կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-13 16:34
Քաղաքական

Եթե մարդը չի կարող 200 դրամ վճարել, ուզում է` վարորդը փողկապով լինի, թրաշված, օծանելիքով. Արծվիկ Մինասյան

Եթե մարդը չի կարող 200 դրամ վճարել, ուզում է` վարորդը փողկապով լինի, թրաշված, օծանելիքով. Արծվիկ Մինասյան

Ուղևորափոխադրումների գնի հարցն այն հարցն է, որը փողոց կարող է դուրս բերել հազարավոր մարդկանց: Երևանում բողոքի նման ալիք եղել է, երբ պատրաստվում էին բարձրացնել տրանսպորտի ուղեվարձը. այսօր ԱԺ նիստում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, երբ քննարկվում էր «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

 

Նրա խոսքով՝ ուղևորափոխադրման գնի սահմանման այնպիսի բանաձև պետք է աշխատի, որի որոշման մեջ ներգրավված լինեն, թե' շարքային քաղաքացին, ով օգտվում է այդ ծառայությունից, թե' օբյեկտիվ չափանիշներ, թե' տրամաբանական չափանիշներ: Այնինչ` օրենքի փոփոխությամբ չկա այդ մասնակցային գործընթացը: Պետությունը ստեղծել է գործիք՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որը չափորոշիչներ է սահմանում` գնի հետ կապված:

 

«Չկա սպառողի՝ այդ ծառայությունից օգտվելու հնարավորությունը: Մինչդեռ քննարկվող օրենքի հիմնարար դրույթներից մեկը տրանսպորտից օգտվողների շահերի պաշպանությունն է: Իսկ դա միայն ուղևորին անվտանգ տեղ հասցնելը չէ, այլ նրան այդ հնարավորության ընձեռումը: Եվ եթե սպառողը հնարավորություն չի ունենալու այդքան ուղևորավարձ վճարել, ինչքան ուզում եք՝ սիրուն բառերով ներկայացրեք, որ վարորդը պետք է փողկապով լինի, թրաշված, օծանելիքով… Բայց եթե մարդը հնարավորություն չունի վճարելու 200 դրամ, որ նստի այդ տրանսպորտը, չի էլ կարողանա իրեն թույլ տալ վարորդի ֆրանսիական օծանելիքի բույրը շնչել, ուրեմն հաշվի չի առնվում սպառողի շահը: Լուծումներ չկան այս օրենքում»,- ասաց պատգամավորը:

 

Նա, միաժամանակ, նշեց, որ օրինագիծն ունի որոշ դրական նորմեր, դրանցից մեկն է «օպերատոր» հասկացության սահմանումը, նաև այն, որ թեթևացվում է լիցենզավորումը, սակայն ուղևորափոխադրումների քաղաքականությունը չի փոխվել:

 

Պատգամավորը հարցրեց, թե ինչո՞ւ նախագիծը մեկ ամողջական փաթեթով չի ներկայացվել: «Գուցե դրա նպատակն այն է, որ շոշափեն հասարակական տրամադրություննե՞րը: Եթե դա է նպատակը, ուրեմն կարելի էր մի հրապարակային քննարկում կազմակերպել այս թեմայով: Հակառակ դեպքում` ստացվում է, որ ներկայացվում է մի փաստաթուղթ, որն առաջին հայացքից գեղեցիկ փաթեթավորված գաղափարով է, սակայն բովանդակություն չկա»,- ասաց նա:

 

Մինասյանը նշեց, որ իր մտահագությունն այն է, որ ուղևորափոխադրումները օպերատորի միջոցով կազմակերպելու հարցն ունի բազմաթիվ հարցեր, թե ի՞նչ հարաբերության մեջ է մտնելու մասնավոր սուբյեկտը ուղևորափոխադրում իրականացնող օպերատորի հետ, հանրային սեփականության ինչպիսի՞ օբյեկտներ պետք է ունենա օպերատորը, ո՞ւմ են պատկանում այն երթուղիները, որոնք պետք է սահմանվեն: