունեն պատմեց, որ հոգեբանների օգնությամբ է կարողացել հաղթահարել այդ դժվար ճանապարհը. «Հոգեբանների հետ աշխատելով ես հասկացա, որ եթե գնացել եմ այդ քայլին, ապա պետք է վաղը-մյուս օրը թողնեմ ու հեռանամ: Բնականաբար, եթե նա իմ մեջ էր, ես իրեն սիրում էի  ու ընդունում էի` որպես իմ երեխա, բայց ես գիտեմ, որ իր փոխնակ մայրն եմ ընդամենը, ու նա ինձ հետ ոչ մի կապ չունի»:

 

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք կրկին փոխնակ մայր կլիներ, Նունեն պատասխանեց. «Չէ, ես հիմա ունեմ ընտրյալ, ում հետ պիտի ամուսնանամ, մի էրեխա ունեմ: Հաստատ էդ քայլին չեմ գնա»:

 

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Հ.Գ. Առաջիկայում կանդրադառնանք փոխնակ մայրերի` շահագործման ենթարկվելու ռիսկերին, կոմերցիոն նպատակներով փոխնակ մայրությունը արգելելու առաջարկություններին: