Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովում սկսվել են 2015 թվականի բյուջեի քննարկումները: Հիմնական ելույթը վարչապետ Հովիկ Աբրահամյանինն էր: Նա նշեց, որ պետական բյուջեի նախագիծն ունի հստակ սոցիալական ուղղվածություն, որի մասին վկայում է այն հանգամանքը, որ բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը՝ 47.9 տոկոսը, հատկացված է սոցիալական և մշակութային բնագավառներին: Միայն կրթության, սոցիալական պաշտպանության ու առողջապահության ոլորտներում պետական ծախսերը 2015 թվականին կազմում են շուրջ 596 միլիարդ դրամ, որը գերազանցում է 2014-ի մակարդակը՝ 25 միլիարդ դրամով:
Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ այս տարի շարունակվելու է ֆինանսական աջակցության ցուցաբերումը ԼՂՀ-ին, նախագծով նախատեսվում է շուրջ 45 միլիարդ դրամ:
Տնտեսական քաղաքականության հիմնական շեշտադրումները երկուսն են լինելու՝ գործարար միջավայրի բարելավում ու արտահանման զարգացում և հիմքային ոլորտների զարգացում:
«Տնտեսաիրավական հարաբերությունները պետք է ծառայեն պետության նկատմամբ գործարարների վստահության ամրապնդմանը՝ որպես երկրում բարձր գործարար ակտիվության և կայուն հոսքերի ներգրավման երաշխիք»,- ասաց վարչապետը:
Վարչապետը շեշտեց բյուջեի նախագծում ընդգրկված ԱԱՀ-ի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը, ինչի նպատակն է պետության և տնտեսվարողի համար միևնույն պայմաններ սահմանել ու բացառել երկակի ստանդարտները:
Հովիկ Աբրահամյանն իր խոսքում մի քանի անգամ շեշտեց. «Մեր թիրախը խոշոր բիզնեսն է, իսկ փոքր բիզնեսը դիտարկվում է որպես զբաղվածության աղբյուր»:
Այնուհետև վարչապետը ներկայացրեց այն քայլերը, որոնք ուղղվելու են արտահանման խթանմանը դեղագործության, կոնյակագործության, ոսկեգործության, ադամանդագործության, թեթև արդյունաերության ոլորտների համար: Նշեց, որ գյուղն իր հոգսով կշարունակի մնալ կառավարության ուշադրության կենտրոնում, այդ ուղղությամբ կշարունակվի վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման քաղաքականությունը: 2015թ. շարունակվելու է Հյուսիս-հարավ և այլ ճանապարհների շինարարությանը, Սևանա լճի էկոլոգիական միջավայրի պահպանումը, անողոք պայքար է տարվելու ապօրինի հորատանցքերի դեմ և անցնելու են ավելի խնայողական տեխնոլոգիաների կիրառման:
«Հուլիսի 1-ից հինգ հազար դրամով ավելանալու է նվազագույն աշխատավարձը»,- ազդարարեց վարչապետը:
Անդրադառնալով հասարակական խնդիրներին` կառավարության ղեկավարը նշեց, որ շարունակելու են հասարակական պահանջներին ականջալուր լինելու քաղաքականությունը, այդ առումով` կառավարության աշխատանքը շարունակելու է լինել բաց ու թափանցիկ:
«Օրինակ` ձախողված կառուցապատումներից տուժած բնակիչների խնդրի լուծումը, որոնց արդեն անձամբ եմ ճանաչում»,- մեջբերեց վարչապետը:
Անդրադարձ կատարվեց նաև աղմկահարույց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության մտադրությանը: Վարչապետը նշեց, որ այդ ոլորտում կան ռիսկեր ու չարաշահումներ, որոնք մեծ վնաս են հասցնում բյուջեին:
Վերջում վարչապետը նշեց, որ 2015-ի բյուջեի փաստաթուղթն ամենապրագմատիկ փաստաթուղթն է, որը թվում է, թե պետք է զերծ լիներ քաղաքական շահարկումներից, սակայն պրակտիկան ցույց է տվել, որ քննարկումների ընթացքում հնարավոր չէ դրանից ամբողջությամբ զերծ մնալ: Այնուամենայնիվ, վարչապետը կոչ արեց քննարկումների ժամանակ զերծ մնալ պոպուլիզմից ու ավելորդ քաղաքականացվածությունից, չմտածել միմիայն լոբբինգի մասին ու ծավալել առողջ քննարկումներ:
«Ծախսելու ենք այնքան, որքան ունենք, չենք կարող թույլ տալ մեզ ավելորդ շքեղություն, իրավունք չունենք խախտելու բյուջեի ողջամտության մասը ու ծախսերն ուղղելու հօգուտ միայն մեկ ոլորտի»,- ասաց վարչապետը: