Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, պատասխանելով էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ բազմաթիվ հարցերին, նշեց, որ իր համար ակնհայտ է` բաշխիչ ցանցերում հայտնաբերված չարաշահումները վնաս են տվել պետությանը, որովհետև տարբեր տիպի գնումները մտել են սակագների մեջ, իսկ սակագնով պատճառված վնասը վնաս է պետությանը:
Պատգամավորը վստահ է, որ նման խոշոր ու մենաշնորհային դիրք ունեցող հիմնարկների նկատմամբ պետք է գործի այլ վերաբերմունք, նրանք պետք է գործեն բացառապես հրապարակային, թափանցիկ, այլ ոչ թե այսօրվա պես` փակ շղթայով:
«Միանշանակ, ՀԾԿՀ-ն պետք է և իրավունք ուներ մերժելու ՀԷՑ-ի հայտը սակագնի բարձրացման վերաբերյալ: Ըստ էներգետիկայի մասին օրենքի` կարգավորման հիմնական սկզբունքներից մեկը ծառայություն մատուցողների և սպառողների շահերի հավասարակշռումն է»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ բացատրելով, որ եթե առաջարկ ներկայացնողը ծառայություն մատուցող ՀԷՑ-ն է, ապա դրա դիմաց պահանջարկի հատվածը սպառողներն են ներկայացնում: ՀԾԿՀ խնդիրն է ուսումնասիրել պահանջարկի կառուցվածքը և դրա ընդունելի գինը:
Հիշեցնենք, որ 6,9 դրամով էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու դեպքում մեկ կիլովատտի դիմաց վճարելու ենք 47 դրամ:
«Եվ եթե պահանջարկի գինը ՀԾԿՀ-ն ուսումնասիրի, կտեսնի, որ ակնհայտորեն 30 դրամից ավելի հանրային պահանջարկ չի կարող ձևավորվել: 30 դրամն այն գինն է, որի դեպքում սուբյեկտները կարող են բնականորեն սպառել այդ էլեկտրաէներգիան: 30 դրամը առավելագույն գինը պետք է լինի, և եթե ներկայացվել է դրանից ավելի բարձր սակագին, ուրեմն ՀԾԿՀ-ն պետք է մերժի այդ հայտը, որովհետև հավասարակշռում տեղի չի ունենում»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Պատգամավորի խոսքով՝ այսօր մենաշնորհային դիրքը ՀԷՑ-ի համար երկու ուղղությամբ է իրականացվում: ՀԷՑ-ը էլեկտրաէներգիա արտադրողներից միակ գնորդն է և այդ էլեկտրաէներգիայի միակ վաճառողը: Երկու դիրքում էլ միակն է: ՀԾԿՀ-ն և կառավարությունը, Մինասյանի համոզմամբ, չեն ուսումնասիրել պահանջարկի կառուցվածքը՝ սահմանելով նոր բարձր սակագին: